Երեւանի կանաչ գօտիներում շինարարութեան համար տարածք չի
յատկացուելու
03-02-2011 19:36:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Քաղաքային տնտեսութեան
կառավարման ոլորտում փորձի փոխանակման, մասնագէտների
վերապատրաստման, կրթութեան, խորհրդատուական ծառայութեան եւ
ներդրումային դաշտի զարգացման հետ կապուած հարցերն են քննարկուել
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետեանի եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ
Հիւսիսային Իռլանդիայի Միացեալ Թագաւորութեան արտակարգ եւ լիազօր
դեսպան Չարլզ Լոնսդեյլի փետրուարի 3-ի հանդիպման ընթացքում:
Կ.Կարապետեանը նշել է, որ Երեւանի տնտեսութեան մէջ հնարաւորին
շատ ներդրումային միջոցների ներգրաւումը քաղաքապետարանի
գերակայութիւններից մէկն է: «Երեւանում թափանցիկ, դիւրին եւ
մատչելի բիզնես միջավայրի ապահովման նպատակով քաղաքապետարանում
բիզնես ծրագրերի աջակցման եւ զարգացման նոր կառոյց է ստեղծուել:
Երեւանը պէտք է դառնայ բիզնեսի համար գրաւիչ մայրաքաղաք»,- ասել է
քաղաքապետը:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ
հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, զրոյցի
ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ քաղաքաշինական ծրագրերի
վերաբերեալ: Կ.Կարապետեանը յայտարարել է, որ Երեւանի կանաչ
գօտիներում շինարարութեան համար տարածք չի յատկացուելու եւ
մայրաքաղաքում սկզբունքօրէն ձեւաւորուելու է կանաչապատման նոր
մշակոյթ: