30 տարի = 18 օր...


30 տարի = 18 օր...

  • 15-02-2011 15:20:20   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ 15 փետրւարի 2011 թ. 1- Մուբարաքի ինքնահրաժարումից անմիջապէս յետոյ՝ ԱՄՆ-ի նախագահ Օբաման դա բնութագրեց.- «Դէպի ժողովրդավարութիւն անցում», «փոփոխութիւն եւ առաջադիմութիւն» եւ ... «ազատախոհութեան յաղթանակ»... 2- Փոփոխութիւնների ու ժողովրդավարութեան ձգտող Եգիպտոսի ազատախոհները, սակայն, դեռ շարունակում են համախմբւած մնալ «Ալթահրիր» հրապարակի պատւանդանների վրայ եւ ...պահանջատէր լինել Մուբարաքին փոխարինած Զինխորհրդից: 3- Զինխորհուրդը լուծարել է Եգիպտոսի երկպալատ խորհրդարանները, առկախել երկրի Սահմանադրական օրէնքի կիրարկումը ընդհուպ՝ մինչեւ սեպտեմբեր, երբ կայանալու են նոր ընտրութիւններ: 4- Յետմուբարաքային փուլում Զինխորհրդի իշխանախմբից ժողովրդական իշխանութեան անցնելու 8-ամսեայ ինչպիսի՞ հոլովոյթ է ապրելու փոփոխութիւնների տենչած Եգիպտոսի ժողովուրդը: 5- Անցումային կարճատեւ թէ երկարատեւ փուլից յետոյ (դեռ ժողովրդի արձագանգը մի կողմ թողած)՝ ի՞նչ երաշխիքներով են օժտւած լինելու Զինւորական խորհրդի այն յայտարարութիւնները, որոնց համաձայն՝ տեղի կունենան ժողովրդավարական ընտրութիւններ եւ կը ձեւաւորւեն ժողովրդաընտիր կառավարութիւն-խորհրդարաններ: 6- Եգիպտոսը, ինչ խօսք, միջազգային համբաւ է վայելում նաեւ ու մանաւանդ իր դերով ու դիրքով՝ տարածաշրջանի հաշւին ու յատկապէս Իսրայէլի նկատմամբ իր դիրքորոշմամբ, որը, պարզ է, վերջին 30 տարում համահունչ է եղել ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականութեանը, այն է՝ Իսրայէլ պետութեան լիարժէք անվտանգութիւնը: -ԱՀԱՒԱՍԻԿ.- 7- Պատկերացնենք մի պահ Կահիրէի «Ալթահրիր» հրապարակը. հարիւրհազարաւոր ցուցարարներ՝ պաղեստինեան իրաւազուրկ ժողովրդի դատին ի պաշտպան ու Եգիպտոս-Իսրայէլ «Քեմփ Դէյւիդ» պայմանագիրը բեկանել պահանջող... 8- Տւեալ դէպքում (որի հաւանականութիւնը քիչ չէ), նոյն Օբամայի բնութագրականները, թիւ 1-ում արւած, ինչո՞վ կը փոխարինւեն, եթէ ոչ՝ «հակաժողովրդավարներ», «ծայրայեղականներ» ու «տեռորիստներ»-ով... - ՊԱՐԶՒՈՒՄ Է.- 9- ԱՄՆ գերպետութեան ու առհասարակ յետնորդ եւրոկառոյցների համար ազատախոհական գաղափարներն ու ազատատենչ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների կիրառելիութիւնը հասունանում են ոչ թէ երկարուձիգ 30 տարիների «խաղաղ» պայմաններում, այլեւ անհրաժեշտ են եւս որոշիչ յաւելեալ 18 օրեր, որպէսզի իրենց վրայ խարանւած ամօթի տեսարանները «քողարկեն» ժողովրդավարութի՜ւն, փոփոխութի՜ւն, ազատախոհութի՜ւն պիղատոսաբանութիւններով...
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը