ԼՂՀ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ


ԼՂՀ ԵՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

  • 29-07-2010 12:18:59   | Հայաստան  |  Յօդուածներ
Ինչպէս յայտնի է, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների` յունիսի 17-ին Ս.Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումից անմիջապէս յետոյ Ի.Ալիեւը լքեց Պետերբուրգը, իսկ յունիսի 18-ին Լղհ-ում, ադրբեջանական դիւերսիոն խմբի գործողութիւնների արդիւնքում հայկական կողմը կորուստներ ունեցաւ: Պակաս յայտնի է, որ այդ միջադէպին հետեւեցին մեր զինուած ուժերի համարժէք քայլերը: Բոլոր պարագաներում այդ իրադարձու-թիւնները սուր ընկալուեցին մեր հանրութիւնում եւ ակտուալացրին զանազան ռազմական սցենարների քննարկումները: Ի լրումն` հետեւեցին տարաբնոյթ տեղեկատուական հոսքեր. մեծ տէրութիւնների համաձայնութեամբ Լղհ-ում տեղի է ունենալու «պայմանաւորուած» պատերազմ, եւ կողմերին տարանջատելու են ռուսական, թուրքական ու ամերիկեան (կամ` ՆԱՏՕ) խաղաղապահ ուժերը, իսրայէլական եւ ամերիկեան ռմբակոծիչները Վրաստանից (!!) տեղափոխուել են Ադրբեջան եւ պատրաստւում են հարուած հասցնել Իրանին, իսկ վերջինս, ի պատասխան, զօրքեր է կուտակում իրանա-ադրբեջանական սահմանում: Անգամ Ամն-ում «ռուսական լրտեսների» վերաբերեալ սկանդալի` Զլմ-ում յայտնուելու պահը որոշ օտարերկրեայ վերլուծաբաններ մեկնաբանեցին որպէս միջազգային հանրութեան ուշադրութիւնը «իրանական» պատերազմից շեղելու փորձ: Նման լրատուական հաղորդագրումների ճնշող մասը, ինչպէս քաջ յայտնի է մասնագիտական շրջանակներին, ակնյայտ ապատեղեկատուութիւն է: Սակայն հաշուի առնելով այդ լայնածաւալ տեղեկատուական գործողութիւնների աղբիւրները եւ, ինքնին, նման ապատեղեկատուութեան երեւան գալու փաստը եւ ժամանակը, պէտք է արձանագրել, որ տարածաշրջանի հանդէպ փոքր-ինչ անառողջ հետաքրքրութիւնը զգալի աճել է, եւ դա պայմանաւորուած չէ միայն ԼՂՀ խնդրով: Նման գործընթացը վկայում է, որ տարածաշրջանում տեղի են ունենում հերթական որակական փոփոխութիւններն ու վերադասաւորումները: Դրանց բովանդակութիւնը եւ ուղղուածութիւնն ընկալելու նպատակով փորձենք համառօտ բնութագրել նախկին փուլերը: Բանակցային գործընթացի փուլերը ԼՂՀ միջազգային ճանաչման շուրջ բանակցութիւնները ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպէս նաեւ այլ ձեւաչափերով ընթանում են 90–ականների սկզբից, եւ այդ ժամանակահատուածում ռազմաքաղաքական տրամաբանութիւնը տարածաշրջանում, գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերի ազդեցութեան հետեւանքով, զգալի փոփոխութիւններ է կրել: Հայ-ադրբեջանական ռազմական հակամարտութեան առաջին փուլում միջնորդական առաքելութիւնը հիմնականում կատարում էին Ռուսաստանը եւ մասամբ Իրանը, որն աւարտուեց 1994թ. մայիսին Բիշքեկի հրադադարի մասին համաձայնագրով: Կարելի է ասել, որ այդ փուլում որոշիչ էր հետխորհրդային տարածքում ՌԴ կարեւոր, սակայն աստիճանաբար նուազող դերակատարումը: Յաջորդ փուլում միջնորդական նախաձեռնութիւնը պատկանում էր Մինսկի խմբին, սակայն այդ ձեւաչափում առաւել ակտիւ էին ամերիկեան եւ ֆրանսիական կողմերը: ՀՀ եւ ԱՀ նախագահների հանդիպումներն ընթանում էին Եւրոպայում եւ Միացեալ Նահանգներում (առաւել յիշարժան է 2001թ. քիուեսթեան հանդիպումը): Չնայած մեծ տէրութիւնների աւանդական ճնշումներին եւ Մինսկի խմբի համանախագահների նոյնքան աւանդական դարձած լաւատեսական կանխատեսումներին եւ յայտարարութիւններին, այդ փուլի գլխաւոր հետեւանքն է հակամարտող կողմերի դիրքորոշումների յստակեցումը, ինչը նոյնպէս, բանակցային գործընթացի համատեքստում, բաւական լուրջ արդիւնք է: Յատկանշական է, որ այդ փուլը հիմնականում ենթարկւում էր միաբեւեռ աշխարհակարգի կայացման եւ յետագայ հաստատման, ԱՄՆ - ՌԴ Սառը պատերազմի վերսկսման (վերջինիս համատեքստում բնորոշ է, որ 2003 թուականից ղարաբաղեան խնդրում նկատւում է ամերիկեան ակտիւութեան որոշակի նուազում) տրամաբանութեանը: Ընթացիկ փուլի սկիզբը պայմանականօրէն կարելի է համարել 2008թ. օգոստոսին Հարաւային Օսիայի շուրջ տեղի ունեցած վրաց-ռուսական պատերազմը: Վերջինս բազմաբեւեռ համակարգի ձեւաւորումով պայմանաւորուած աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետեւանքն է: Դրանց արդիւնքում նուազել է ԱՄՆ դերակատարումը մեր տարածաշրջանում, եւ զգալի աճել է ռուսական գործօնը: Կարելի է փաստել, որ այսօր Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, համաձայն դասական ձեւակերպման, «աւելի հաւասարի» կարգավիճակ է ձեռք բերել, եւ մտադիր է էլ աւելի ամրապնդել դիրքերը Հարաւային Կովկասում, որտեղ Հայաստանը հիմնական յենակէտն է եւ միակ տարածքը, ուր կանգնած է ռուսաստանեան զինուժը: Այդ տեսանկիւնից պատահական չէ, որ ՀՀ եւ ԱՀ նախագահների հանդիպումները վերջին շրջանում ընթանում են Ռուսաստանի հովանաւորութեան ներքոյ, եւ պետերբուրգեան վերջին հանդիպումը (երկարատեւ ընդմիջումից յետոյ) դրա վկայութիւնն է: Ի դէպ, հնարաւոր է նաեւ, որ Ալիեւի պետերբուրգեան համաժողովից ցուցադրական հեռանալը պայմանաւորուած էր ոչ այնքան ՀՀ նախագահի յայտնի դիրքորոշումներով, որքան ՌԴ նախագահի կողմից կատարուած նոր առաջարկներով: Նկատենք նաեւ, որ նշմարւում է ՀՀ եւ ԱՀ նախագահների հնարաւոր հանդիպում Ալմաթիում, ինչը վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացը, թերեւս, շարունակւում է, եւ որ Ալիեւի դէմարշը պէտք է ընդունել ընդամէնը որպէս դիւանագիտական հնարք, բայց ոչ սկզբունքային դիրքորոշում կամ վերջնագիր: Միեւնոյն ժամանակ, պէտք է փաստել, որ տարածաշրջանում ակտիւացել է ոչ միայն Ռուսաստանը: Տարածաշրջանային այլ դերակատարներ Եթէ Իրանի տարածաշրջանային քաղաքականութեանը բնորոշ են հետեւողականութիւնը եւ կայունութիւնը, ապա նոյնը չի կարելի ասել Թուրքիայի մասին, որը ցուցաբերում է դիւանագիտական ու տեղեկատուական ակտիւութիւն: Յատկանշական է, որ ամերիկեան գերակայութեան տարիներին այդ երկիրը յստակ էր կատարում Ամն-ի հանդէպ իր «պարտականութիւնները», սակայն բազմաբեւեռութեան ձեւաւորումը զգալիօրէն բարձրացրեց Թուրքիայի «ինքնավարութեան» մակարդակը, եւ Անկարան կտրուկ քայլեր կատարելով` սկսեց փնտրել իր տեղը նոր համակարգում: Առայժմ տպաւորութիւնն այնպիսին է, որ թուրքերն այնքան էլ արդիւնաւէտ չեն գործում նոր պայմաններում: Երկրում ձեւաւորուել է