Արմատական-պահպանողական հոսանքի թեւերն յաջողել են ամրապնդել իրենց դիրքերը


Արմատական-պահպանողական հոսանքի թեւերն յաջողել են ամրապնդել իրենց դիրքերը

  • 10-03-2011 15:22:01   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ 10 մարտի 2011 թ. Իրանական քաղաքական շաբաթ (2-9 մարտի) Իրանական ներքաղաքական անցնող շաբաթասկիզբն նշանաւորւեց նրանով, որ որպէս խառնակիչներ մեծ կշտամբանքների արժանացած ընդդիմադիրներ՝ Քեառուբիի ու Մուսաւիի մասին շրջանառւեցին հակասական լուրեր առ այն, որ յիշեալները արդէն «ձերբակալւած ու անյայտ մեկուսարաններ են փոխադրւած...», իսկ միւս կողմից էլ հերքւում էր դա՝ կիսապաշտօն յայտարարւելով, որ նրանք դեռեւս իրենց սեփական բնակարանում գտնւում են տնային կալանքի ներքոյ..., «աւելի վերահսկւած ու սահմանափակւած ռեժիմով»... * * * Մինչ այդ, սակայն, նրանց հետեւորդների կողմից (եւ օտարերկրեայ քարոզչամեքենաների ուղեկցութեամբ) իբր որոշւել էր, որ իւրաքանչիւր երեքշաբթի օրւան բողոքի հաւաքներ ու ցոյցեր են կայանալու մայրաքաղաքի տարբեր հրապարակներում: Իսկ որոշւած օրը՝ երեքշաբթին, պայմանաւորւած էր նրանով, որ (արդէն նախորդը) համընկնում է Կանանց միջազգային օրւան, իսկ գալիքը՝ մարտի 15-ը համընկնում է իրանական տարւայ վերջին երեքշաբթի օրւան, որն ամենամեայ կարգով նշանաւորւում է այսպէս ասած՝ պարսկական հեթանոսական աւանդոյթով՝ «Չարշանբէսուրի»-ով (մեր հայկական Տրնդէզին համահունչ), որտեղ տարին ամփոփւում է կրակի դէզերի վրայից թռչելով, որը մեկնաբանւում է «չարին ու վատին հրաժեշտ տալու եւ նոր տարին բարութիւններով դիմաւորելու աւանդապատումով...»: «Չարշանբէսուրի»-ն, սակայն, վերջին տարիներում ուղեկցւել է «գերաւանդական» դրսեւորումներով ու չափազանցւած եւ ինչ-որ տեղ վտանգալից հրավառութիւններով, որտեղ ողջ քաղաքը պարուրւում է վառօդների ու պայթուցիկների թանձր ծուխերով: Եւ երեւի վերջին երեքշաբթին էլ «ցուցարար-բողոքաւորների» համար պատեհ առիթ է կարող լինել նրանով, որ հնարաւոր կը դառնայ ըստ կամս «քաղաքականացնել» ժողովրդական աւանդոյթը՝ որպէս «բողոքի» գործօն... սպասենք եւ տեսնենք, թէ այդ հաւանական մտադրութիւնն ինչով կաւարտւի, քանզի արդէն իսկ փաստ է, որ նախորդ երեքշաբթիներում, բացի հատ ու կենտ «ակտիւութիւններից» (որոնք, ինչպէս միշտ, չափազանցւում էին արտաքին լրատւացանցերի միջոցով), ընդհանուր հասարակական անդորրը աչալրջօրէն ու զգօնութեամբ պահպանւում էր իրաւապահ մարմինների եւ ոստիկանական ջոկատների կողմից: Անցնող շաբաթւայ ընթացքում հասարակական եւ ինչ-որ տեղ ներքաղաքական խմորումների արտայայտութիւնն էր Թեհրանի մետրոյի գերատեսուչ Մոհսէն Հաշեմիի (այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի որդին) իր զբաղեցրած պաշտօնից հրաժարւելը: Ճիշտ է, մետրոյի գծով թեր ու դէմ վիճայարոյց ու չարչրկւած հարցերը նորութիւն չեն, բայց հարցի քաղաքական ենթատեքստը կայանում է հէնց նրանում, որ տարիներ ի վեր քաղաքային այդ կարեւոր ենթակառոյցը տնօրինւել է Ռաֆսանջանի ընտանիքի անդամներից մէկի միջոցով, եւ որ սոյն երեւոյթը միշտ էլ միանշանակ չի մարսւել նրան ընդդիմացողների՝ կառավարամէտների կողմից: Իսկ չէ՞ որ Ռաֆսանջանիի ընտանիքի միւս անդամների՝ դստեր՝ Ֆաէզէ Հաշեմիի եւ լոնդոնաբնակ որդու՝ Մեհդի Հաշեմիի նկատմամբ էլ գերզգայուն ու բացասաբար են տրամադրւած եղել նոյն ընդդիմախօսները (վերջնիս՝ Մեհդիի նկատմամբ դատական հայցի թղթածրարը բացւած է արդէն, իսկ Թեհրանի դատախազը վերջերս էր, որ նոյնինքն այաթ. Ռաֆսանջանիին առաջարկում էր, որպէսզի որդուն յետ կանչի Լոնդոնից, որ դատարան ներկայանայ՝ պատասխանելու այն մեղադրանքներին, որին է վերագրւում 2009 թւականի նախագահական ընտրութիւնների ընթացքում իր կողմնորոշումների առնչութեամբ): Եւ այս ամենից յետոյ՝ արդեօք հռետորական չի՞ հնչում այն հարցադրումը, թէ ինչու նոյնինքն Ռաֆսանջանին ինքնակամ հրաժարւեց երկար տարիներ Բանիմացների ժողովի նախագահ վերընտրւելու թեկնածութիւնից... թերեւս սա մեկնաբանւի որպէս տակտիկական նահանջ, բայց նաեւ փաստ է, որ վերջին շրջանում ու յատկապէս ընդդիմադիր Մուսաւիին ու Քեառուբիին դատապարտելու թէպէտ անուղղակի, բայց խիստ ճնշման տակ էր Ռաֆսանջանին, իսկ բացառւած էլ չէ, որ նշւած «տակտիկական նահանջը» յաջորդ անգամ կրկնւի Երկրի ու համակարգի նպատակայարմարութիւնը ճշտորոշող ժողովի նախագահութեան դէպքում, որն էլ տարիներ է, ինչ հռչակւած է որպէս այաթ. Ռաֆսանջանիի «քաղաքական յենակէտ»... իսկ չէ՞ որ որպէս այդպիսին էին բնութագրւում դեռ մինչ այդ՝ «ուրբաթօրեայ հասարակաց աղօթապետութեան» ու «Բանիմացների խորհրդի նախագահութեան» հանգամանքները: Ինչեւէ, ներքաղաքական կամ ներիշխանական մրցակցութիւնների նման դրսեւորումները վկայում են այն մասին, որ այսպէս ասած արմատական-պահպանողական հոսանքի թեւերն ու ներկայացուցիչները, որոնք համախմբւած են առհասարակ հակառաֆսանջանիական նախագահ Ահմադինեժադի շուրջ, այժմւանից յաջողել են ամրապնդել իրենց դիրքերը՝ յաջորդ խորհրդարանական ընտրութիւններում մեծամասնութիւն ու տիրական լինելու նպատակով: Այս ճամբին, ինչ խօսք, արմատական հոսանքի կողմից տեղ-տեղ նաեւ «ճնշումների» են ենթարկւում օրէնսդիր, ինչպէս եւ դատական ատեանի երկու նախագահներ՝ Լարիջանի եղբայրները, որոնք աւելիով յայտնի են իրենց այսպէս ասած չափաւոր կեցւածքներով, որոնք միշտ չէ, որ հանդուրժողաբար են ընկալւում արմատականների կողմից: Դ. Մ.
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը