Քաղաքացիների նկատմամբ բռնութեան դէպքերով միայն 2 քրէական գործով 6 ոստիկան են դատապարտուել


Քաղաքացիների նկատմամբ բռնութեան դէպքերով միայն 2 քրէական գործով 6 ոստիկան են դատապարտուել

  • 11-05-2011 20:48:09   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանը մայիսի 11-ին ընդունեց Եւրոպայի խորհրդի մարդու իրաւունքների եւ իրաւական բարեփոխումների վարչութեան պետ Հանա Ջունքերին, Եւրոպայի խորհրդի գլխաւոր քարտուղարի յատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհէին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխաւոր դատախազի տեղակալներ Արամ Թամազեանը, Արմէն Դանիէլեանը, Եւրոպայի խորհրդի եւ ՀՀ գլխաւոր դատախազութեան աշխատակիցնէր: Հանդիպման ընթացքում Ա.Յովսէփեանը մանրակրկիտ ներկայացրեց ՀՀ դատախազութեան համակարգում տեղի ունեցած բարեփոխումները, դատախազութիւնը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղութեամբ կատարուած աշխատանքները: ՀՀ գլխաւոր դատախազը նշեց նաեւ, որ դիմել է ԵԱՀԿ երեւանեան գրասենեակին` եւրոպացի փորձագէտների կողմից դատախազութեան լիազօրութիւնների եւ գործառոյթների վերաբերեալ մոնիտորինգ կատարելու խնդրանքով, պարզելու համար, թէ որքանով է այսօր ՀՀ դատախազական համակարգը համահունչ միջազգային չափանիշներին, ինչպիսի բարեփոխումների կարիք դէեւս կան: Հ.Ջունքերը նշեց, որ ողջունելի է նման մեծածաւալ աշխատանքների կատարումը, յատկապէս «Դատախազութեան դպրոց» Պոակ-ում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դէպքերով քննութեան օրինականութեան հսկողութեան նկատմամբ դատախազների մասնագիտական վերապատրաստումների դասընթացների կազմակերպման համար: Նա հետաքրքրուեց նաեւ թէ ինչպիսի օրէնսդրական դաշտ եւ գործնական փորձ է առկայ խոշտանգումների, վատ վերաբերմունքի դէպքերով: Ա.Յովսէփեանը հանգամանօրէն ներկայացրեց ձերբակալման պահից մինչեւ դատական վախճան ընկած դատավարական ընթացքում գործող օրէնսդրական մեխանիզմները, գործող կարգը, որը կոչուած է հնարաւորինս ապահովուելու անազատութեան մէջ գտնուող մարդու, քաղաքացու իրաւունքները: Մասնաւորապէս, համաձայն գործող կարգի, ինչպէս նշեց ՀՀ գլխաւոր դատախազը, երբ քաղաքացին բերման է ենթարկւում ձերբակալուածների ժամանակաւոր պահման վայր, հէնց տեղում ենթարկւում է բժշկական զննման: «Եթէ առկայ են բռնութեան հետքեր, մարմնական վնասուածքներ, - ասաց Ա.Յովսէփեանը,- ապա դրանք անմիջապէս տեղում ստուգւում են, պարզւում են դրանց պատճառման հիմքերը: Եթէ քաղաքացու նկատմամբ որպէս խափանման միջոց ընտրւում է կալանքը եւ քաղաքացուն տեղափոխում են մեկուսարան, ապա մեկուսարանում կրկին կալանաւորուածը ենթարկւում է բուժզննման: Մարմնական վնասուածքների յայտնաբերման դէպքում, կրկին նախապատրաստւում են նիւթեր, պարզելու դրանց ստացման հիմքերը»: ՀՀ գլխաւոր դատախազը շեշտեց, որ մարմնական վնասուածքների, խոշտանգումների, վատ վերաբերմունքի դէպքերի բացայայտումը նախաքննական փուլում առաջին հերթին ձեռնտու է դատախազութեանը, քանզի դրանց ուղղութեամբ կատարուած քննութիւնը, ուսումնասիրութիւնը, ստուգումները միմիայն ամրապնդում են մեղադրանքի պաշտպանութիւնը եւ հիմնաւորուածութիւնը: Ա.Յովսէփեանը շեշտեց նաեւ, որ ցուցում է տրուած բոլոր դատախազներին, որ դատարաններում, դատաքննութեան ժամանակ, ամբաստանեալի կողմից իր նկատմամբ կիրառուած բռնութեան, խոշտանգման դէպքերով հնչած իւրաքանչիւր յայտարարութիւն դարձնեն քննութեան առարկայ: Ա.Յովսէփեանը մասնաւորապէս շեշտեց, որ նախորդ տարիների համեմատութեամբ, այժմ բաւականին շատ են դէպքերը, երբ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի մեղադրանքներով դատապարտուել են իրաւապահ համակարգի աշխատակիցնէր: «Եղել են դէպքեր,- նշեց Ա.Յովսէփեանը,- երբ գործեր են յարուցուել քաղաքացիների նկատմամբ ոստիկանութեան աշխատակիցներին նկատմամբ բռնութիւն գործածելու դէպքերով։ Սակայն իմ ցուցումով, երբ այդ գործերի նախաքննութիւնը իրականացրել է Յատուկ քննչական ծառայութիւնը, պարզուել է ուղիղ հակառակ իրավիճակը: Ոստիկանները իրենք են բռնութիւն գործադրել քաղաքացիների նկատմամբ եւ որպէսզի կոծկեն իրենց ապօրինութիւնները, գործ են յարուցել քաղաքացիների նկատմամբ: Միայն 2 այդպիսի քրէական գործով 6 ոստիկան են դատապարտուել»:
  -   Հասարակութիւն