նէոօսմանիզմից, նէոպանթիւրքիզմից եւ եւրասիականութիւնից բաղկացած ագրեսիւ գաղափարախօսական սիմբիոզ, որը դրդում է Անկարային` կատարել երբեմն ոչ այնքան մտածուած քայլեր: Դրանց արտայայտութիւններից են եւ՛ հայ-թուրքական բանակցութիւնների փաստացի տապալումը, եւ՛ իր նախկին դաշնակից Իսրայէլի դէմ կատարած սադրանքները: Նշենք, որ հակաիսրայէլական գործողութիւնները, չնայած որոշ երկրների կողմից դրանք դատապարտող պաշտօնական յայտարարութիւններին, բնաւ միանշանակ չընկալուեցին արեւմտեան հանրութիւնում: Սակայն Ամն-ին, որը կարեւորում է Թուրքիայի (ինչպէս եւ Ադրբեջանի) տրանսպորտային-հաղորդակցական դերակատարումը Աֆղանստանի պատերազմում, խիստ անհանգստացնում են ոչ միայն Իսրայէլի հետ Թուրքիայի վատթարացող յարաբերութիւնները, այլեւ այդ երկրի դիրքորոշումը քրդական խնդրում եւ Իրանի, ինչպէս նաեւ արաբական որոշ երկրների հետ համագործակցութիւն զարգացնելու փորձերը: Թուրքական ակտիւութիւնն անտարբեր չի ընկալում նաեւ Ռուսաստանը: Եթէ Ամն-թուրքիայ հակասութիւնների առկայութիւնն աշխարհաքաղաքական առումով նպաստաւոր է Մոսկուայի համար, վերջինիս, սակայն, չի կարող հրապուրել Թուրքիայի եւ ,փոքր եղբայրէ Ադրբեջանի համաձայնեցուած գործունէութիւնն Անդրկովկասում, որը ռուսաստանեան ստրատեգներն աւանդաբար համարում են «իրենցը»: Պէտք է հաշուի առնել նաեւ, որ չնայած Ռուսաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնութիւններ է կնքում եւ զարգացնում առեւտրական յարաբերութիւններ, բայց աշխարհաքաղաքականութիւնը մշտապէս գերակայում է տնտեսական կատեգորիաների հանդէպ: Յատկանշական է նաեւ, որ ադրբեջանական ագրեսիւութիւնը, ինչպէս եւ թուրքականը, նոյնպէս գաղափարախօսութեան ածանցեալ է: Յայտնի է, որ Ադրբեջանը եւ ադրբեջանցիները, որպէս պետութիւն եւ ժողովուրդ, բաւական նոր կազմաւորում են ու, որպէս այդպիսին, կարիք ունեն ազգ ձեւաւորող գաղափարախօսութեան: Այսօր որպէս գաղափարախօսութեան հիմնադրոյթ նրանք ընդունել են ոչ թէ քաղաքակրթական պատկերացումներ եւ արժէքներ, այլ (գուցէ վերջիններիս բացակայութեան պատճառով) ծայրայեղ հակահայկականութիւնը: Ադրբեջանն Ալիեւի վարչախմբի տոտալիտար մեթոդներով վարած քարոզչութեան արդիւնքում դարձել է խիստ ռազմատենչ եւ անհանդուրժողական բնակչութիւն ունեցող մի տարածք: Սա ադրբեջանցիներին տանում է դէպի ծուղակ, այսինքն` նրանք իրենց իսկ յօրինած գաղափարական դրոյթներից արդէն դժուարանում են դուրս գալ, որովհետեւ հակահայկականութիւնը դարձել է պաշտօնական դոկտրին, աշխարհընկալում եւ քաղաքականութիւն: Հետեւութիւններ Հրադադարի համաձայնագրի ստորագրումից անցել է շուրջ 16 տարի, ԼՂՀ –ում առայսօր պահպանւում է status quo-ն, եւ որոշ տեսանկիւնից այդ փաստն ինքնին կարելի է համարել որոշակի ձեռքբերում: Միեւնոյն ժամանակ, ներկայիս փուլը պարունակում է որոշակի ռիսկեր, որոնցից նշենք. ԱՄՆ յարաբերական նահանջը տարածաշրջանից եւ այդ իսկ պատճառով ընդհանուր քաղաքական «կարգաւորուածութեան» ընդհանուր մակարդակի նուազումը, Թուրքիայում ազգայնամոլական գաղափարախօսական միջավայրի ձեւաւորումը եւ այդ երկրի կողմից քաղաքական «ինքնավարութեան» ձեռքբերումը, ինչը մասնաւորապէս արտայայտւում է Հարաւային Կովկասի նկատմամբ յաւակնութիւնների արտայայտումով, Ադրբեջանում ագրեսիւ հակահայկական գաղափարախօսական դաշտի կայացումը եւ Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցութեան զարգացումը: Դրական գործօնների շարքում կարելի է առանձնացնել հետեւեալ կէտերը. ԼՂՀ` որպէս պետութեան, կայացումը եւ, մասնաւորապէս, այդ իրողութեան ամրապնդումը միջազգային հանրութեան գիտակցութիւնում, Հայկական քաղաքական ընտրանու կողմից դիւանագիտական փորձառութեան ձեռքբերումը, Ռուսաստանի աշխարհաքաղաքական վերականգնումը եւ այդ տէրութեան քաղաքական ղեկավարութեան ձգտումը` լինել տարածաշրջանի գլխաւոր «կարգաւորիչը» (առանց Թուրքիայի), Թուրքիայի եւ Ամն-ի, Իսրայէլի, ինչպէս նաեւ որոշ եւրոպական երկրների (յատկապէս` Գերմանիայի) միջեւ ռազմաքաղաքական ու աշխարհայեացքային հակասութիւնների առաջացումը եւ արեւմտեան հանրութիւնում թուրքական գործօնի վերաբերեալ բացասական պատկերացումների ձեւաւորումը: Միեւնոյն ժամանակ, ակնյայտ է, որ ԼՂՀ խնդրի` մեր պատկերացումներին համաձայն լուծումը գլխաւորապէս կախուած է համահայկական հանրութեան պատրաստուածութեան մակարդակից: Պէտք է հաշուի առնել, որ քաղաքական իրադրութիւնը տարածաշրջանում որոշակի փուլում կարող է որակապես փոխուել: Այսպէս կոչուած «ինքնակազմակերպուող կրիտիկականութեան բնութագրիչների» վերաբերեալ քաղաքագիտական պատկերացումների համաձայն, ռազմաքաղաքական համակարգն էւոլիւցիոն եղանակով կարող է զարգանալ մինչեւ որոշակի «կրիտիկական վիճակի», որում արդէն աննշան իրադարձութիւնները կարող են յարուցել բուռն շղթայական ռէակցիայ, որի արդիւնքում որակապես փոխւում է ողջ համակարգը: Նախկինում նման կրիտիկական իրավիճակ ստեղծուեց ԽՍՀՄ եւ երկբեւեռ աշխարհակարգի փլուզման արդիւնքում: Ներկաումս ընթանում է բազմաբեւեռ համակարգի ձեւաւորման բաւական հիւանդոտ գործընթաց, որի ընթացքում նոյնպէս հնարաւոր է հասնել որոշակի «կրիտիկական վիճակի», որից յետոյ զարգացումները կ'ընդունեն բուռն կամ, այլ խօսքերով` ոչգծային բնոյթ: Նման իրավիճակին պատրաստ լինելու համար Հհ-ն եւ Լղհ-ն պէտք է լուծեն բազմաթիւ հրատապ խնդիրներ, որոնցից նշենք. Համահայկական զարգացման իրատեսական ռազավարութեան մշակումը եւ իրականացումը, քանի որ հանրութեան ընդհանրական զարգացման մակարդակն է, որ որոշիչ է լինելու ապագայի հնարաւոր հակամարտութիւններում, Հայաստանեան (պետական) եւ մեր ազգային շահերին ուղղուած բաղադրիչի ձեւաւորումը Ամն-ում հայկական կազմակերպութիւնների կողմից իրագործուող լոբբինգում, այդ ոլորտում գործունէութեան ծաւալումը Եւրոպայում եւ Ռուսաստանում: Վերոնշեալ ռազմավարական ծրագրերին զուգահեռ` անհրաժեշտ է իրագործել, մասնաւորապէս, հետեւեալ մարտավարական գործողութիւնները. Ապահովել Լղհ-ի շուրջ բանակցային գործընթացի շարունակականութիւնը (իրագործել Թալեյրանի սկզբունքը` «միշտ պէտք է բանակցել, բանակցել եւ բանակցել...»): Միջազգային քաղաքական հանրութիւնում տարանջատել Հհ-իրան կենսական նշանակութիւն ունեցող եւ առայժմ այլընտրանք չունեցող յարաբերութիւնները գլոբալ հարթութիւնում ներկայում տեղ գտած հակաիրանական միտումներից: «Նորավանք» Գագիկ Յարութիւնեան
  -   Յօդուածներ