«Հայ Դատն այսօր» 8-րդ խորհրդաժողով


«Հայ Դատն այսօր» 8-րդ խորհրդաժողով

  • 19-02-2011 17:21:48   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» - Անընդմէջ 8-րդ անգամը լինելով՝ Թեհրանի Հայ Դատի յանձնախումբը («ՀՈՒՍԿ» հաստատութիւն) Հայ Դատի պահանջատիրութեան համատեքստում կազմակերպում է «Հայ Դատն այսօր» խորհրդաժողովը, որն այսօր թւով 8-րդն է իրականանում: 8-րդ խորհրդաժողովը, որպէս այդպիսին, իր երկօրեայ աշխատանքներն սկսեց հինգշաբթի, փետրւարի 17-ին, կէսօրից յետոյ ժամը 3-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհ. Թումանեան» սրահում՝ որպէս գլխաւոր խորագիր ունենալով «Տարածաշրջանը՝ վերջին իրադարձութիւնների լոյսի ներքոյ (Իրանը, Հայաստանը, Արցախը, Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը՝ իրենց դիրքորոշումներում): Ծրագրի բացման խօսքից յետոյ իր ողջոյնի խօսքը արտայայտեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, իսկ Իրանում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը ներկայացրեց հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆ. Նանսէնին: Խորհրդաժողովին հրաւիրւած հայ զեկուցաբերներն էին՝ ճրտգ., քարտէզագրագէտ՝ Ռուբէն Գալչեանը, բանասիրական գիտութիւնների թեկնածու, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը, լրագրող «Սիւիլիթաս» հիմնդրամի փորձագէտ լրագրող-մեկնաբան Թաթուլ Յակոբեանը: «Հայ Դատն այսօր» 8-րդ խորհրդաժողովի առաջին օրը նախագահեցին՝ Հենրիկ Խալոյեանը եւ Ռոբերտ Մարգարեանը: Նշելի է, որ հինգշաբթի օրւայ զեկոյցները ներկայացւեցին հայերէնով եւ խորհրդաժողովը տեւեց մինչեւ երեկոյեան ժամը 8-ը: Խորհրդաժողովի պարսկերէնով ընթացող երկրորդ օրւայ նիստին, որը կայացաւ ուրբաթ, փետրւարի 18-ին, առաւօտեան ժամը 10-ից մինչեւ երեկոյեան ժամը 6-ը, նախագահեցին Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը եւ իրաւաբան Թալին Բանդարին: Օրւայ առիթով արտայայտւեց Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելեանը՝ հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆ. Նանսէնի յիշատակին: Քարտէզագրագէտ Ռուբէն Գալչեանի դասախօսութեան թեման էր «Յօրինւած պատմութիւն, Հայաստան եւ Ադրբեջան, կեղծիքներ եւ փաստեր»: Օրւայ երրորդ զեկուցաբերն էր ժամանակին Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլէյնին, որի ելոյթի թեման էր «Ղարաբաղի հիմնահարցը եւ Հայաստանի հայեացքները»: Յաջորդ զեկուցաբերներն էին՝ դոկտ. Ջաֆար Հաղփանահը, դոկտ. Մեհդի Սանային, դոկտ. Ջահանգիր Քարամին եւ համալսարանի դասախօս Մեհդի Հոսէյնին, որոնք հերթաբար ներկայացրեցին «Թուրքիայի քաղաքական իրադարձութիւնները եւ դրանց ազդեցութիւնը՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վրայ», «Համաշխարհային նոր պայմանները եւ Կովկասում տարածաշրջանային համագործակցութիւնների անհրաժեշտութիւնը», «Կովկասեան տարածաշրջանում զարգացման ու կայունութեան ապագայ հեռանկարները եւ Հայաստանի ու Իրանի համագործակցութեան սցենարները», «Ղարաբաղի հիմնահարցի խորացման հարցով թուրքամէտ հակումների ազդեցութիւնը»: Յատկանշական է, որ իւրաքանչիւր զեկուցաբերի ելոյթից յետոյ ներկաներին առիթ էր տրւում հարցումների, որոնց տրւում էին սպառիչ պատասխաններ: 19 փետրւարի 2011 թ.
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը