Թոմաս Համմարբերգը կոչ է անում իշխանութիւններին ազատ
արձակել մարտեան դէպքերի կապակցութեամբ կալանաւորուած անձանց
21-01-2011 21:04:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոխորհրդի Մարդու
իրաւունքների յանձնակատար Թոմաս Համմարբերգի առաջիկայ զեկոյցում
կարտացոլուի նրա խոր մտահոգութիւնը 2008թ. մարտեան
իրադարձութիւնների ժամանակ 10 մահուան դէպքերի հանգամանքները
չբացայայտուելու կապակցութեամբ: Յայտնելով այս մասին Հայաստան
կատարած իր քառօրեայ այցի աւարտին` յունվարի 21-ի ասուլիսում, նա
յայտարարեց, որ այդ գործերի չբացահայտումը լուրջ ձախողում է եւ ըստ
էութեան համարժէք է անպատժելիութեան: Յանձնակատարն ընդգծեց, որ
պէտք է լուծել այդ 10 հոգու մահուան հանգամանքների
չբացահայտվածության եւ ազատազրկուածների խնդիրը:
Թ.Համմարբերգը յայտնեց, որ Հայաստանի իշխանութիւնների հետ
հանդիպումների ընթացքում կոչ է արել եւ միջնորդել ազատ արձակել
Երեւանում 2008թ. մարտեան իրադարձութիւնների հետեւանքով
անազատութեան մէջ գտնուող անձանց: Յանձնակատարն այցի ընթացքում
այցելել է Երեւանի «Դատապարտեալների հիւանդանոց» եւ Արթիկի
քրէակատարողական հիմնարկներ, զրուցել ԱԺ նախկին պատգամաւոր Սասուն
Միքայելեանի, լրագրող Նիկոլ Փաշինյանի, Յարութիւն Ուռուտյանի,
ինչպէս նաեւ այն կալանաւորների հետ, ովքեր հրաժարուել են
այլընտրանքային զինուորական ծառայութիւնից կրոնական համոզմունքների
պատճառով: Թ.Համմարբերգը նշեց, որ մարտիմեկյան գործերով
դատավարութիւնների ԵԱՀԿ-ի կողմից կատարուված դիտարկման զեկույցով
լրջօրէն քննադատութեան է ենթարկուել այդ դատավարութիւնների
անցկացման ընթացքը, կարգը, բարձրացուել է դատաւորների
անկողմնակալութեան, ինչպէս նաեւ դատավարութիւններում որպէս հիմք
ընդունուած ապացոյցների հիմնաւորուածութեան խնդիրները: «Մենք,
իհարկէ, ողջունեցինք համաներման մասին որոշումը, սակայն
համաներումից յետոյ էլ դեռ բանտերում մնում են որոշ մարդիկ, ովքեր
կապուած են եղել 2008թ. մարտեան իրադարձութիւններին: Այդ գործերը
ես քննարկել եմ իշխանութիւնների հետ»,- ասաց Թ.Համմարբերգը:
Հանձնակատարը մտահոգութիւններ ունի նաեւ մարտեան
իրադարձութիւնների ժամանակ ոստիկանութեան գործելակերպի ոչ բաւարար
արհեստավարժ լինելու կապակցութեամբ: Այս հարցով քննարկումներ են
տեղի ունեցել Հայաստանի ոստիկանութեան պետի տեղակալ Արթուր
Օսիկյանի հետ, ով ներկայացրել է ոստիկանութեան արհեստավարժութեան
մակարդակը բարձրացնելուն ուղղուած գործողութիւնների ծրագիրը:
Որպէսզի բացառուի մարտեան դէպքերի կրկնութիւնը, դատարանների
գործելակերպին առնչուող գործողութիւնների ծրագիր է ներկայացրել
արդարադատութեան նորանշանակ նախարար Հրայր Թովմասեանը:
Բանակում բռնութիւնները բացառելու համար, ըստ Թ.Համմարբերգի,
շատ յստակ կանոններ պէտք է սահմանվեն, անցկացուի ամբողջ անձնակազմի
վերապատրաստում, ինչպէս նաեւ ստեղծուի բողոքարկման արդիւնաւէտ
համակարգ, որին անկաշկանդ եւ առանց բռնութեան կրկնության վտանգ
զգալու կկարողանան դիմել բռնութեան ենթարկված անձինք: Ըստ ԵԽ
պաշտօնեայի, պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանյանը եւ զինդատախազ
Գեւորգ Կոստանեանը շատ դրականօրէն են արձագանքել այս
առաջարկութիւններին:
Հանձնակատարը նշեց նաեւ, որ որոշակի մտահոգութիվւն կայ
լրատուական դաշտում, մասնաւորապէս. հեռուստատեսութեան ոլորտում
բազմախոհության աստիճանի կապակցութեամբ: Այդ հարցը Հանձնակատարը
քննարկել է Հեռուստատեսութեան եւ ռադիոյի ազգային յանձնաժողովի
նախագահ Գրիգոր Ամալեանի հետ` հիմնականում «Ա1+» եւ «ԳԱԼԱ»
հեռուստաընկերությունների եթերազրկման հետ կապուած:
Թ.Համմարբերգն ընդգծեց, որ Ստրասբուրգ վերադառնալուց յետոյ իր
այցի վերաբերեալ զեկոյց կգրուի` որոշակի առաջարկութիւններով եւ
յանձնարարականներով, որը նախ կներկայացուի կառավարութեանը, ապա
կհրապարակուի: