Էդուարդ Նալբանդեանը հանդիպեց ԵՊՀ դասախօսների եւ ուսանողների հետ


Էդուարդ Նալբանդեանը հանդիպեց ԵՊՀ դասախօսների եւ ուսանողների հետ

  • 13-05-2011 20:32:40   | Հայաստան  |  Քաղաքական
Մայիսի 13-ին ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը այցելեց Երեւանի Պետական համալսարան, ուր հանդիպում ունեցաւ մայր Բուհ-ի պրոֆէսորա-դասախօսական կազմի եւ տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ: Հանդիպումը նախաձեռնել էր ԵՊՀ ուսանողական խորհուրդը` Հայաստանի Հանրապետութեան 20-ամեայ տարեդարձի շրջանակներում: Իր խօսքում Էդուարդ Նալբանդեանն ասաց. «Ձեզ երեւի թէ յաճախ են ասում, որ դուք էք երկրի ապագան: Դա պարզ ճշմարտութիւն է, եւ դրա վառ օրինակն է այն, որ հէնց այս համալսարանի շրջանաւատներն են հանդիսանում ԱԳՆ նորաստեղծ դիւանագիտական դպրոցի առաջին ունկնդիրներն ու շրջանաւարտները, որոնց մի մասն արդէն անցել է դիւանագիտական ծառայութեան: Այս երիտասարդները, որ դեռ երէկ նստած էին ձեր ուսանողական նստարաններին, այսօր արդէն աշխատում են արտաքին գործերի նախարարութիւնում եւ վաղը կերտելու են մեր երկրի արտաքին քաղաքականութիւնը: Դուք մօտաւորապէս նոյն տարիքն ունէք, ինչ մեր նորանկախ պետութիւնը, որի քսանամեակը լրանում է այս տարի:Դուք ծնուել էք մեր նորանկախ պետութեան հետ միասին եւ ինչքան էլ մեծանաք կ'ունենաք մեր երկրի տարիքը: Նրա հոգսերն ու յաջողութիւնները, դժուարութիւններն ու յաղթանակները կազմել են ձեր կեանքի, ձեր առօրեայի մասը: Մաղթում եմ ձեզ յաջողութիւններ, ձեր յաջողութիւնները մեր երկրի յաջողութիւններն են լինելու: Ես կարեւորում եմ ուսանողութեան հետ արդէն աւանդական դարձած այսպիսի ձեւաչափով շփումները, քանի որ այդ հանդիպումների ընթացքում հնարաւորութիւն է ընձեռնւում ոչ միայն ներկայացնել Հայաստանի կողմից իրականացուող արտաքին քաղաքականութիւնը, այլեւ ծանօթանալ ձեր տեսակէտներին»: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը հանգամանալից ներկայացրեց արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւններն ու առաջնահերթութիւնները, յարաբերութիւնները տարբեր երկրների հետ եւ դրանց ընդլայնման ուղղուած քայլերը, միջազգային բեմահարթակում ընթացող գործընթացների վերաբերեալ Հայաստանի դիրքորոշումները, արտերկրում Հայաստանի եւ նրա քաղաքացիների շահերի պաշտպանութեան ուղղութեամբ իրականացուող աշխատանքները: Նախարար Նալբանդեանը մանրամասնօրէն անդրադարձաւ ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացին: Էդուարդ Նալբանդեանը պատասխանեց ուսանողների բազմաթիւ հարցերին:
  -   Քաղաքական