Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով աւտոմեքենաների վարորդներ դիմում-բողոք են յղել Հայաստանի իշխանութիւններին<br />


Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով աւտոմեքենաների վարորդներ դիմում-բողոք են յղել Հայաստանի իշխանութիւններին

  • 08-02-2011 19:17:13   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԳԻՒՄՐԻ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ։ Փետրուարի 8-ին Գիւրմիից ստացուել է հաղորդագրութիւն, որում Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով աւտոմեքենաների հազարաւոր վարորդները դիմում-բողոքով դիմել են Հայաստանի իշխանութիւններին: Փաստաթղթում, մասնաւորապէս, ասուած է. «Մենք` Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով աւտոմեքենաների վարորդներս, ստիպուած դիմում ենք ձեզ ներկայացնելով մեր խնդիրներն ու պահանջները: Մեզ համար անընդունելի են մշակուած եւ ընդունուած այն օրէնսդրական փոփոխութիւնները, որոնց համաձայն վրացական պետհամարանիշերով աւտոմեքենաները Հայաստանում ՀՀ քաղաքացին կարող է վարել միանուագ մուտքով առաւելագոյնը 15-օրեայ ժամկէտով, եւ, որոնցով մեզ ստիպում են մաքսազերծել այդ աւտոմեքենաները խայտառակ բարձր գներով, որ մենք ի վիճակի չենք: Տեղեկացնում ենք, որ մենք այդ աւտոմեքենաները վարում ենք վրացական պետական համարանիշերով այն հասարակ պատճառով, որ մեր ֆինանսական վիճակը հայաստանեան օրէնսդրութեամբ եւ ՀՀ Պետական եկամուտների կոմիտէի քմահաճօրէն սահմանած առասպելական սակագներով թոյլ չի տալիս մեզ մաքսազերծել, աւել գումար ունենալու դէպքում աւելի թանկարժէք մեքենայ ձեռք կը բերէինք, կամ եթէ իմանայինք, որ հայրենի կառավարութիւնը նման դաւադիր օրէնսդրական փոփոխութիւն էր ընդունելու, այդ մեքենաները պարզապէս չէինք գնի եւ ժամանակաւոր ներկրի Հայաստան: Մենք վստահ ենք, որ վերոյիշեալ փոփոխութիւնները ՀՀ օրէնսդրութեան մէջ արուել են առանց տասնեակ հազարաւոր հայաստանեան ընտանիքների շահերը հաշուի առնելու, առանց այդ փոփոխութիւնների տնտեսագիտական, սոցիալական եւ ժողովրդագրական հետեւանքները հաշուարկելու, ունենալով, լաւագոյն դէպքում մէկ նպատակ` ամէն գնով բիւջէ լցնել, իսկ վատագոյն դէպքում` շարունակել հայաթափել Հայաստանը: Բացի վերոյիշեալը, այդ օրէնսդրական փոփոխութիւնները խոչընդոտում են Ջավախքի մեր հայրենակիցների ազատ տեղաշարժը Շիրակի մարզում եւ Հայաստանի Հանրապետութիւնում: Պարոնայք իշխանաւորներ, խնդիրը խաղաղութեամբ կարգաւորելու համար դիմում ենք ձեզ, ներկայացնելով հետեւալ պահանջները, առաջարկելով շուտափոյթ կատարել դրանք. Հայաստանում վրաստանեան պետհամարանիշերով աւտոմեքենաների երթեւեկութեան համար վերականգնել այն օրէնսդրական ռեժիմը, ինչ գործում էր մինչ 2010 թուի վերջը: Հայաստանում վրաստանեան պետհամարանիշերով աւտոմեքենաների երթեւեկութեան հին ռեժիմի վերականգնման հետ մէկտեղ, առաջարկում ենք ամսական մէկ անգամ սահման հատելու պարտադրանքի փոխարէն մտցնել ամսական վճար` 2000-ական դրամ, որը այդ մեքենաների վարորդներս պարտաւոր կը լինենք վճարել պետական բիւջէ առանց սահմանը հատելու: Արմատապէս բարեփոխել ներկրուող աւտոմեքենաների մաքսազերծման վճարների հաշուարկի համակարգը, դրոյքաչափերը եւ վճարները, այնպէս, որ շարքային քաղաքացիներիս համար շահեկան լինի մեքենաներ ներկրել եւ մաքսազերծել: ՀՀ գործող օրէնսդրութեան մէջ այնպիսի փոփոխութիւններ կատարել, որ հնարաւոր դառնա վրաստանեան պետհամարանիշերով աւտոմեքենաների վարումը լիազօրագրով վստահել այլ անձանց: Պարտաւոր ենք ձեզ տեղեկացնել, որ մենք մեր շահերի եւ սահմանադրական իրաւունքների պաշտպանութեան համար պայքարելու ենք վճռականօրէն, հետեւողականօրէն, դիմելու ենք օրէնքով չարգելուած բոլոր միջոցներին, ժողովներ, երթեր եւ հանրահաւաքներ ենք կազմակերպելու, դիմելու ենք հասարակութեան օժանդակութեանը, այս խնդրի լուծման համար դիմելու ենք միջազգային հանրութեանը, օտար երկրների իշխանութիւններին: Ձեզ կոչում ենք ողջամտութեան, սեփական քաղաքացիների շահերն իսկապէս եւ ոչ թէ խօսքով ու ձեւականօրէն պաշտպանելու: Շիրակի մարզի վրաստանեան պետհամարանիշերով աւտոմեքենաների մի քանի հազար վարորդների անունից» Դիմում-բողոքն ուղարկուել է, մասնաւորապէս, ՀՀ Նախագահ Ս.Սարգսեանին, ՀՀ ԱԺ նախագահ Հ.Աբրահամեանին, ՀՀ Վարչապետ Տ.Սարգսեանին, ՀՀ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրեանին, Գիւմրու քաղաքապետ Վ.Ղուկասեանին, Շիրակի մարզպետ Ա.Գիզիրեանին, Շիրակի մարզից բազմաթիւ պատգամաւորներին, Գիւմրու աւագանու անդամներին եւ ՀՀ Ոստիկանութեան Շիրակի մարզային վարչութեան պետ Ա.Տէր-Թադեւոսեանին:
  -   Հասարակութիւն