Վահան Յովհաննիսեան. «Ռուսաստանը հաշուի չի նստում մեր զգացմունքների, պետական ու ազգային շահերի հետ»


Վահան Յովհաննիսեան. «Ռուսաստանը հաշուի չի նստում մեր զգացմունքների, պետական ու ազգային շահերի հետ»

  • 11-03-2011 18:09:59   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանում իրավիճակը պայթիւնավտանգ է, բայց ոչ յեղափոխական։ Այս մասին մարտի 11-ի ասուլիսում յայտարարեց Ազգային ժողովի «ՀՅԴ» խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը։ Մեկնաբանելով ոստիկանապետ Ալիկ Սարգսեանի յայտարարութիւնը, թէ յեղափոխութիւնը քրէական յանցանք է, Վ.Յովհաննիսեանը նկատեց, որ ոստիկանապետը հաւանաբար յեղափոխութիւնը շփոթել է յեղաշրջման հետ։ Նա յիշեցրեց, որ մարդկութեան շարժիչ ուժը յեղափոխութիւնն է ու էւոլիւցիան, իսկ այն, որ ընտրել է Հայաստանը, զարգացման ճանապարհ չէ՝ հետընթաց է։ Անդրադառնալով Հայ Ազգային Կոնգրէսի կողմից իշխանութիւններին ներկայացրած պահանջագրին, ՀՅԴ ներկայացուցիչն նշեց, որ Հայաստանի անկախութեան 20-ամեայ պատմութեան մէջ բազմաթիւ անգամներ էն նման կէտեր առաջ քաշուել։ Սոցիալական ուղղուածութեան նմանատիպ պահանջներ էն ներկայացնում Դաշնակցութիւնը, «Ժառանգութիւն»-ը, արտախորհրդարանական ուժերը հանրահաւաքներում, քանի որ դրա համար կայ հասարակական պահանջ։ Վ.Յովհաննիսեանն ընդգծեց, որ սննդի վրայ ծախսուող գումարի տոկոսը Հայաստանում ամենաբարձրերից մէկն է՝ 56 տոկոս, ինչը խօսում է այն մասին, որ «ժողովուրդը վատ է ապրում»։ Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է 23 տոկոս, իսկ եւրոպական զարգացած երկրներում՝ 10-15 տոկոս։ Վահան Յովհաննիսեանը կարեւորեց Դաշնակցութեան կողմից աջակցութիւն ստացած «Քուէն ուժ է» հասարակական շարժումը, որը նպաստելու է, որպէսզի ընտրութիւններում քուէն գիտակցաբար տրուի, այլ ոչ թէ ընտրակաշառքի կամ վարչական լծակներն օգտագործելու արդիւնքում։ Ընտրութիւններից յետոյ հասարակութիւնը եւ միջազգային հանրութիւնը չպէտք է կասկածներ ունենան իշխանութեան լեգիտիմութեան վերաբերեալ։ Մինչդեռ ներկայիս իրավիճակը վկայում է լեգիտիմութեան պակասի մասին։ Վ.Յովհաննիսեանը բացասական գնահատեց այն փաստը, որ մոսկովեան տխրահռչակ պայմանագրի կնքման 90-ամեակի օրերին՝ մարտի 15-16-ին, Թուրքիայի վարչապետ Էրդողանը 200-հոգանոց պատուիրակութեամբ այցելելու է Մոսկուա։ Նրա խօսքերով, հայ ժողովրդի թիկունքում կնքուած այդ անարդար պայմանագրով «ռուսները ծախեցին Հայաստանը»։ Ընդգծելով, որ Պուտին-էրդողան հանդիպման արդիւնքում նախատեսւում է ստեղծել երկու երկրների բարձագոյն խորհուրդ, Վ.Յովհաննիսեանը յայտարարեց, որ այդպիսով ռազմավարական գործընկեր համարուող Ռուսաստանը հաշուի չի նստում «մեր զգացմունքների, պետական ու ազգային շահերի հետ», որովհետեւ «Հայաստանն իր արժանապատուութեան համար շատ պինդ չէ կանգնած»։
  -   Քաղաքական