Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մանուկ Հիսուսին<br /> տաճարին ընծայման տոնը<br />


Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մանուկ Հիսուսին
տաճարին ընծայման տոնը

  • 14-02-2011 18:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 14-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց 40-օրեայ մանուկ Հիսուսին տաճարին ընծայման տոնը: Տոնի սկիզբն ազդարարուեց փետրուարի 13-ի երեկոյեան. Հանդիսապետութեամբ Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Էջմիածնի Մայր Տաճարում կատարուեց նախատօնակի արարողութիւն: Արարողութեանը յաջորդեց անդաստանի կարգը, որի ընթացքում օրհնուեցին աշխարհի չորս կողմերը: Այնուհետեւ Մայր Տաճարի Իջման խորանից վառուած մոմով Ս. Տրդատի բաց խորանի հարեւանութեամբ վառուեց մեծ խարույկը` իբրեւ Քրիստոսին խորհրդանշող լոյս: Գեւորգեան հոգեւոր ճեմարանի սաները հանդէս եկան շարականների եւ ազգային երգերի կատարումներով, արարողութեանը ներկայ հավատացեալները խարոյկից վառուած մոմեր տարան իրենց օջախները: Փետրուարի 14-ին Մայր Տաճարում մատուցուեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վարդան աբեղայ Նաւասարդեանը: Հայր Սուրբն իր քարօզում անդրադարձաւ տոնի խորհրդին: Նշելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ այս օրը հռչակուած է նաեւ նորապսակների օրհնութեան օր, Հայր Սուրբն անդրադարձաւ ընտանեկան արժէքների պահպանման անհրաժեշտութեանը` ասելով. «Հայոց ընտանիքը դարերի ընթացքում միշտ դարձել է հայ ժողովրդի գոյատեւման եւ ազգային-հոգեւոր արժէքների պահպանման ամուր եւ անխորտակելի միջնաբերդը: Հայ ընտանիքն իր արժէքային սկզբունքներով եւ աւանդոյթներով մշտապէս շարունակականութիւն է փոխանցել հայ ժողովրդին` դառնալով Երկնքի Արքայութեան այն փոքրիկ մանրակերտը, որի մէջ այր եւ կին իրենց առողջ սիրոյ յարաբերութեամբ պէտք է երջանկանային եւ այդ մթնոլորտի մէջ ծնեին իրենց սիրոյ պտուղին եւ պիտի դաստիարակեին առողջ հոգով եւ առողջ մարմնով»: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, հաւարտ Սուրբ Պատարագի կատարուեց նորապսակ զույգերի օրհնութեան կարգ:
  -   Հասարակութիւն