«Մանանա»-ն ինձ համար երկրորդ ընտանիքն է դարձել...է
16-11-2012 17:22:42 | Հայաստան | Հասարակութիւն
«Մեծ սէր, ջերմութիւն, ուրախութիւն, համախմբուած երիտասարդ ուժեր, օրհնութիւն…»,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Մանանա» երիտասարդական-քրիստոնէական ծրագրի մասնակիցների ուխտի մասին մեզ հետ իր տպաւորութիւններն է կիսում Մարիամ Մարիկեանը:
Օրերս Հայ Առաքելական Եկեղեցին տօնախմբեց Սուրբ Հրեշտակապետների եւ երկնային բոլոր զօրութիւնների տօնը: Այս առիթով «Մանանա»-ի անդամների մասնակցութեամբ կազմակերպուել էր ուխտերթ, որը մեկնարկեց Զուարթնոց տաճարից եւ աւարտուեց Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում` Սուրբ եւ Անմահ Պատարագի մասնակցութեամբ: Պատարագից յետոյ երիտասարդները հնարաւորութիւն ունեցան մասնակցել կազմակերպուած ֆլեշմոբային նախաձեռնութեանը. համատեղ ուժերով գունաւորելով տառերը` երիտասարդները ստացան ուխտի նշանաբանը`«Ձեր ամէն ինչը սիրով թող լինի»: Այս խօսքերը Պօղոս Առաքեալի` Կորնթացիներին ուղղուած նամակից են: «Նշանաբանը նպատակ ունէր «Մանանա»-ի երիտասարդներին յիշեցնելու սիրոյ մասին, որով պիտի առաջնորդուեն ամէն ինչում եւ ամէն մէկի հետ: Այն նաեւ բացականչութիւն ու կոչ էր փողոցով անցնողներին եւ ողջ մարդկութեանը` ամէն բանում սէրը գերադասել ամէն ինչից»,- ասում է ծրագրի կազմակերպիչներից տ. Յուսիկ քահանայ Սարգսեանը:
«Օրն անձրեւային էր, բայց մեր ընդհանուր ուխտը լուսաւորեց ու ջերմացրեց թէ՛ ներաշխարհը, թէ՛ օրը: Հաճելի էր տեսնել մարդկանց, որոնք հետաքրքրութեամբ հետեւում էին ճանապարհով քայլող ուխտաւոր հաւատացեալներիս` այդ թւում եւ հոգեւորականներին: Նման դէպքերում ստացւում է, որ «եկեղեցին» է քայլում մարդկանց ընդառաջ եւ փնտրում նրանց: Շարականներ երգելու պահին մտածում էի. «Ի՜նչ լաւ կը լինէր` մի օր այս ուրախութիւնը այցելէր փողոցով քայլող բոլոր հայերիս, եւ նրանք էլ մասնակիցը դառնային այս գեղեցիկ տօնին»: «Մանանա» ծրագիրը, բացի Աստծոյ խօսքը լիարժէք մատուցելուց, լաւ հնարաւորութիւն է տալիս երիտասարդներին հասկանալ, որ իրենք եկեղեցու անբաժանելի մասն են: Բայց կարեւոր է նաեւ մեր ստացած սերմերը ճիշտ ժամանակին ջրենք եւ անհոգ չլինենք դրանց հանդէպ, փոխանցէք միւսներին եւ սպառող չլինենք: Իսկ այն, ինչ անում ենք, օրուայ կարգախօսի համաձայն, սիրո՛վ թող անենք»,-ասում է Մալաթիայի Սբ Աստուածածին եկեղեցու Մանանա ծրագրի մասնակից, լեզուաբան-նշանագէտ Արմինէ Բարսեղեանը:
«Մանանան ինձ տուել է Աստծուն առաւել մօտ լինելու հնարաւորութիւն: Ուխտի թեբ քայլերթը, թեբ Պատարագը, որին մենք հետեւում էինք եկեղեցուց դուրս, որովհետեւ Հրեշտակապետաց եկեղեցում այլեւս տեղ չկար, թեբ մտերմիկ միջավայրը, թեբ ֆլեշ-մոբը յանգեցրին մարդկային ամենամեծ գաղափարին` «Ձեր ամէն ինչը սիրով թող լինի»- ասում է Մարիամը:
Այսուհետ Սրբոց Հրեշտակապետաց տօնը «Մանանա»ծրագրին մասնակից ամէն երիտասարդի համար լինելու է դէպի Էջմիածին ուխտի օր`, «Ուխտ, որի նպատակն է միասնութիւնը, աղօթքը, հոգեւոր նորոգումը եւ զօրացումը»,-նշում են ծրագրի կազմակերպիչները:
Սուրբ Գրքում մանանան անուանւում է «հրեշտակների հացէ: Կազմակերպիչների խօսքերով. «Ամենեւին պատահական չէ, որ, ի հետեւումն սաղմոսերգուի այս ակնարկի, «Մանանա» ծրագրի տարբերանշանում եւս պատկերուած են հրեշտակներ, ովքեր խորհրդանշում են երիտասարդներին. չէ՞ որ հրեշտակները մշտապէս երիտասարդ են, գործուն ու մշտաշարժ, Բարձրեալի կամքին հաւատարիմ եւ միասնական: Այսպէս եւ «Մանանա»-ի հրեշտակները տարբերանշանում ուս ուսի տուած` միասնականօրէն իրենց հայեացքը յառել են դէպի Փրկչական Խաչը` իրենք իրենցով մի մեծ խաչ կերտելով: Այս է «Մանանա» ծրագրին մասնակից իւրաքանչիւր երիտասարդի կոչումը, այս է ծրագրի նպատակը, քրիստոնեայ ամէն երիտասարդի ուխտը»:
Էջմիածնի Սբ Գայիանէ եկեղեցու Մանանա ծրագրի մասնակից լուսինէի համար «մանանաե-ն երկրորդ ընտանիքի պէս է դարձել, հնարաւորութիւն տուել լաւ ընկերներ ձեռք բերելու, իսկ ծրագրի իւրաքանչիւր հանդիպում անսահման ջերմութիւն ու սէր է տալիս:
«Մանանա»-ի նպատակն է «Օգնել երիտասարդներին ճանաչել Աստծուն, ծանօթանալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դաւանանքին եւ աւանդոյթներին, մասնակիցը դառնալ արդիական հարցերի եւ իրենց յուզող խնդիրների շուրջ բանավէճերի, ինչպէս նաեւ արդիական հարցերի վերաբերեալ ձեւաւորել քրիստոնէական աշխարհայեացք.,- նշում է ծրագրի կազմակերպիչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ներսէս սարկաւագ Ղազարեանը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականների հետ ամենշաբաթեայ զրոյց-քննարկումներն իրականացւում են մայրաքաղաք Երեւանում եւ մարզերում: Երիտասարդները հնարաւորութիւն ունեն նաեւ մասնակցելու աղօթքների, ուխտագնացութիւնների, ֆիլմերի դիտումների եւ տարաբնոյթ միջոցառումների: Հանդիպումները տեղի են ունենում եկեղեցիներում կամ եկեղեցիներին կից սրահներում:
Մարիամ Աւետիսեան