Գարեգին Բ կաթողիկոս. «Շատ կարեւոր է, որ ճիշտ<br /> դաստիարակութիւն եւ արժէքներ ջամբենք մեր մանուկներին»<br />


Գարեգին Բ կաթողիկոս. «Շատ կարեւոր է, որ ճիշտ
դաստիարակութիւն եւ արժէքներ ջամբենք մեր մանուկներին»

  • 16-02-2011 15:06:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրուարի 15-ին ընդունեց «Հայ միասնութեան խաչ» կազմակերպութեան ներկայացուցիչներին: «Հայ միասնութեան խաչ» հասարակական կազմակերպութեան գործունէութիւնն ուղղուած է քրիստոնեական արժէքների տարածմանը, մանուկների հոգեւոր դաստիարակութեանը, նրանց շնորհների զարգացմանը տարբեր ոլորտներում, ինչպէս նաեւ հաշմանդամ եւ ծնողազուրկ երեխաների խնամքին եւ հասարակութեան մէջ ինտեգրմանը: Կազմակերպութեան առաքելութեան իրագործմանը աջակցում է նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` քաջալերելով ազօգուտ աշխատանքը եւ տրամադրելով գործունէութեան ընդլայնման համար անհրաժեշտ շէնքային պայմաններ: Հանդիպման ընթացքում կազմակերպութեան տնօրէն Գրիգոր Բաբախանեանը շնորհակալութիւն յայտնեց Նորին Սրբութեանը «Հայ միասնութեան խաչ»-ին ցուցաբերուող ուշադրութեան համար, ապա ներկայացրեց վերջին շրջանի ձեռքբերումները` հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնը: Նորին Սրբութեանը ողջունեցին նաեւ մանուկները, ներկայացրեցին իրենց խմբակների գործունէութիւնը, հանդէս եկան հոգեւոր երգերի կատարումներով, այնուհետեւ Գարեգին Բ Հայրապետին ընծայեցին իրենց ձեռքերով պատրաստուած անուանական մի գորգ: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգի հաղորդագրութեան, հանդիպման վերջում կազմակերպութեան ղեկավարութեանը եւ մանուկներին Հայրապետական իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն ուրախութիւն յայտնեց, որ տարէցտարի ընդլայնվում է կազմակերպութեան գործունէութիւնը եւ նորանոր մանուկներ են ընդգրկվում խմբակներում, կոչ արեց աւելի սերտ համագործակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքոյ գործող Էջմիածնի հայորդեաց տան հետ: «Շատ կարեւոր է, որ ճիշտ դաստիարակութիւն եւ արժէքներ ջամբենք մեր մանուկներին, որպէսզի կեանքում կրողը լինեն ճշմարիտ այդ արժէքների եւ լինեն հաւատարիմ զավակներ մեր ազգի ու արժանավոր քաղաքացիներ մեր Հայրենիքի», - նշեց Վեհափառ Հայրապետը` յորդորելով աշխատակազմին ամբողջական նուիրումով եւ սիրով շարունակել իրենց առաքելութիւնը:
  -   Հասարակութիւն