Դարձեալ հայ զինուոր է զոհուել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում


Դարձեալ հայ զինուոր է զոհուել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում

  • 11-03-2011 13:44:27   | Հայաստան  |  Քաղաքական
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում մարտի 10-ին, ժամը 18:20-ին Կուրոպատկինոյ գիւղի ուղղութեամբ տեղակայուած մարտական դիրքերից մէկում հակառակորդի կողմից արձակուած փամփուշտից զոհուել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնուած Արթուր Սամուէլի Աղաբաբեանը: Ըստ Արցախի Պաշտպանութեան բանակի լրատուական ծառայութեան, դատելով վերջին օրերին Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում տեղ գտած հրադադարի ռեժիմի խախտման դէպքերի յաճախականութիւնից, կարելի է յանգել այն եզրակացութեան, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի կատարում սոյն թուականի մարտի 5-ին Սոչիի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերուած փոխադարձ վստահութեան յետագայ ամրապնդման պայմանաւորուածութեան պահանջները, այլեւ իր նախայարձակ գործողութիւններով շարունակում է խորացնել առաջնային գծում տիրող լարուածութիւնը: «Դեռ աւելին, հանդիսանալով հրադադարի ռեժիմի խախտման մշտական նախաձեռնողը (որի պատճառով ի դէպ Սոչիի եռակողմ հանդիպումից ընդամէնը ժամեր առաջ Վերին Չայլուի ուղղութեամբ տեղակայուած դիրքերից մէկում զոհուեց ՊԲ ժամկետային զինծառայող Գրիգոր Շախկեանը), պաշտօնական Բաքուի քարոզչամիջոցները ճգնում էն լկտիաբար ապակողմնորոշել միջազգային հանրութեան կարծիքը եւ հայկական կողմին ներկայացնել որպէս նախայարձակ: Մասնաւորապէս, սոյն թուականի մարտի 8-ին ադրբեջանական լրատուամիջոցների կողմից տարածած այն լուրը, թէ իբր հայկական ուժերի կողմից սպանուել է Աղդամի Օրթայ Քարուենդ գիւղի անչափահաս բնակիչ Ֆարիզ Բադալովը, դրա վառ ապացոյցն է: Շեշտենք, որ այս միջադէպի ճշգրիտ մանրամասները պարզելու նպատակով մարտի 10-ին, ԼՂՀ իշխանութիւնների հետ նախօրօք ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն, ԵԱՀԿ առաքելութիւնը նախատեսեց դէպքի վայրում անցկացնել դիտարկում: Սակայն, չգիտես ինչու, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կ'ասպշիկի առաջարկով Ասկերանի ուղղութեամբ իրականացրած դիտարկման ժամանակ, ի տարբերութիւն ղարաբաղեան կողմի, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելութեանը դուրս չի բերել առաջնային գծի նախօրօք փոխհամաձայնեցուած կէտ, ինչի հետեւանքով դիտարկման խմբերը ստիպուած էն եղել դիտարկումն իրականացնել աւելի հեռաւոր տարածութիւնից: Այս հանգամանքը մէկ անգամ եւս հաստատում է այն իրողութիւնը, որ ադրբեջանական կողմը իր այս քայլով հերթական անգամ փորձեց միջադէպի հետ կապուած ճշգրիտ մանրամասները թողնել չբացայայտուած: Աւելին, դիտարկման օրը ադրբեջանական կողմը ոչ միայն ԵԱՀԿ առաքելութեան համար հնարաւորութիւն չստեղծեց լիարժէք իրականացնելու առաջադրուած խնդիրը, այլեւ առաջնային գծի միւս բոլոր հատուածներում, իր սովորութեան համաձայն բազմաթիւ անգամ խախտեց հրադադարի պահպանման ռեժիմը: Արդիւնքում, դիտարկումից ընդամէնը ժամեր անց, իսկ աւելի կոնկրէտ մարտի 10-ին, ժամը 18:20-ի սահմաններում Կուրոպատկինոյ գիւղի ուղղութեամբ տեղակայուած մարտական դիրքերից մէկում հակառակորդի կողմից արձակուած փամփուշտից զոհուեց ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնուած Արթուր Սամուէլի Աղաբաբեանը: Այս եւ միւս փաստերը անհերքելիօրէն ապացուցում էն, որ ի տարբերութիւն հայկական կողմի, որը յարգում եւ հետեւողականօրէն կատարում է մարտի 5-ին Սոչիի եռակողմ հանդիպման արդիւնքում ձեռքբերուած պայմանաւորուածութեան պահանջները, Ադրբեջանը շարունակում է իր սադրիչ գործողութիւններով խոչընդոտել հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացը: Այս ամէնից արուելիք եզրակացութիւնը հետեւեալն է` կամ ադրբեջանական բանակը անկառավարելի է, կամ էլ իր բոլոր նախայարձակ գործողութիւնները իրականացնում է վերադասի թելադրանքով: Մնացած հետեւութիւնները թողնում ենք հակամարտութեան խաղաղ կարգաւորմամբ զբաղուող միջազգային կառոյցներին»,- ասւում է ՊԲ տարածած հաղորդագրութիւնում:
  -   Քաղաքական