Մայր Աթոռում սկսուեց «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրաւէրներ հաւատքի համայնքների համար» թեմայով միջազգային խորհրդակցութիւնը


Մայր Աթոռում սկսուեց «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրաւէրներ հաւատքի համայնքների համար» թեմայով միջազգային խորհրդակցութիւնը

  • 11-06-2014 13:49:47   |   |  Հասարակութիւն

Յունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանում նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցութեամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամեանի ու Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխաւոր քարտուղար դոկտ. Օլաւ Թուեյթի իր աշխատանքն սկսեց «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրաւէրներ հաւատքի համայնքների համար» թեմայով երկօրեայ միջազգային խորհրդակցութիւնը: Այն գումարուել է հրաւէրով Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի եւ հիւրընկալութեամբ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու` ԵՀԽ-ում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի համանախագահութեան շրջանակներում: 
Խորհրդակցութեանը մասնակցում էին Մերձաւոր Արեւելքից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնութիւնից, ԱՄՆ-ից եւ Եւրոպայի տարբեր երկրներից այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին ժամանած Քրիստոնէական Եկեղեցիների ներկայացուցիչներ,  Մայր Աթոռի միաբաններ: Խորհրդակցութեան բացմանը ներկայ էին նաեւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան, Գերմանիայի Դաշնութեան, Իտալիայի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանները, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնութեան դեսպանատան եւ Միացեալ Ազգերի Կազմակերպութեան ներկայացուցիչները, ՀՀ դիւանագէտներ, Հայաստանի սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ:
Խորհրդակցութիւնն սկսուեց Տէրունական աղօթքով, ապա բացման խօսքով հանդէս եկաւ Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը` հրաւիրելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին` իր օրհնութիւնն ու պատգամը բերելու խորհրդակցութեան մասնակիցներին: 
Իր խօսքում Նորին Սրբութիւնը, դիմելով խորհրդակցութեան մասնակիցներին, ասաց. «Ջերմորէն ողջունում ենք ձեզ, որ արձագանքելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախաձեռնութեանը, համախմբուել էք քննութեան առնելու Սիրիական ճգնաժամի առիթով Եկեղեցիների առջեւ ծառացած մարտահրաւէրները: Մեզ համար գոհունակութիւն է, որ այս հաւաքը գումարւում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մեր գնահատանքն ենք բերում ձեզ՝ խորհրդաժողովին մասնակցելու ձեր նախանձախնդրութեան, ինչպէս եւ՝ միջազգային այս հաւաքը կազմակերպողներին՝ իրենց  ջանքերի համար: 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ որպէս աշխարհասփիւռ  հայութեան հոգեւոր կենտրոն, իր սէրն ու հոգածութիւնն է տարածում  իր զաւակների վրայ, ովքեր օրինայարգ  եւ ստեղծարար քաղաքացիներ որպէս՝ ապրում են աշխարհի բազում երկրներում, նաեւ` դարեր ի վեր՝ Մերձաւորարեւելեան տարածաշրջանում:  Մերձաւոր Արեւելքի երկրները կարեւոր դերակատարութիւն են ունեցել մեր պատմութեան մէջ, յատկապէս` Սիրիան, որ անցեալ դարասկզբին Հայոց Ցեղասպանութեան դժուարին տարիներին իր դռները բացեց մեր զաւակաց առջեւ եւ ողջունեց  մեր ժողովրդի՝ խաղաղ կեանք կառուցելու ձգտումն ու ցանկութիւնը: Մեր ժողովուրդը երախտագէտ է արաբ ժողովրդին եւ աղօթքով է  յիշում իսլամ ու  քրիստոնեայ հաւատքի բազմաթիւ անձանց , ովքեր  նեղութեան պահին օգնեցին հայերին:
Մենք խորը ցաւ ենք զգում ականատես լինելով Մերձաւորարեւելեան տարածաշրջանում շարունակուող ճգնաժամին: Պատերազմի չարիքը խլել է մեծաթիւ անմեղ մարդկային կեանքեր՝ անկախ տարիքից, սեռից ու կրօնական համոզումից: Այս իրականութիւնն աւելի ողբերգական է, երբ տեղի է ունենում 21-րդ դարի սկզբին, Քրիստոնէական երրորդ հազարամեակի արշալոյսին, որին մարդկութիւնն սպասում էր, ակնկալելով, որ պիտի դառնայ  ազատութեան եւ արժանապատուութեան, ազգերի ինքնորոշման եւ մարդկային իրաւունքների պաշտպանութեան ծաղկման եւ  հանդուրժողականութեան դարաշրջան:
