Սեյրան Օհանեան. Բանակի հզօրացման, մարտունակութեան բարձրացման գործընթացը մեզ համար աւարտ չպէտք է ունենա


Սեյրան Օհանեան. Բանակի հզօրացման, մարտունակութեան բարձրացման գործընթացը մեզ համար աւարտ չպէտք է ունենա

  • 27-01-2011 21:00:08   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 27 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ազգային բանակը իր կենսագրութեան երկրորդ տասնամեակն աւարտում է որպէս տարածաշրջանի մարտունակ բանակներից մէկը՝ համալրուած ժամանակակից սպառազինութեամբ եւ տեխնիկայով, անձնակազմի բարձր արհեստավարժութեամբ, յաջողութիւններն ու ձեռքբերումներն անընդհատ զարգացնելու վճռականութեամբ։ Հայոց բանակի կազմաւորման 19-րդ տարեդարձի առթիւ Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնում յունուարի 27-ի հանդիսութեանը յայտարարեց Հայաստանի պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը։ Նա ընդգծեց, որ ասուածը գովաբանութիւն չէ, այլ բազմիցս ՀԱՊԿ, Նատօ-ի շրջանակներում անցկացուած միջազգային զօրավարժութիւններում, ինչպէս նաեւ Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում միջազգային խաղաղապահ գործունէութեանը մասնակցած հայ խաղաղապահների ծառայութեան վերաբերեալ հնչեցուած բարձր գնահատականներ։ «Յաղթելով արցախեան պատերազմում՝ մենք վերահաստատեցինք մեր ժողովրդի արժանի տեղը ազգերի ընտանիքի մէջ»,- յաւելեց ՀՀ պաշտպանութեան նախարարը։ Ս.Օհանեանն ընդգծեց, որ ձեռք բերածի վրայ պէտք չէ կանգ առնել. «Բանակի հզօրացման, մարտունակութեան բարձրացման գործընթացը սկիզբ ունի, եւ, եթէ չենք ցանկանում զգալ պարտութեան դառնութիւնը, չենք ցանկանում մարդկային եւ տարածքային կորուստներ ունենալ, ապա մեզ համար այն աւարտ չպէտք է ունենա»։ Պաշտպանական գերատեսչութեան ղեկավարը նշեց նաեւ, որ երկրի առջեւ այսօր էլ արտաքին եւ ներքին լրջագոյն մարտահրաւէրներ էն ծառացած. «Ադրբեջանը` անցած տարիների ընթացքում ուշքի գալով կրած պարտութիւնից, արդիականացնելով իր զինուած ուժերը, առիթը բաց չի թողնում յոխորտալու, սպառնալու նոր պատերազմով, հրադադարի ռեժիմի խախտումներով եւ հետախուզական դիւերսիոն գործողութիւններով», որոնք մինչ այսօր արժանի հակահարուած էն ստացել։ Ըստ նախարարի, չի բացառւում, որ նախաձեռնուէն նոր եւ աւելի ստոր ոտնձգութիւններ ու սադրանքներ. «Այս ամէնը պարտաւորեցնում է մեզ աւելի սթափ ու պատրաստուած լինել», - ասաց նախարարը, կոչ անելով զինծառայողներին ուշադիր ու հոգատար լինել ենթակաների հանդէպ, միաժամանակ՝ էլ աւելի անհպանդուրժող ու խստապահանջ ծառայութեան մէջ տեղ գտած անգամ ամենափոքր թերացումների հանդէպ։ «Միայն այսպէս բանակը կը կարողանայ կատարել ՀՀ նախագահի, ՀՀ զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարի կողմից մեզ տրուած պատգամ-հրամանը՝ եթէ պահը գա, եթէ մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարուածը պէտք է լինի կործանարար ու վերջինը»,- ասաց Սեյրան Օհանեանը։ Նախարարը նկատեց, որ պատմութեանը շատ քիչ դէպքեր էն յայտնի, երբ բանակի կազմաւորումը ընթացել է պատերազմին զուգընթաց. «Ապագայի պատմագիրներին թերեւս անհասկանալի կը լինի, թէ ինչ ուժ, կորով եւ հաւատ պէտք է ունենար մեր սերունդը, որ շրջափակման պայմաններում, կաթուածահար տնտեսութեամբ, ցրտի ու խաւարի մէջ կարողանար Հայաստանի սահմաններում ու Արցախում կենաց մահու պատերազմ մղել սպառազինութեամբ ու թուաքանակով իրէն մի քանի անգամ գերազանցող թշնամու դէմ ու միաժամանակ կազմաւորել կանոնաւոր բանակ»,- ասաց նախարարը։ Նա յաւելեց, որ բոլոր ժամանակներում միասնական Հայոց բանակը անպարտելի է եղել եւ, հակառակը` դաժանօրէն պարտուել, երբ «մեր ժողովուրդը պատրաստ չի եղել համաժողովրդական բանակի վերածուելու»։ Ըստ նախարարի, «սա մի դաս է, որ մենք պէտք է սովորենք մեր անցեալից, իզուր չի ասուած՝ նա, ով չի յիշում իր անցեալը, դատապարտուած է այն նորից վերապրելու»։ Բանակի կազմաւորման տարեդարձի առթիւ մեծ թուով զինծառայողների յանձնուեցին պետական բարձրագոյն եւ գերատեսչական պարգեւներ։ Բանակի օրուայ առթիւ Պաշտպանութեան նախարարութեան գերատեսչական պարգեւներ տրուեցին նաեւ մի շարք լրատուամիջոցների ներկայացուցիչների եւ Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյանին։
  -   Քաղաքական