Աշոտ Բլէեան. «Երկպալատ խորհրդարանի գաղափարը միջազգային
իրաւունքի տեսակետից անընդունելի է»
04-02-2011 20:58:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում երկպալատ
խորհրդարան ունենալու գաղափարը նոր չէ: Ինչպէս փետրուարի 4-ի
ասուլիսում յայտարարեց «Ազգ» օրաթերթի գլխաւոր խմբագիր եւ
Արմէնական ռամկավար ազատական կուսակցութեան ատենապետ Յակոբ
Աւետիքեանը, այն ստեղծելու խօսակցութիւններ եւ սփիւռքահայութեանը
միաւորելու եւ ինչ-որ կերպ դրան ներկայացուցչական մարմնով օժտելու
ուղղութեամբ փորձեր էին կատարւում նաեւ անցեալ դարի 70-ականներին,
սակայն դրանք բոլորը ձախողուել էին կամ տեղային մակարդակում մնացել:
Ըստ ԱՌԱԿ-ի ատենապետի, այդ գաղափարը պէտք է մշակուէր ու քննարկվեր
մասնագէտների կողմից եւ յետոյ միայն հրապարակ իջեցվեր:
Հ.Աւետիքեանը գտնում է, որ երկպալատ խորհրդարանի գաղափարը
երկքաղաքացիներին է վերաբերում: «Եթէ նախորդ տարի` 2009թ.-ին, 4500
հոգի էր ընդունել երկքաղաքացիություն, ապա 2010-ին` 10 500 հոգի:
Եթէ այս դինամիկան շարունակուի, ապա մի քանի տարի յետոյ 30-40 հազար
երկքաղաքացի կունենանք: Իսկ թէ երկքաղաքացիները երկպալատանի
խորհրդարանի պարագայում ինչպէս եւ որտեղ պէտք է ներկայացուած լինեն,
պարզ չէ: Եթէ երկպալատ խորհրդարանի գաղափարը երկքաղաքացիներին է
վերաբերում, ապա այդ հարցում մենք միջազգային իրաւունքի տեսակետից
խնդիրներ չենք ունենայ: Սակայն հնարաւոր է, որ բազմաթիւ այլ
խնդիրներ առաջանան»,- ասաց Հ.Աւետիքեանը:
Իսկ ըստ Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրէն Աշոտ
Բլէեանի, սփիւռքի նախարարի յայտարարութիւնը չի կարող իրատեսական
լինել, քանի որ դրա ստեղծումը բազմաթիւ իրաւական խնդիրներ կարող է
առաջացնել ոչ միայն երկրի ներսում, այլեւ դրսում: «Երկրի ներսում
գուցէ կարողանանք իրաւական դաշտը յարմարեցնել երկպալատ խորհրդարանի
ձեւաչափին, սակայն միջազգային իրաւունքի տեսակետից դա անընդունելի
է, հետեւաբար կհակասի նաեւ բազմաթիւ միջազգային ակտերի»,- նշեց
Ա.Բլէեանը: