Իրանը աներկբայօրէն վերահաստատեց իր ուրոյն դիրքորոշումը


Իրանը աներկբայօրէն վերահաստատեց իր ուրոյն դիրքորոշումը

  • 10-02-2011 17:26:46   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ 10 փետրւարի 2011 թ. Կրկին անգամ խորհրդարանը հանդիսացաւ կիզակէտը՝ գործադիր-օրէնսդիր ատեանների բախման, եւ սա այն դէպքում, երբ երկիրը վերջին շաբաթւայ ընթացքում պատրաստւում էր Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 32-րդ տարեդարձի նշանաւորմանը, որն էլ եզրայանգելու է վաղւայ ժողովրդական մեծ քայլարշաւով: Արտաքին քաղաքական ոլորտում, սակայն, Իրանը աներկբայօրէն վերահաստատեց իր ուրոյն դիրքորոշումը՝ ինչպէս Թունիսի, այնպէս էլ՝ Եգիպտոսի իրադարձութիւնների վերաբերեալ, նոյնինքն երկրի հոգեւոր առաջնորդ այաթօլլահ Խամենէիի յստակ բնութագրումներով: * * * Իրանական ներքին հասարակական-քաղաքական դաշտը անցնող շաբաթւայ ընթացքում եւս հանդիսացաւ այն ասպարէզը, որտեղ սուր մրցակցութեան-չասելու համար հակադրութեան-դրսեւորումներով հանդէս եկան երկուստեք՝ օրէնսդիրն ու գործադիրը: Դեռ նախորդ շաբաթւայ հակադրութեան (որն արդիւնք էր նախագահ Ահմադինեժադի խորհրդարանին ուղղւած բաց նամակի եւ որտեղ նա խորհրդարանի հետ միաժամանակ մեղադրել էր նաեւ դատական ատեանին ու Ռաֆսանջանիի գլխաւորած «Համակարգի նպատակայարմարութիւնը ճշտորոշող ժողով»-ին, որ իբր վերջիններս արգելակում են կառավարութեան սահուն գործունէութիւնը), կրքերը չմեղմացւած՝ անմիջապէս դրանց բարդւեց հակադրութեան մի նոր երեւոյթ եւ դա խորհրդարանի կողմից ձայների մեծամասնութեամբ տրանսպորտի նախարար Բեհբահանիին նախ խիստ հարցապնդման եւ ապա՝ պաշտօնանկ անելու քայլն էր, որին գնացին խորհրդարանականներն անդրդւելիօրէն, յատկապէս երբ նախարարն հարցապնդման նիստի հրաւէրն առ ոչինչ համարեց..., չնայած՝ նախարարն առանց այդ էլ, վերջին երկու տարիներին, նոյն խորհրդարանի կողմից դիտողութիւնների ու «իմփիջմենտների» էր արժանացել՝ օդանաւային յաճախակի պատահարների եւ ճանապարհաշինական-վարչական թերութիւնների ու բացթողումների պատճառով: Այսպէս՝ նախագահի ամենասիրած նախարարը (նրա համակիրները նրան «Իրանի ճանապարհների հայր» կոչումն էին շնորհել) այդպիսով խորհրդարանից անվստահութեան քւէ ստանալով՝ նոր հակադրութեան դուռ բացեց խորհրդարանի ու կառավարութեան առջեւ: Կառավարամէտ պատգամաւորներն ու մամուլը Բեհբահանիի պաշտօնազրկումը բնութագրեցին «քաղաքական քայլ՝ խօսնակ Լարիջանիի գլխաւորութեամբ», իսկ վերջնիս համախոհները յայտարարում էին թէ՝ «նման պաշտօնանկումը տօնական օրերի սկզբում ոչ միայն անյարմար չէ, այլեւ բարեբաստիկ իրողութիւն է...»: Ինչեւէ, հարցն այդքանով չաւարտւեց, քանզի նախագահը որպէս հակաքայլ խորհրդարանին՝ անմիջապէս իր պաշտօնազուրկ նախարարին նոր պաշտօն շնորհեց՝ «նախագահի օգնական-խորհրդական՝ տրանսպորտային հարցերում...»: Օրէնսդիր-գործադիր մի այլ «միջադէպ» պէտք է համարել դեռ մինչ տրանսպորտի նախարարի հարցը եւ դա նախագահի կողմից առաջադրւած Սալեհիի թեկնածութիւնն էր՝ արտգործնախարարի պաշտօնում, որին պէտք է ասել՝ խորհրդարանը նւազագոյն քւէներով (146՝ 290-ից) արձագանգեց, յատկապէս որ նոյն խորհրդարանը խիստ վրդովւած էր մնացել նախկին արտգործնախարար Մոթթաքիից «ձերբազատւելու» գործընթացից... Ահաւասիկ, թւում է, թէ ժամանակաւոր «հրադադար» է լինելու խորհրդարանի ու կառավարութեան միջեւ՝ նկատի ունենալով յեղափոխութեան յաղթանակի տարեդարձը, սակայն այժմից պարզ է, որ յաջորդ դիմառնութեան թեման հանդիսանալու է տարեկան բիւջէի քննարկման օրակարգը, որն առանց այդ էլ՝ կառավարութեան կողմից ուշացած է ներկայացւելու խորհրդարանին եւ որ արդէն իսկ պատգամաւորներն ի տես դրա՝ դժգոհանքի արտայայտութիւններով են հանդէս գալիս օրէնսդիրի ամբիոնից: * * * Արտաքին քաղաքական ասպարէզում Իրանի Իսլամական Հանրապետութեան հայեացքը եւս խոշոր տոկոսով սեւեռւած էր Աֆրիկեան ցամաքամասի արաբական երկրների ուղղութեամբ եւ այնտեղ ընթացող շրջադարձային իրողութիւններին. պետական ամենաբարձր մակարդակների դիրքորոշումները, նշուշտ, չուշացան: Դրանք, սակայն, բարձրաձայնւեցին նոյնինքն պետական ամենաբարձր օղակում գտնւող հոգեւոր առաջնորդութեան կողմից՝ վերջին ուրբաթօրեայ հասարակաց աղօթքի ընթացքում: Անկախ այն հանգամանքից, որ թունիսա-եգիպտական ժողովրդական ընդվզումներն ու խռովութիւնները համընկնում էին իրանական փետրւարեան յեղափոխութեան ամեակին, այաթօլլահ Խամենէին յստակ ու նոյնանման զուգահեռներ գծեց դրանց միջեւ ու դրանցում առանցքային մղիչ գործօն համարեց իսլամատենչութիւնը եւ որպէս քաղաքական առարկայական պատճառ՝ հակաիսրայէլական զարթօնքը՝ տւեալ արաբական երկրներում: Ըստ հոգեւոր առաջնորդ Խամենիէիի՝ «Եգիպտոսի ժողովուրդը այլեւս չէր կարող հանդուրժել այնպիսի իշխանութեան, որ երեք տասնամեակ անընդմէջ հովանաւորել է սիոնիստական վարչախմբին..., մի իշխանութիւն, որ արգելափակում էր շարունակ դէպի Գազա օժանդակելու ճանապարհները»: Այաթ. Խամենէին օրինակներ ներկայացնելով Իրանի 1979 թւականի Իսլ. յեղափոխութեան դրւագներից՝ կոչ ուղղեց Եգիպտոսի բանակայիններին, որպէսզի վերջիններս միանան ժողովրդական շարքերին, այնպէս, ինչպէս միացան Իրանի բանակայինները եւ դրանով ջարդեցին շահական ռեժիմի ողնաշարը: Հոգեւոր առաջնորդի յայտարարութիւններին յաջորդեց զինեալ ուժերի ընդհանուր հրամանատարութեան տեղակալի նոյնիմաստ կոչը՝ իր եգիպտացի գործընկերոջը, իսկ արտաքին արձագանգների շարքում յատկանշական էին Լիբանանի «Հեզբօլլահ»-ի առաջնորդ Նասրօլլահի այաթ. Խամենէիին ձայնակցելու արտայայտութիւնները՝ ուղղւած Թունիսի եւ յատկապէս Եգիպտոսի ժողովրդին, որոնց ընդվզումը ըստ Նասրօլլահի՝ աւելիով է տկարացնելու իսրայէլական ոտնձգիչ կառավարութեան դիրքերը՝ տարածաշրջանում: Դ. Մ.
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը