Ջավախահայութեան համար անընդունելի է Ադրբեջանի հետ համադաշնութիւն կազմելու Վրաստանի նախագիծը


Ջավախահայութեան համար անընդունելի է Ադրբեջանի հետ համադաշնութիւն կազմելու Վրաստանի նախագիծը

  • 17-09-2010 16:24:02   |   |  Մամլո հաղորդագրություն
Սոյն թուականի յուլիսի 18-ին Վրաստանի նախագահ Մ. Սաակաշուիլին իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ Բաթումում հանդիպման ժամանակ հանդէս եկաւ վրաց-ադրբեջանական համադաշնութեան ստեղծման առաջարկով: Օգոստոսի 20-ին Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Նինոյ Կ'ալանթաձեն վերահաստատեց նախագահի այդ առաջարկը` յայտարարելով, որ տեխնիկական առումով Վրաստանի համաձայնութիւնն արդէն տրուած է, իսկ ինչ ձեւեր կ'ընդունի այդ նախաձեռնութիւնը կապուած է դիւանագիտական բանակցութիւններից: Վրացական իշխանութիւնների այս անհեթեթ եւ արկածախնդիր նախագիծը յղի է լուրջ վտանգներով: Հետեւանքները Վրաստանի շատ աւելի ծանր կարող են լինել, քան 2008-ի օգոստոսեան պատերազմից յետոյ կրած կորուստները: Ջավախքահայութիւնը չի կարող անտարբեր մնալ իր բնոյթով հակահայկական այս նախագծի նկատմամբ: Ջավախքահայութեան համար այն անընդունելի է, քանի որ նման համադաշնութեան ստեղծումը անխուսափելիօրէն յանգեցնելու է Վրաստանի` որպէս համադաշնութեան առաւել թոյլ անդամի, Ադրբեջանի գերիշխանութեան տակ ընկնելուն: Ին՞չ դրօշ, օրհներգ ու զինանշան է ունենալու այդ համադաշնութիւնը, ո՞րն է լինելու նրա պետական լեզուն, ի՞նչ զկզբունքով է կազմակերպուելու բանակային ծառայութիւնը, ահա այն հարցերից մի քանիսը, որոնք առաջանում են այս նախագծի կապակցութեամբ իր ապագայով մտահոգ իւրաքանչիւր ջավախքահայի մօտ: Վրաց-ադրբեջանական համադաշնութիւնը նաեւ Կարս-ախալքալաք-բաքու երկաթգծի եւ Հայաստանը շրջափակող այլ ծրագրերի տրամաբանական շարունակութիւնն է: Ջավախքահայութիւնը երբեք անտարբեր չի հետեւի, թէ ինչպէս վրացական իշխանութիւնները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ձեռք-ձեռքի տուած նպասելու են Հայաստանի ու Արցախի ,վզինէ գցուած խեղդապարանի սեղմանը: Վրաստանի կառավարութիւնը պարտաւոր է հաշուի առնել այս նախագծի նկատմամբ իրենց երկրի հայ քաղաքացիների սկզբունքային բացասական վերաբերմունքը: Գուցէ վրաց ժողովուրդը համաձայն է Թուրքիայի ու Ադրբեջանի կցորդը դառնալու հեռանկարին, սակայն ջավախքահայութիւնը Անկարայի եւ Բաքուի գերիշխանութեան տակ յայտնուելու վտանգի հետ երբեւիցէ չի՛ համակերպուելու: Եթէ, այնուամենայնիւ, վրացական իշխանութիւնները խօսքերից անցնեն գործի, ապա ջավախքահայութիւնն, հաշուի առնելով կոտորածների եւ բռնի տեղահանութեան ենթարկուած Բաքուի, Սումգայիթի եւ Նախիջեւանի հայութեան ճակատագիրը, իրեն իրաւունք է վերապահում միջազգային նորմերի հիման վրայ, ձեռնարկել ինքնուրոյն քայլեր` ուղղուած իր գոյութեան անվտանգութեանը սպառնացող այս օրհասական վտանգի չէզոքացմանը: Վահագն Չախալեան Սեպտեմբեր 2010թ., Վրաստան, Ռուսթաւի համար 6 քրէակատարողական հիմնարկ
  -   Մամլո հաղորդագրություն