ՀՀ 3 նախագահներից 2-ը կողմ են 100% համամասնականին


ՀՀ 3 նախագահներից 2-ը կողմ են 100% համամասնականին

  • 16-11-2012 07:56:21   | Հայաստան  |  Յօդուածներ
Ընտրական օրէնսգիրքը փոփոխելու մասին խօսւում է բոլոր ընտրութիւններից առաջ. այդ առումով փետրուարին կայանալիք ընտրութիւններին ընդառաջ Ընտրական օրէնսգրքում նորից փոփոխութիւններ կատարելու մասին խօսակցութիւնները պիտի որ սովորական լինէին: Բայց դրանք այս անգամ անսովոր են թերեւս այն պատճառով, որ առջեւում ոչ թէ խորհրդարանական, այլ նախագահական ընտրութիւններն են, իսկ փոփոխութիւնները, որոնք դրուել են սեղանին, վերաբերում են նախեւառաջ խորհրդարանին: Դրանք ընդամէնը երկուսն են` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ եւ անցում խորհրդարանական կառավարման համակարգին: Իսկ որ առաւել ուշագրաւ է` այդ փոփոխութիւնների անհրաժեշտութեան մասին ընտրութիւններից 3 ամիս առաջ սկսեց խօսել խորհրդարանական ԲՀԿ խմբակցութիւնը, որը մինչեւ 2012 թուականի մայիսի խորհրդարանական ընտրութիւնները, որպէս իշխանական կոլիցիայի անդամ, ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ միասին հեղինակել էր նոր Ընտրական օրէնսգրքի նախագիծ, որտեղ ամրագրւում էր խորհրդարանում տեղերի 41 մեծամասնական եւ 90 համամամասնական յարաբերակցութիւնը: Ի դէպ, ԲՀԿ-ն, որը նախագահական ընտրութիւններից առաջ որոշեց հանդէս գալ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկով, մայիսեան ընտրութիւնների ժամանակ նաեւ մեծամասնական ընտրատարածքներում յաղթանակների շնորհիւ կարողացաւ մեծացնել իր ներկայութիւնը Ազգային ժողովում: Աւելին, դարձեալ մայիսի խորհրդարանական ընտրութիւններից առաջ, երբ ՀՅԴ-ն խորհրդարանին ներկայացրեց 100 % համամասնական ընտրակարգ առաջարկող իր նախագիծը, ԲՀԿ-ն այն պաշտպանելու համար յատուկ ջանք չներդրեց` որոշելով, որ խմբակցութեան անդամները կը քուէարկեն ամէն մէկը իր խղճի մտօք: Հյդ-ի այս նախաձեռնութիւնը 4-րդ գումարման Ազգային ժողովում չընդունուեց, 5-րդ գումարման Աժ-ում խմբակցութիւնը դարձեալ որոշեց այս առաջարկութեանը օրէնքի ուժ տալ: Նախագծի ընդգրկումը օրակարգ ԱԺ պետաիրաւական հարցերի մշտական յանձնժողովը յետաձգեց մինչեւ 1 տարով, իսկ կառավարութիւնը դրան դրական եզրակացութիւն չի տուել: Կառավարութիւնը դրական եզրակացութիւն չի տուել նաեւ ՀԱԿ խմբակցութեան` Ընտրական օրէնսգրքում փոփոխութիւններ, այդ թւում նաեւ 100% համամասնական ընտրակարգ առաջարկող նախագծին. ԱԺ պետաիրաւական հարցերի մշտական յանձնժողովը այս նախագիծը դեռ չի քննարկել: Փոխարէնը դարձեալ մինչեւ մէկ տարով յետաձգել է ընդդիմադիր մէկ այլ խմբակցութեան` «Ժառանգութեան» ընտրական օրէնսգրքում փոփոխութիւններ առաջարկող նախագիծը: Այն, ի հարկէ, չի վերաբերում 100% ընտրահամակարգին, բայց «Ժառանգութիւնը» եւս վերջին շրջանում «Անմասն»չի եղել այս հարցի քննարկումներից, մասնաւորապէս, 4-րդ գումարման Աժ-ում Հյդ-ի հետ միասին մշակել էին օրէնսգրքին վերաբերող փոփոխութիւնների հիմնական կէտերը, որոնցից մէկն էլ վերաբերում էր 100% համամասնականին: Մի խօսքով, մինչ նախագահական ընտրութիւններին նախորդող այս պահը խորհրդարանական բոլոր ուժերը, բացի ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից, փորձել են օրէնքի ուժ տալ 100 տոկոս համամասնականի «տեսլականին»: Բացառութիւնն, ի հարկէ, ԲՀԿ-ն է, որը նախկին նախաձեռնութիւնները չի պաշտպանել, իսկ այժմ օրէնսդրական նախաձեռնութեամբ հանդէս գալու փոխարէն որոշել է հարցի շուրջ քաղաքական կոնսուլտացիաներ սկսել կուսակցութիւնների հետ: Ի դէպ, սա առաջին անգամն է նաեւ, երբ Ընտրական օրէնսգրքի հնարաւոր փոփոխութիւնների վերաբերեալ, ուղղակի կամ միջնորդաւորուած, յայտնի են հանրապետութեան 3 նախագահների դիրքորոշումները: Լեւոն Տէր-Պետրոսեանի ղեկավարած ՀԱԿ-ը կողմ է 100% համամասնական ընտրակարգին, Սերժ Սարգսեանի գլխաւորած ՀՀԿ-ն դրան դէմ է, Ռոբերտ Քոչարեանն էլ անձամբ է իր տեսակէտը յայտնել դրա շուրջ, այն է` որքան շուտ հրաժարուենք մեծամասնական ընտրակարգից, այնքան լաւ: parliamentmonitoring.am
  -   Յօդուածներ