«ՀՀ-ում ՏԻ համակարգի յետագայ զարգացման եւ ապակենտրոնացման ռազմավարական մօտեցումներ» փաստաթուղթը ներկայացուեց ՏԿՆ կոլեգիայի նիստում
16-11-2012 15:17:24 | Հայաստան | Տնտեսութիւն
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրուայ նիստում ներկայացուեց «Հայաստանի Հանրապետութիւնում տեղական ինքնակառավարման համակարգի յետագայ զարգացման եւ ապակենտրոնացման ռազմավարական մօտեցումներէ փաստաթուղթը: Այն մշակել է ոլորտի հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներից, փորձագէտներից կազմուած աշխատանքային խումբը` ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցութեամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպութեան կողմից իրականացուող «Քաղաքացիական հասարակութեան եւ տեղական ինքնակառավարման աջակցութիւն» ծրագրի շրջանակում:
«Քաունթերփարթ ինթերնեշնլ»կազմակերպութեան հայաստանեան ներկայացուցչութեան տնօրէն Ալեքս Սարդարի խօսքով` փաստաթղթի հիմնական նպատակը ապակենտրոնացման քաղաքականութեան հիմնախնդիրների ամբողջացումն է` երկրի կայուն զարգացման եւ ռազմավարական այլ ծրագրերին համապատասխան: Փաստաթղթի հիմնական խնդիրներից են տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման առաջնային ուղղութիւնների սահմանումը, ապակենտրոնացման պետական քաղաքականութեան հիմնական սկզբունքների, նպատակների ու ակնկալուող արդիւնքների նկարագրումը, քաղաքականութեան իրականացման հիմնական փուլերի, իրականացուող քայլերի ու միջոցառումների սահմանումը:
Ըստ հեղինակների`փաստաթուղթը ներառում է ապակենտրոնացման բոլոր բաղադրիչները. չորս գլուխները վերաբերում են վարչատարածքային բաժանման եւ միջհամայնքային համագործակցութեան, իշխանութեան եւ ֆինանսական ապակենտրոնացման, տեղական ժողովրդավարութեան, ՏԻՄ ընտրական համակարգի զարգացման հարցերին: Իւրաքանչիւր գլխում ներկայացւում են տուեալ ոլորտի հիմնախնդիրները եւ զարգացման առանցքային ռազմավարական ուղղութիւնները` կարճաժամկէտ, միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ հեռանկարի համար:
Նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը շնորհակալութիւն յայտնեց ԱՄՆ Մզգ-ին` ծրագրի աջակցութեան եւ աշխատանքային խմբին` հետաքրքիր փաստաթղթի մշակման համար: «Փաստաթղթում տեղ են գտել տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման տեսակէտից բոլոր կարեւորագոյն խնդիրները, ներկայացուած են գաղափարներ, որոնց շուրջ հնարաւոր է երկխօսութիւն ծաւալել»,-նշեց նա:
Միաժամանակ Ա. Գէորգեանն ընդգծեց լայն քննարկումների անհրաժեշտութիւնը եւ ողջունեց կոլեգիայի անդամ, ԱԺ պատգամաւոր Արայիկ Յովհաննիսեանի ` ԱԺ համապատասխան յանձնաժողովում փաստաթղթի վերաբերեալ լսումների կազմակերպման առաջարկը: Առաջարկուեց նաեւ քննարկումներ կազմակերպել հանրային խորհրդում: Ստացուած առաջարկութիւնների հիման վրայ այն կը լրամշակուի եւ կը հրապարակուի` որպէս վերջնական փաստաթուղթ, որը կարող է ոլորտի համար ուղենիշ դառնալ:
ՏԿՆ հասարակայնութեան հետ կապերի բաժնից յայտնում են, որ կոլեգիայի նիստի օրակարգային միւս հարցը վերաբերում էր ընթացիկ տարուայ հոկտեմբերի 12-13-ին Երեւանում կայացած հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի արդիւնքներին եւ երրորդ համաժողովի նախապատրաստմանը:
Առաջարկւում է որոշակի փոփոխութիւն կատարել համաժողովի ձեւաչափում եւ այն անցկացնել երկու հարթակում, որոնցից առաջինը առաւել գլոբալ` ազգային մակարդակով երկխօսութեան, գործարար համաժողովների, առեւտրաարդիւնաբերական ցուցահանդէսների կազմակերպման հնարաւորութիւն կը ստեղծի, իսկ երկրորդը կվերաբերի միջտարածաշրջանային մակարդակին` շեշտը դնելով մարզերում գործընկեր տարածաշրջանների միջեւ գործնական շփումների, տարաբնոյթ միջոցառումների կազմակերպման վրայ: