Նախատեսւում է մեծացնել Աֆղանստանում ՄԱԱՈՒ-ի կազմում ՀՀ զօրախմբի թուաքանակը <br /> եւ երկարաձգել մասնակցութեան ժամկէտը


Նախատեսւում է մեծացնել Աֆղանստանում ՄԱԱՈՒ-ի կազմում ՀՀ զօրախմբի թուաքանակը
եւ երկարաձգել մասնակցութեան ժամկէտը

  • 10-05-2011 16:17:05   | Հայաստան  |  Քաղաքական
Գերմանիայի Դաշնութեան պաշտպանութեան նախարարութիւնն ամենաբարձր գնահատականն է տուել իր հրամանատարութեան ներքոյ, Աֆղանստանում Միջազգային անվտանգութեան ապահովման ուժերի (ՄԱԱՈՒ) կազմում, Հայաստանի Հանրապետութեան զօրախմբի մատուցած ծառայութիւններին եւ իր առջեւ դրուած խնդիրների պրոֆէսիոնալ կատարմանը: Նկատի ունենալով Աֆղանստանի վերականգնման գործում ՄԱԱՈՒ-ի իրականացրած առաքելութեան կարեւորութիւնը եւ ՀՀ զինուած ուժերի ստորաբաժանումների կողմից իրենց առջեւ դրուած խնդիրների արդիւնաւէտ իրականացման համար աւելի մեծ մարդկային ռեսուրսների ներգրաւման անհրաժեշտութիւնը, գերմանական կողմի հետ պայմանաւործութիւն է ձեռք բերուել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման կազմում եւս երկու հետեւակային դասակի ներգրաւման եւ մասնակցութեան ժամկէտի երկարաձգման վերաբերեալ: Այս մասին Ազգային ժողովի մայիսի 10-ի նիստում յայտնեց ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը` խորհրդարանի վաւերացմանը ներկայացնելով 2011 թ. մարտի 26-ին եւ ապրիլի 4-ին նամակների փոխանակմամբ կնքուած «2009 թ. հոկտեմբերի 19-ին եւ 2009 թ. հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքուած «Աֆղանստանում միջազգային անվտանգութեան աջակցման ուժերի կազմում ՀՀ զինուած ուժերի ստորաբաժանման մասնակցութեան հետ կապուած Հիւսիսատլանտեան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրաւական հարցերի կարգաւորման վերաբերեալ» համաձայնագրի գործողութեան ժամկէտի երկարաձգման եւ հայկական զօրախմբի թուակազմի աւելացման վերաբերեալ» համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի, ՄԱԱՈՒ կազմում ՀՀ զինուած ուժերի ստորաբաժանումների մասնակցութեան ժամկէտը նախատեսւում է երկարաձգել մինչեւ 2012 թ.-ի դեկտեմբերի 31-ը, իսկ ՀՀ զինուած ուժերի ստորաբաժանման կազմը` ներկայիս 45 հոգուց հասցնել առաւելագոյնը մինչեւ 130-ի, հերթափոխերի ժամանակ` առաւելագոյնը մինչեւ 260-ի: Ինչպէս նշեց Ս.Օհանեանը, լրացուցիչ երկու դասակներն իրականացնելու էն Մազարի-Շարիֆում տեղակայուած հրամանատարութեան պահպանութեան առաքելութիւնը: Ներկայումս 45 հոգուց, այդ թւում 5 հրահանգիչներից, բաղկացած հայկական ստորաբաժանումն իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանաւակայանի թռչքադաշտի, շինութիւնների պահպանութիւնը: Գդհ-ի դաշնային պաշտպանութեան նախարարութեան հետ ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն, գերմանական կողմն իր վրայ է վերցնում հայկական զօրախմբի նիւթատեխնիկական ապահովումը, բոլոր ծախսերը, բացառութեամբ զինծառայողների ամսական լրացուցիչ վարձատրութիւնների: Նախարարի մատուցմամբ, փորձի փոխանակման առումով ՀՀ ԶՈՒ անձնակազմի մասնակցութեան նշանակութիւնն անգնահատելի է: «Դրա շնորհիւ մեր ստորաբաժանումները գործնականում ծանօթանում էն արեւմտեան մարտարուեստի վերջին զարգացումներին ու ռազմական մշակոյթին, մարտական պայմաններում կիրառում էն գերմանական ուժերի կողմից տրամադրուող ամենաարդիական սպառազինութիւնը, ռազմական տեխնիկան ու բարձր տեխնոլոգիաները, որդեգրում էն նոր մարտավարութիւն, եւ այդ ամէնն անգնահատելի է պաշտպանական բարեփոխումների եւ զինուած ուժերի տեսանկիւնից»,-ասաց նախարարը: Նշուեց նաեւ, որ տարածաշրջանի հարեւան երկրներ Վրաստանը եւ Ադրբեջանը միջազգային հանրութեան համար առաջնահերթութիւն համարուող աջակցման նպատակով ներկայումս տրամադրում էն հապատասխանաբար 924 եւ 94 զինծառայող: «Հայստանը չպէտք է այս հարցում զբաղեցնի վերջին տեղը Հարաւային Կովկասում»,-յայտարարեց Ս.Օհանեանը:
  -   Քաղաքական