Հնգօրեայ աշխատանքային շաբաթի կիրառման անհնարինութեան դէպքում կը սահմանուի վեցօրեայ աշխատանքային շաբաթ


Հնգօրեայ աշխատանքային շաբաթի կիրառման անհնարինութեան դէպքում կը սահմանուի վեցօրեայ աշխատանքային շաբաթ

  • 02-03-2011 19:22:07   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 2-ին Ազգային ժողովը 87 «կողմ», 11 «դէմ», 2 «ձեռնպահ» ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունեց ՀՀ աշխատանքային օրէնսգրքում փոփոխութիւններ կատարելու մասին օրինագիծը: ԱԺ պատգամաւորներ Յակոբ Յակոբեանի (ՀՀԿ), Սուքիաս Աւետիսեանի (ՀՀԿ), Սամուէլ Բալասանեանի («Բարգաւաճ Հայաստան») օրէնսդրական նախաձեռնութեամբ ՀՀ աշխատանքային օրէնսգրքում ամրագրւում է, որ «այն կազմակերպութիւններում, որտեղ արտադրութեան բնոյթով կամ այլ պայմաններով պայմանաւորուած, անհնար է հնգօրեայ աշխատանքային շաբաթի կիրառումը, սահմանւում է վեցօրեայ աշխատանքային շաբաթ` մէկ հանգստեան օրով»: Հեղինակների հիմնաւորմամբ, ըստ էութեան, առաջարկւում է վերականգնել մինչեւ 2010թ.-ի յունիսի 6-ը գործող դրոյթը, որի փոփոխումից յետոյ որոշակի խնդիրներ էն առաջացել մի շարք ոլորտներում աշխատանքներն աւելի ճկուն կազմակերպելու համար: Ինչ վերաբերում է գործատուների կողմից հնարաւոր չարաշահումներին, ապա աշխատանքային օրերի աւելացման դէպքում գործելու է Աշխատանքային օրէնսգրքով ամրագրուած սահմանափակումը` աշխատաժամանակի նորմալ տեւողութիւնը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Օրինագծին «դէմ» քուէարկեցին ՀՅԴ պատգամաւորները, «ձեռնպահ»` անկախ պատգամաւորներ, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսեանը եւ Վիկտոր Դալլաքեանը: Բացակայ էր քառօրեայ նիստերի առաջին օրուանից` փետրուարի 28-ից, ԱԺ նիստերը բօյկօտող «Ժառանգութիւն» խմբակցութիւնը:
  -   Հասարակութիւն