Մայր Աթոռ Ս. Էջմիածնի <br /> Տեղեկատուական Համակարգի <br /> տնօրէնը հերքում է «Հրապարակի» հրապարակումը<br />


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի
Տեղեկատուական Համակարգի
տնօրէնը հերքում է «Հրապարակի» հրապարակումը

  • 07-02-2011 14:33:35   | Հայաստան  |  Հասարակութիւն
««Հրապարակ» օրաթերթի փետրուարի 5-ի համարում «Ֆրանսիայի հայ համայնքը դժգոհ է Էջմիածնից» յօդուածում տեղ գտած մտահոգութիւններն անհիմն են եւ չեն համապատասխանում իրականութեանը»,- ասուած է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատուական Համակարգի տնօրէն` Տ. Վահրամ քահանայ Մելիքեանի տարածած հաղորդագրութեան մէջ: Տ. Վահրամ քահանայ Մելիքեանը, մասնաւորապէս, նշում է. «Այս առնչութեամբ տեղեկացնում ենք, որ 2009թ. նոյեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարուած Թեմական-ներկայացուցչական ժողովում թեմերից ժամանած առաջնորդները եւ աշխարհական պատուիրակները հաստատեցին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր թեմերի համար տիպային կանոնադրութիւն, որտեղ յստակեցուեցին թեմական-եկեղեցական կանոնադրութիւնների հիմնական սկզբունքները: Այդ թուականից ի վեր բոլոր թեմերում աշխատանք է տարւում, որպէսզի միօրինակութեան բերուեն թեմական եւ ծխական կանոնադրութիւնների հիմնական սկզբունքները: Ֆրանսիայի Հայոց թեմի պարագային եւս վերատեսութեան է ենթարկուելու թեմական կանոնադրութիւնը, որպէսզի Եկեղեցու սկզբունքներին հակասող կանոնադրական յօդուածները փոխարինուեն Թեմական-ներկայացուցչական ժողովի կողմից որդեգրած՝ Եկեղեցու աւանդութեանն ու կանոններին համահունչ յօդուածներով: Հերիւրանք է նաեւ այն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանում է. «ձեռք գցել Սփիւռքի եկեղեցիների ֆինանսներին եւ ինքը տնօրինել դրանք»: Վերոյիշեալ թեմական տիպային կանոնադրութեան համաձայն, որը հաստատուած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, թեմական եւ ծխական կալուածքները համարւում են համայնքի սեփականութիւն: Վստահ ենք, որ Ֆրանսիայի Հայոց Թեմի առաջնորդի եւ պատկան կառոյցների աշխատանքի արդիւնքում կը փարատուեն Ֆրանսիայի մեր հայ համայնքում տեղ գտած թիւրըմբռնումներն ու մտահոգութիւնները»: Ստորեւ ներկայոացնում ենք «Հրապարակ» օրաթերթի շաբաթ օրուայ վերոյիշեալ հրապարակումը. «Ֆրանսիայի տարբեր քաղաքներում գտնուող Հայ առաքելական եկեղեցիների հոգաբարձուների խորհրդի անդամները վերջերս բաց նամակով դիմել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորուան արքեպիսկոպոս Զաքարեանին: Նամակում եկեղեցու ղեկավար մարմին հանդիսացող խորհրդի անդամները մտահոգութիւն են յայտնել Ֆրանսիայի թեմում ստեղծուած իրավիճակի առթիւ: Մասնաւորապէս, որ Էջմիածնի կողմից փորձ է արւում փոխել մինչ այժմ գործող կարգը եւ տեղական համայնքի խորհուրդների կողմից եկեղեցիները ղեկավարելու փոխարէն դրանք կառավարել Էջմիածնի ու կաթողիկոսի կողմից: Հոգաբարձուները նամակում յայտարարում են, որ ղեկավարման նման պրոցեսն անհասկանալի է իրենցից շատերի համար: Ֆրանսահայերի երկրորդ մտահոգութիւնն այն է, որ Էջմիածինն ուզում է ձեռք գցել Սփիւռքի եկեղեցիների ֆինանսներին ու ինքը տնօրինել դրանք, մինչդեռ Ֆրանսիայում եկեղեցու ֆինանսները տնօրինւում են եկեղեցու հոգաբարձուների խորհրդի որոշումներով: Նշենք, որ դեկտեմբերին Ֆրանսիայ էր այցելել Ամենայն հայոց կաթողիկոսը: Այսօր Ֆրանսիայի հայ համայնքում սա ամենաքննարկուող թեմաներից է, որը նաեւ լայնօրէն լուսաբանում է ֆրանսահայ մամուլը»: http://www.hraparak.am/2011/02/05/fransiayi-hay-hamajnqy-dzhgohe-ejmiatsnic/
  -   Հասարակութիւն