Օրերս «Շիրակացու օրեր» փառատօնի շրջանակներում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզադահլիճում Անանիա Շիրակացու անուան ճեմարանի եւ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բասկետբոլի հաւաքական թիմերի միջեւ կայացաւ ընկերական հանդիպում:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ճեմարանականներին ողջունեց գեղեցիկ կազմակերպուած միջոցառմամբ, որից յետոյ կրթահամալիրի տնօրէն Աշոտ Բլեյեանը անձամբ դիմաւորեց եւ ողջունեց ճեմարանականներին, սաների հետ շրջեց եւ ծանօթացրեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետ:
Մրցումների ժամանակ Անանիա Շիրակացու անուան ճեմարանի բասկետբոլի տղաների հաւաքականը ցուցաբերեց բարձր ֆիզիկական պատրաստուածութիւն, կամային լաւ որակներ, ընկերասիրութիւն, յարգալից վերաբերմունք հակառակորդի հանդէպ եւ եւ յաղթանակ տօնեց:
Աղջիկների հաւաքականը, չնայած յամառ պայքարին, զիջեց ուժեղ մրցակից:
«Արտաուսումնական պարապմունքները շատ կարեւոր նշանակութիւն ունեն սաների ընդհանուր ֆիզիկական պատրաստուածութեան մակարդակը բարձրացնելու եւ հետաքրքրութիւն առաջացնելու տարբեր մարզաձեւերի հանդէպ: Ճեմարանում գործում է բասկետբոլի սիրողական հաւաքական թիմ, որը յաճախ մասնակցում է մրցումների տարբեր կամաւոր մարզական ընկերութիւնների, բուհերի , Հայաստանի հաւաքական թիմերի հետ եւ ունի մեծ յաջողութիւններ: Արտաուսումնական պարապմունքները նպաստում են նաեւ առողջութեան ամրապնդմանը, շարժողական ակտիւութեան բարձրացմանը, ուսումնական գործընթացում մտաւոր յոգնածութեան վերականգնմանը»,- Նտ-ի թղթակցին ասաց Անանիա Շիրակացու անուան ճեմարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուսաննա Հովեյեանը: