ԴԱՀԿ ապահովող ծառայութեան անգործութեան արդիւնքում քաղաքացին դիմել է Մարդու իրաւունքների պաշտպանին
16-11-2012 16:49:54 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
Արդէն եօթ ամիս է, ինչ Նելլի Ստեփանեանը չի կարողանում մուտք գործել իր բնակարան Արդարադատութեան նախարարութեան դատական ակտերի հարկադիր կատարումն /ԴԱՀԿ/ ապահովող ծառայութեան ոչ իրաւաչափ գործողութիւնների հետեւանքով: Օրէնքի համաձայն դատարանի կողմից տրուած կատարողական թերթի հիման վրայ ԴԱՀԿ ապահովող ծառայութիւնը պարտաւոր է երկու ամսուայ ընթացքում ապահովել վճռի պահանջի կատարումը` օգտագործելով պարտատիրոջ եւ/կամ պարտապանի միջոցները: Սակայն արդէն եօթերորդ ամիսն է, ինչ ԴԱՀԿ ապահովող ծառայութիւնը չի կարողանում միջոցներ գտնել կատարողական գործողութիւններն իրականացնելու համար, չնայած նրան, որ Նելլի Ստեփանեանը պատրաստակամութիւն է յայտնել տրամադրել բանուորական ուժ եւ տեխնիկական միջոցներ: Այդուհանդերձ ծառայութեան աշխատակիցները անտեսել են նրա առաջարկը` այդպէս էլ չկատարելով օրէնքի պահանջը:
Ամիսներ շարունակ ԴԱՀԿ ապահովող ծառայութեան անգործութեան արդիւնքում Նելլի Ստեփանեանը դիմել է Մարդու իրաւունքների պաշտպանին իր իրաւունքները վերականգնելու խնդրանքով:
Գործն ուսումնասիրելով` Պաշտպանը կայացրել է մարդու իրաւունքների խախտման որոշում:
Պաշտպանի աշխատակազմ
/Հեռախօս լրագրողների համար` 091 008812/