Ռուսաստանի Դաշնութեան Սանկտ-Պետերբուրգ քաղաքում անցկացուեց հայ լեզուաբանութեան IX միջազգային գիտաժողովը


Ռուսաստանի Դաշնութեան Սանկտ-Պետերբուրգ քաղաքում անցկացուեց հայ լեզուաբանութեան IX միջազգային գիտաժողովը

  • 19-11-2012 00:05:21   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սոյն թուականի նոյեմբերի 7-9-ը Ռուսաստանի Դաշնութեան Սանկտ-պետերբուրգ քաղաքում անցկացուեց հայ լեզուաբանութեան IX միջազգային գիտաժողովը (ICAL IX 2012): Նշեալ գիտաժողովը կազմակերպւում է չորս տարին մէկ, որին մասնակցում են ինչպէս հայ, այնպէս էլ օտարազգի հայերէնագէտներ, հնդրեւրոպաբաններ: այս անգամ գիտաժողովը կազմակերպուել էր ՌԴ Գիտութիւնների ակադեմիայի լեզուաբանական հետազօտութիւնների ինստիտուտի կողմից (2008 թուականին գիտաժողովն անցկացուել է Իսպանիայում): Գիտաժողովի կազմակերպմանն աջակցել էր նաեւ Պետերբուրգի հայ համայնքը: Բացման խօսքով հանդէս եկաւ ՌԴ ԳԱ լեզուաբանական հետազօտութիւնների ինստիտուտի տնօրէն Ն. Կազանսկին, ով եւս մէկ անգամ կարեւորեց հայերէնի դերը հնդեւրոպական լեզուների ուսումնասիրութեան հարցում: Նշուեց նաեւ, որ անհրաժեշտութիւն կայ վերականգնելու այն խորը գիտական համագործակցութիւնը, որ եղել է Խորհրդային Միութեան տարիներին: Եռօրեայ գիտաժողովի ծրագիրը խիստ յագեցած էր հետաքրքիր զեկուցումներով (տե'ս կցուած ծրագիրը), որոնք ընդգրկում էին հայոց լեզուի պատմութեան ողջ ընթացքը` հնդեւրոպական մայր լեզուի տրոհումից մինչեւ ժամանակակից արեւելահայերէն ու արեւմտահայերէն, բարբառագիտական ուսումնասիրութիւններ եւ ստուգաբանական աշխատանքներ: Գիտաժողովն աչքի ընկաւ նաեւ երիտասարդ լեզուաբանների մասնակցութեամբ, որոնք Սանկտ-պետերբուրգ էին ժամանել ինչպէս Հայաստանից, այնպէս էլ այլ երկրներից: Գիտաժողովը մեծ փորձ էր վերջիններիս համար ծանօթանալու հայ լեզուաբանութեան ներկայ ընթացքին, կարծիքներ փոխանակելու ոլորտի առաջատար գիտնականների հետ: Գիտաժողովի աւարտին գիտական նոր առաջարկներ ու գաղափարներ եղան, որոնք կը հրապարակուեն առաջիկայում: Դրանցից մէկը յաջորդ տարի հայ բարբառագիտութեան 100-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողովի կազամակերպումն է: Աւանդոյթի համաձայն` գիտաժողովի վերջին օրն է որոշւում նաեւ հայ լեզուաբանութեան միջազգային յաջորդ (այս դէպքում 10-րդ) գիտաժողովի անցկացման վայրը: Այսպիսով, մասնակիցների որոշմամբ 2016 թուականին գիտաժողովն անց է կացուելու Հայաստանում: Գիտաժողովային յագեցած օրերից զատ, մասնակիցները հնարաւորութիւն ունեցան նաեւ ծանօթանալու Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կեանքին, ինչպէս նաեւ լինել Էրմիատաժում:
  -   Մամլո հաղորդագրություն