Մարսել Չիֆթէյեանը ծնուել է 1931թ. Մարսելի Սեն Բարնաբէ թաղամասում, համեստ ընտանիքի 5 զաւակներից մէկը` ոչ սովորական ճակատագրով: Երիտասարդ տարիքում դպրոցական նստարանին սովորական դարձած «կեղտոտ հայ» բացականչութիւններից նեղացած, Մարսել Չիֆթէյեանը նշում էր, որ իր «էմիգրանտների որդի» կարգավիճակը երբեմն դժուար էր տանել Ֆրանսիայի նման շովինիստ երկրում, որը մերժում էր իր նոր զաւակներին: Մարսելը այդ խտրականութեանը նորովի հանդիպեց 18 տարեկան հասակում բանակում, երբ նրա կապիտանը նրան կշտամբեց «վատ ֆրանսացի» անուանելով: Մի արտայայտութիւն, որը զայրոյթ առաջացրեց երտասարդ Մարսելի մօտ, որն անմիջապէս մի հարուած հասցրեց կապիտանի դէմքին: Զինուորական բանտում մի քանի ամիս անցկացնելուց յետոյ, որտեղ զարգացնում է իր երազանքը Աֆրիկայի մասին, Մարսելը վերադառնում է քաղաք Մարսել, որտեղ ընտանեկան խանութում դերձակութիւն է սովորում: «Ես ատում էի այդ արհեստը»,- խոստովանում է Մարսելը: Չորս ամիս անց նա նաւի տոմս է գնում դէպի Դահոմեյ... «Ես սիրում էի Տարզանի մասին ֆիլմեր դիտելը եւ Աֆրիկան հէնց այդպէս էլ պատկերացնում էի»,- աւելացնում է Մարսելը , ինչի վրայ ծիծաղում է մինչ օրս: Բայց Կոտ Դիւուարի Աբիջան քաղաք հասնելուն պէս նա հանդիպում է գաղութայինների սառը վերաբերմունքին «օտարների» նկատմամբ: «Ես մերժուեցի, եւ այդպիսով թափառեցի եւ տառապեցի ապրելու եւ կացարան գտնելու համար»,- խոստովանում է Մարսելը եւ աւելացնում,- «Հանդիպեցի մի քանի հայերի: Մի հայ տեսաւ, թէ ինչպէս եմ տառապում, նրա ազգանունը Գրիգորեան էր, նա զբաղւում էր վերնաշապիկների մի ապրանքանիշի առեւտրով: Նա ինձ ասաց, որ գնամ Դահոմեյ: Ինձ 50 000 ֆրանկ տուեց եւ տոմս առաւ: Երբեք չեմ մոռանայ հայրենակցիս այդ արարքը, որին այլեւս չտեսայ»: Կոտօնու հասնելուն պէս (Դահոմեյ) Մարսել Չիֆտեյեանը ծանուցագիր է ստանում ներկայանալ Ֆրանսիական զինուորականների ակումբ, որտեղ հրամանատարութունը նրան արգելում է այցելել այն վայրերը, որտեղ այցելում են եւրոպացիները: Մերժուած լինելով սպիտակների կողմից, ոչ մի պաշտպանութիւն չգտնելով, նորից տառապանքների մէջ գտնուող Մարսել Չիֆտեյեանին աֆրիկական տներից մէկում մի ծեր կին կացարան է տալիս: «Մի քանի ամիս անց, մի բրետօնացու մօտ օրական 25 ֆրանկ համեստ աշխատավարձով սալիկապատողի աշխատանք գտայ : Թշուառութիւն էր»,-շարունակում է Մարսել Չիֆտեյեանը: Երկու տարի որպէս սալիկապատող աշխատելուց յետոյ նա սկսում է ղեկավարել Բրոսետ-վալոր խանութը, որը մասնագիտացած էր շինարարական նիւթերի վրայ:
