Նախկին ազատամարտիկը ՀՀ պաշտպանութեան նախարարին յորդորում է չսպանել իրեն


Նախկին ազատամարտիկը ՀՀ պաշտպանութեան նախարարին յորդորում է չսպանել իրեն

  • 16-11-2012 08:28:05   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

Նախկին ազատամարտիկ, Տող գիւղի ջոկատի կազմակերպիչ եւ հրամանատար Ս. Սարգսեանը օրերս կրկին անգամ բաց նամակով դիմել է հհ պաշտպանութեան նախարար Ս.Օհանեանին, խնդրելով վերադարձնել իր կարծիքով պաշտպանութեան նախարարութեան պարտքը իրեն` որպէսզի ինքը կարողանայ վերականգնել իր առողջութիւնը: Նրա պնդմամբ ԼՂՀ պաշտպանութեան նախարար եղած ժամանակ հէնց Սեյրան Օհանեանի կարգադրութեամբ է ԼՂՀ ՊՆ կարիքների համար իրենից բռնազաւթուել Ստեփանակերտի Հեքիմեան 1 շէնքի 39 բնակարանը, որը երկար տարիներ չի վերադարձուել, անգամ դատարանի վճիռը իր` սեփականատէր Սլաւիկ Սարգսեանի օգտին օրինական ուժի մէջ մտնելուց յետոյ: Երկրորդ կարգի հաշմանդամութիւն ունեցող նախկին ազատամարտիկը գտնում է, որ ԼՂՀ ՊՆ կամ նախարար Ս.Օհանեանը տարիներ ի վեր բնակարանի «բռնի վարձակալութեան» համար իրեն պարտք է զգալի մի գումար, որը վերադարձնելու պարագայում ինքը կարող է վերականգնել իր առողջութիւնը եւ անգամ փրկել կեանքը: Բաց նամակում նախկին ազատամարտիկը թուարկելով իր ներդրումը արցախեան ազատամարտին մասնաւորապէս գրում է. «Արցախեան բանակ ստեղծելու համար մինչեւ 1990թ. 20 000 000 ռուբլուց աւել գումար եմ ներդրել, 4 000 000 ռուբլի տրամադրել էկոնոմիկան զարգացնելու համար, 3000 տ-ոց սառնարան եմ ուղարկել Տող գիւղ, 4 000 000 ռուբլուց աւելի օգնութիւն եմ տուել զոհուած ընտանիքներին (շտաբի պետ Գրիգորեան Վիգէն, ծառայութեան գծով տեղակալ Արմէնչոյ, Դանիէլեանների ընտանիք` բացի երկու երեխաներից, որոնք թաքնուել էին մահճակալի տակ, 1988թ. թուրքերը կոտորել էին): Տող գիւղը, որտեղ ես ստեղծել եմ իմ ջոկատը, կիսով չափ լցուած է եղել թուրքերով եւ 200-ից աւելի ադրբեջանական ամոնով: Իմ ջոկատը ունէր մօտ 1000 անդամ: Քաղաք Ստեփանակերտի Հեքիմեան 1 շէնքի 39 բնակարանը եղել է Ձեր տրամադրութեան տակ, որն օգտագործել էք առանց ինձ տեղեկացնելու եւ պարտք էք ինձ 12 000 000 դրամ: Գրաւոր դիմել եմ Ձեզ, որ վերադարձնէք ինձ հասանելիք գումարը, սակայն պատասխան չեմ ստացել: Խնդրում եմ վերադարձնել իմ գումարը կամ գրաւոր պատասխանել այն չվերադարձնելու պատճառների մասին: Գումարն ինձ անհրաժեշտ է բուժման համար, քանի որ առողջական վիճակս ծանր է: Խնդրում եմ չպատասխանել, որ II կարգի հաշմանդամները անվճար բուժում են ստանում, քանի որ Երեւանի տասից աւել հիւանդանոցներում պառկել եմ, սակայն ոչ մի անվճար դեղ կամ բուժում չեմ ստացել: 2010-2011թթ. մօտ 2 000 000 դրամ գումար եմ ծախսել դեղի եւ բուժման վրայ: բազմիցս դիմել եմ Ձեզ եւ առողջապահութեան նախարար Հ. Քուշկեանին բուժման համար, սակայն օգնութիւն չեմ ստացել: Խնդրում եմ Ձեզ վերադարձնել իմ 12 000 000 դրամը բուժումս իրականացնելու համար: Չվերադարձնելու դէպքում կը նշանակի, որ Դուք կանխամտածուած ինձ սպանում էք, քանի որ ես գումար չունեմ բուժուելու: Նաեւ խնդրում եմ յարգել կռուած տղաներին եւ գնահատել հայրենիքի համար կատարած իմ աշխատանքները: Թուրքերի հետ կռուից կենդանի եմ մնացել, հայերի ձեռքով սպանւում եմ»: Նշենք, որ ազատմարտիկը պնդում է, որ նամակը ՀՀ պաշտպանութեան նախարարութիւն է ուղարկուել մի քանի ամիս առաջ, բայց առ այսօր նրանց կողմից որեւէ արձագանք չի ստացել:
  -   Մարդու իրաւունքներ