<br /> Թամանեանի նախատեսած աշտարակի կառուցումը ժամանակավրէպ է, յայտարարում է «Պահպանենք Հանրապետութեան հրապարակը» նախաձեռնութիւնը<br /> <br />



Թամանեանի նախատեսած աշտարակի կառուցումը ժամանակավրէպ է, յայտարարում է «Պահպանենք Հանրապետութեան հրապարակը» նախաձեռնութիւնը

  • 13-05-2011 20:16:19   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Պահպանենք Հանրապետութեան հրապարակը» քաղաքացիական նախաձեռնութիւնը մայիսի 13-ին հանդէս է եկել յայտարարութեամբ, որտեղ ասւում է. «Մենք, մի խումբ քաղաքացիներ եւ ճարտարապետներ, Քաղաքաշինութեան նախարարութեան պաշտօնական կայքից եւ մամուլից տեղեկանալով, որ նախատեսւում է Երեւանի Հանրապետութեան հրապարակում գտնուող ՀՀ Կառավարական թիւ 1 շէնքի համար կառուցել վեր խոյացող աշտարակ, յայտնում ենք մեր անհամաձայնութիւնը նշուած գաղափարին ու կոչ անում ՀՀ կառավարութեանը դադարեցնել նշուած ուղղութեամբ սկսուած աշխատանքները: Մենք գտնում ենք, որ ճարտարապետ Ալեքսանդր Թամանեանի կողմից իսկզբանէ նախատեսուած աշտարակի իրականացումը ժամանակավրէպ է եւ անտեղին, քանի որ. - ներկայացաւած նախագիծը իրենից ներկայացնում է թամանեանական գաղափարի փոփոխուած տարբերակը, իսկ Երեւանը տեսել է թամանեանական գաղափարների “արդիականացման” տապալուած օրինակներ` յանձինս գրեթէ անմարդաբնակ Հիւսիսային պողոտայի - անթոյլատրելի է պետական պաշտօնեաների աշխատասենեակներում փակ ու անհասականալի պայմաններում մշակել Հանրապետութեան գլխաւոր հրապարակում իրականացուող քաղաքաշինական նման խոշորածաւալ եւ կարեւոր միջամտութիւն, աւելին` նրանց թոյլատրել զբաղուել դրա նախագծմամբ - ըստ ՀՀ Քաղաքաշինութեան մասին օրէնքի նման քաղաքաշինական խոշոր ծրագրի իրականացումից առաջ պէտք է իրականացուեն պատշաճ հանրային, ինչպէս նաեւ մասնագիտական քննարկումներ, ինչը տուեալ դէպքում չի կատարուել - Հանրապետութեան հրապարակի համալիրը այսօր էականօրէն տարբերւում է Թամանեանի կողմից նախագծուած հրապարակից, այդ իսկ պատճառով նախատեսուող աշտարակի կառուցումը խաթարելու է հրապարակի առկայ համընդհանուր տարածական լուծումը - ժողովրդավարական հասարակութեան արդի ընկալումների համատեքստում աննպատակայարմար է պետական կառավարչական շէնքերի շեշտումը ու մոնումենտալացումը - Երեւան քաղաքի առանց այն էլ ծանրաբեռնուած կենտրոնը չի կարելի ծանրաբեռնէր նոր վարչական շէնքերի կառուցմամբ, աւելին` այն պէտք է ազատել կառոյցներից զարգացնելով քաղաքի թերզարգացած ծայրամասերը: Մէկ անգամ եւս, կոչ ենք անում ՀՀ Կառավարութեանը դադարեցնել նշուած ուղղութեամբ սկսուած աշխատանքները, որից յետոյ սկսել քննարկումների նշուած խնդիր շուրջ: Պատրաստակամ ենք մեր ակտիւ մասնակցութիւնը բերել ցանկացած ձեւաչափի եւ ընդգրկման բաց ու թափանցիկ գործընթացի: Վստահ ենք, որ ՀՀ Կառավարութիւնը կը կատարի շօշափելի քայլեր այս ուղղութեամբ բացառելու այս քաղաքաշինական սխալ ու հապճեպ որոշման իրականացումը»:
  -   Հասարակութիւն