ՀՀ ԳԱԱ-ն եւ «Ռուսհամագործակցութիւն»-ը ստորագրեցին համագործակցութեան համաձայնագիր


ՀՀ ԳԱԱ-ն եւ «Ռուսհամագործակցութիւն»-ը ստորագրեցին համագործակցութեան համաձայնագիր

  • 17-02-2011 22:30:06   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 17-ին ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը եւ «Ռուսհամագործակցութեան» ներկայացուցչութեան ղեկավար, ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիւոպուսկովը ստորագրեցին համագործակցութեան համաձայնագիր: համայձայնագիրը կարգաւորում է գիտական եւ հումանիտար ոլորտների փոխկապակցուած համագործակցութիւնը: Այն ուղղուած է հայ-ռուսական գիտատեխնիկական, ինովացիոն, տեղեկատուական, մշակութային համագործակցութեան խթանմանը, ինչպէս նաեւ երկու երկրների երիտասարդութեան համագործակցութեան ակտիւացմանը: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսեանն իր ելոյթում նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցութիւնն ունի հարուստ պատմութիւն` սկսած խորհրդային ժամանակաշրջանից: Այժմ փոխուել է իրավիճակը, եւ այս համաձայնագիրը հիմք կը ծառայի` նոր պայմաններով զարգացնելու այդ համագործակցութիւնը: Ինչպէս տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատուական-վերլուծական կենտրոնը, համաձայնագրի շրջանակներում կիրականացուէն յոբելեանական միջոցառումներ` նուիրուած Իւրի Գագարինի տիեզերք առաջին թռիչքի 50-ամեակին: Մասնաւորապէս, տեղի կ'ունենայ ՀՀ Գաա-ի յատուկ գիտական նստաշրջան, կ'անցկացուի ԱՊՀ երկրների ուսանողների եւ երիտասարդ գիտնականների Գագարինեան միջազգային գիտաժողով` «Բիւրականի պարզ երկնքի տակ» անուանմամբ: Յատուկ ուշադրութիւն կը դարձուի ՀՀ Գաա-ի երիտասարդ գիտնականների խորհրդի համագործակցութեանը, երիտասարդ ինովատորների մրցոյթներին, թրեյնինգներին, ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների միջազգային հանդիպումների կազմակերպմանը:
  -   Հասարակութիւն