1960թ. նա ամուսնանում է «Ռէիմսից մի աղջկայ հետ», որը գաղթել էր Կոտօնու իր ընտանիքի հետ: Մէկ տարի անց, երբ Դահոմեյը անկախանում է, ծնւում է Մարսելի զաւակը` Ժան-լուկը: Յետոյ ճակատագիրի բերումով նա հանդիպում է մի այլ ֆրասահայի, ոմն Կասաջեանին, որը ներկայացնում էր «Աստրալ» նկարները Աֆրիկայի համար: «Ես նրա համար վաճառեցի մի նկար, յետագայում` 1972-ին Կոտօնույում կառուցեցի S.A. Sobepec ներկերի գործարանը» : Ժամանակակից մի գործարան, որը տեղաւորուած էր 15 000 մ2 տարածքում, Արեւմտեան Աֆրիկայի առաջին գործարանը, որտեղ յետագայում կ'աշխատեն 150 բենինցիներ եւ եւրոպացիներ: Արտադրանքը արտահանւում էր Նիգերիայ, Բուրկինայ Ֆասոյ, Տոգոյ, Նիգեր եւ Չադ: 1993թ. իր որդու հետ Մարսելը կառուցում է Կ'ասայ դել Պապա շքեզ հիւրանոցային համալիրը` բաղկացած 60 սենեակներից: Հիւրանոցային համալիրը իրենից ներկայացնում է փոքր առանձնատներ` փայտէ ոտքերի վրայ, Կոտօնուից 40 կմ հեռաւորութեան վրայ, ափամերձ շրջանում` նախատեսուած միջազգային յաճախորդների համար: 2008թ. Մարսել Չիֆտեյեան «Հայը» ձեռնամուխ է լինում 13 000 մ2 տարածքով Արեւմտեան Աֆրիկայի ամենամեծ «Երեւան» հիպերմարկետի շինարարութեանը, որը նախատեսուած է ինչպէս աֆրիկացի, այնպէս էլ եւրոպացի յաճախորդների համար: Առեւտրի կենտրոնը արժէ մօտ 60 միլիարդ ֆրանկ: Կենտրոնի բացման արարողութիւնը, որը Բենինի Զլմ-ների ուշադրութեան կենտրոնում էր, տեղի ունեցաւ 2009թ. սեպտեմբերի 25-ին` Բենինի նախագահ պարոն Եայի Բոնիի եւ այլ պաշտօնատար անձանց ներկայութեամբ:
Այն հարցին, թէ «Ինչու՞ Երեւան» Մարսել Չիֆթէյեանը պատասխանում է,- «Ես միշտ մտածել եմ ծնողներիս մասին, եւ «Երեւանը» մի տուրք է Հայաստանին: Մի երկիր, որը ես վերջերս եմ յայտնաբերել ինձ համար եւ որը ինձ գերել է: Ես անուանել եմ իմ հիպերմարկետը «Երեւան», քանզի Բենինցիները շատ քիչ են ճանաչում Հայաստանը: Եւ չնայած նրան, որ Բենինում չկայ հայկական համայնք, մենք բենինցիների հետ մեր զրոյցներում շատ յաճախ ենք խօսում Հայաստանի մասին: Բացի այդ, «Երեւան» առեւտրի կենտրոնի անմիջապէս կողքին կառուցել եմ մի առանձնատուն, որի վրայ ծածանւում է հայկական եռագոյնը, եւ որը հանդիսանում է Հայաստանի հիւպատոսարանը Բենինում, որը ես պատիւ ունեմ ղեկավարելու»:
Որ՞ն է Մարսել Չիֆտեյեանի ցանկութիւնը. «Երիտասարդ հասակում ես շատ եմ տառապել: Նաեւ ուզում եմ օգնել իմ ընտանիքին: Այս երկիրը ինձ շատ բան է տուել, հիմա իմ հերթն է»,- ասում է Կոտօնույում սիրտ-անօթային հիւանդանոց հիմնելու նախագծի գաղափարով ապրող մարդը: Հիւանդանոցն արդէն ունի անուն` «Բենին-հայաստան-ֆրանսիայ», այն ղեկավարելու են Հայաստանից հրաւիրուած մասնագէտներ:
Մօտ 80 տարեկան Մարսել Չիֆտեյեանը մի մարտիկ է, որը պայքարելու է մինչեւ իր վերջին շունչը` մարդկութեանը տալու համար այն, ինչ կայ իր մէջ: