Սումգաիթի դէպքերը չկոտրեցին հայի կամքն ու վճռականութիւնը


Սումգաիթի դէպքերը չկոտրեցին հայի կամքն ու վճռականութիւնը

  • 02-03-2011 11:31:42   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
Փետրուարի 27-ին Մոսկուայի Ս. Յարութիւն եկեղեցու բակում տեղադրուած Նահատակաց խաչաքարի մօտ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսեանի նախագահութեամբ տեղի ունեցաւ հոգեհանգստեան կարգ` 1988 թուականի փետրուարի 27-29-ին Սումգաիթում ադրբեջանցիների կողմից վայրագօրէն սպանուած երեսունից աւելի հայերի յիշատակը ոգեկոչելու համար: Արարողութեանը ներկայ էին Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Օլեգ Եսայեանը, Ղարաբաղի հանրապետութեան վարչապետ Արայիկ Յարութիւնեանը, Մոսկուայի հայ դաշնակցական կազմակերպութիւնը, Ռուսաստանի հայ կանանց միութիւնը, տարբեր համալսարաններում սովորող ուսանողներ, Սումգաիթ քաղաքի նախկին բնակիչներ: «Այսօր եկել ենք ցոյց տալու մեր հաւատարմութիւնն ու նուիրումն այն արժէքներին, որի համար ապրել էն մեր նախնիները: Մեծ էն եղել մեր ազգի կորուստները: Ապրեցինք եղեռն եւ շարունակութիւնը եղաւ Սումգաիթը: Այսօր ժամանակն է ոչ թէ սգալու, այլ արժանապատիւ ապրելով, որպէս ճշմարիտ քրիստոնեաներ, մեր արդար իրաւունքի պահանջատէրը լինելու: Այսօր առաւել, քան երբեւէ մեզ անհրաժեշտ է համերաշխութիւն ու միաբանութիւն: Թող Աստուած զօրացնի մեզ սիրոյ մէջ, որպէսզի կարողանանք լինել միաբան եւ յաւէրժացնել Սումգաիթի անմեղ զոհերի յիշատակը»,- ասաց Սրբազան Հայրը: Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Օլեգ Եսայեանի խօսքով, Սումգաիթի դէպքերը չկոտրեցին հայի կամքն ու վճռականութիւնը, այլ աւելի ամրապնդեցին: Դեսպանի կարծիքով, երբ խաղաղ ճանապարհով լուծուի Արցախի հիմնախնդիրը, կպատժուէն նաեւ Սումգաիթի ոճրագործները: Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի մամլոյ դիւան
  -   Հասարակութիւն