Լոռու եւ Շիրակի մարզերի զարգացման ծրագրերը մոնիթորինգի մեթոդաբանութեան կիրառման տեսանկիւնից ոչ լիարժէք էն


Լոռու եւ Շիրակի մարզերի զարգացման ծրագրերը մոնիթորինգի մեթոդաբանութեան կիրառման տեսանկիւնից ոչ լիարժէք էն

  • 22-02-2011 19:38:47   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մարզերի զարգացման ծրագրերի կատարման ընթացքը քննարկուեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանի ղեկավարութեամբ Շիրակի եւ Լոռու մարզպետարաններում փետրուարի 22-ին անցկացուած խորհրդակցութիւններում: Քննարկուեցին ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Ներկայացուեցին նշուած ժամանակահատուածում մարզերում տարբեր ոլորտներում իրականացուելիք աշխատանքները: Փոխվարչապետը ծրագրերը մոնիթորինգի մեթոդաբանութեան կիրառման տեսանկիւնից ոչ լիարժէք համարեց` նկատելով, որ դրանցում արտացոլուած չէ նաեւ համայնքների եւ մասնաւոր հատուածի կողմից իրականացուելիք ներդրումների ամբողջ ծաւալը: Նա Շիրակի եւ Լոռու մարզպետներին յանձնարարեց ձեւաւորել աշխատանքային խմբեր` ՏԿ նախարարութեան հետ ընդհանուր փաստաթղթերը եւ 2011 թ. աշխատանքային պլանները լրամշակելու, ինչպէս նաեւ մոնիթորիգի կիրառման մեխանիզմները նոյնականացնելու համար: Խորհրդակցութիւնների ընթացքում օրակարգային էր համայնքների 2011 թ. բիւջէների հաշուարկային ցուցանիշների համեմատական վերլուծութիւնը 2010թ. ցուցանիշների նկատմամբ: Նշուեց, որ այս մարզերում եւս կան համայնքներ, որոնց բիւջէներում ամբողջութեամբ չէն արտացոլուել սեփական եկամուտների բազային ցուցանիշները: Փոխվարչապետի յանձնարարութեամբ մարզպետները նման բիւջէներ ունեցող համայնքների ղեկավարներին կ'առաջարկեն վերանայել դրանք` ներառելով սեփական եկամուտների բազային ցուցանիշները ողջ ծաւալով եւ ապահովել նախորդ տարուայ պլանային մակարդակը: Անդրադարձ եղաւ նաեւ հողերի վարձակալութեան խնդրին: Փոխվարչապետը նկատեց, որ անցած տարի ընդունուած իրաւական ակտերով առաւել հեշտացուել է մասնաւորապէս արօտները վարձակալութեան յանձնելու գործընթացը, եւ համայնքապետերը կարող էն շահագրգռել գիւղացիական տնտեսութիւններին` աւելացնելու վարձակալուող հողերի ծաւալները: Դա նաեւ լրացուցիչ մուտքեր կ'ապահովի համայնքային բիւջէ: Քննարկուեցին նաեւ գարնանային գիւղատնտեսական աշխատանքներին, ոռոգման նոր շրջանի կազմակերպմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:
  -   Տնտեսութիւն