Սիրիական ճգնաժամը ցաւալի հետեւանքներ է ունենում տարածաշրջանի քրիստոնեաների  կեանքում: Բոլորովին վերջերս սպանուեցին կաթոլիկ քահանաներ եւ միանձնուհիներ, բռնի կերպով կրօնափոխ արուեցին քրիստոնէայ ընտանիքներ,  Ասորի Ուղղափառ Եկեղեցու եւ Անտիոքի Պատրիարքութեան մեր երկու հոգեւոր եղբայրները տեւական ժամանակ գտնւում են գերութեան մէջ եւ նրանց ճակատագիրն առայժմ անյայտ է: Այս տարուայ գարնանը Սիրիայի Քեսաբի շրջանը, որ մեծ մասամբ կառուցուել եւ բնակեցուել է հայերի կողմից, Թուրքիայի աջկացութեամբ եւ նրա բանակի անմիջական մասնակցութեամբ գրաւուեց արմատական խմբաւորումների ձեռքով, իսկ այնտեղ ապրող խաղաղ բնակիչները արտաքսուեցին: Ներկայիս շարունակւում է Թուրքիայի աջակցութիւնը սիրիական ընդդիմադիրներին, որոնց կողմից աւերւում են հայկական թաղամասերը Հալէպում եւ Դամասկոսում: Թուրքիոյ այս քայլերը մեր ժողովուրդը իրաւացիօրէն գնահատում է որպէս Ցեղասպանութեան քաղաքականութեան շարունակութիւն:
Մենք զօրակցում ենք հակամարտութիւնները խաղաղ կարգաւորելու բոլոր ջանքերին՝  դատապարտելով ցանկացած բռնարարք, որ իրականացւում է յանուն հաւատքի եւ Աստծու անունից: Մեզ համար խոր իմաստ ունի Յովհաննէս առաքեալի այն խօսքը, թէ սուտ է հաւաստումը, որ  «սիրում եմ Աստծուն», երբ սէր չունես քո եղբօր հանդէպ: «Ով չի սիրում իր եղբօրը, որին տեսնում է, ինչպէս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել: Եւ նրանից ունենք այս պատուիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա պէտք է սիրի նաեւ իր եղբօրը» (Ա Եօւհ. 4. 20-21): 
Եղբայրական սիրոյ եւ կրօնական հանդուրժողականութեան հիման վրայ է, որ բոլորս միացած ենք ՝ իբրեւ Աստծու զաւակներ: Ինչպէս ռուս մեծ արձակագիր Տոլստոյն է գրել` վկայակոչելով լատինական հոգեւոր երգի բառերը, «Որտեղ սէրն է, այնտեղ էլ Աստուած է»: Տիրոջ ներկայութեան մէջ ապրուող սիրոյ զգացումով է, որ աշխարհում  պիտի հաստատուի խաղաղութիւնը:  Տիրոջ ներկայութեան մէջ ապրուող սիրոյ զգացումը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին կենսունակութիւն հաղորդող ուժն է: Մշտական աշխատանքները, որոնք տեղական եւ միջազգային մակարդակների վրայ կրօնական, հասարակական ու քաղաքական կազմակերպութիւններն իրականացնում են ազգերի մէջ հանդուրժողականութիւնը, երկխօսութիւնը, արդարութիւնն ու խաղաղութիւնը զօրացելու համար, մեծ օրհնութիւն է մեր աշխարհում: Այդ մեծ առաքելութեան ճանապարհին՝ այս խորհրդակցութիւնը եւս մէկ կարեւոր ջանք է, որը, լիայոյս ենք, Աստծոյ օրհնութեամբ պիտի արդիւնաւորուի:
Մեր ժողովուրդը բազմադարեայ իր պատմութեան ընթացքում ճաշակելով  պատերազմների եւ տարագրութեան դառնութիւնը, գիտի խաղաղութեան արժէքը: Այսօր, երբ կանգնած ենք 1915 թ. Հայոց Ցեղասպանութեան յիշատակութեան հարիւրամեայ տարելիցի նախաշեմին, կարող ենք հաստատել, որ չորս սերունդների հերթափոխը մոռացութեան չի մատնել մեր ժողովրդի կրած կորստի եւ տեղահանութեան ցաւը:  Այդ նոյն ապրումներն ու զգացումները վերստին արձագանք գտան քսանհինգ տարի առաջ, երբ  Ղարաբաղի հայերը յայտնուեցին իրենց հայրենի հողից արտաքսուելու վտանգի առջեւ: Մեր ժողովուրդը հաստատուն է հակամարտութիւնները խաղաղ ճանապարհով վճռելու դիրքորոշման մէջ: Այսօր Ղարաբաղում մեր ժողովուրդը ազատութեան ու անկախութեան համար  պայքարում է դիւանագիտական ճանապարհով,  նոյնիսկ երբ դեռ չենք հանդիպել հակառակ կողմի նոյն հանդուրժող ոգուն: Նոյն համատեքստում ցանկանում ենք անդրադառնալ Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրութիւնների մերժման փաստին: Արձանագրութիւնների՝ առանց նախապայմանների վաւերացման դէպքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պիտի հաստատուէին բնականոն յարաբերութիւններ՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղ զարգացումների: Խաղաղութեան ձգտումն ու համոզմունքը քրիստոնէական  հաւատքի ոգին է եւ բազմադարեայ մեր ժառանգութեան արդիւնք: Մենք ուրախ ենք, որ Սիրիայում ապրող քրիստոնեաների եւ պատերազմի դժուարութիւնները կրող բոլոր մարդկանց վիճակը կարեկցանքի եւ մարդասիրութեան դրսեւորմամբ, խաղաղութեան հասնելու ձգտումով քննարկման առարկայ է պետական եւ հասարակական տարբեր հարթակներում, այսօր նաեւ՝ այս սրահում: 
Սիրելիներ, Մենք հանդիպում էք Աստուածաշնչեան Արարատ լեռան հովանու ներքոյ՝ մարդկային ցեղի փրկութեան եւ խաղաղութեան առաջին ապաստանում, եւ Մեր աղօթքն է, որ Աստուած առաջնորդի ձեր քննարկումները եւ Իր Սուրբ Հոգու շնորհով զօրացնի խաղաղութեան ուղիներն աշխարհում: 
Թող մեր Տիրոջ շնորհները լինեն ձեզ հետ եւ բոլորի, այսօր եւ միշտ. ամէն»:
Այնուհետեւ խորհրդակցութեան մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամեանը: Իր խօսքում ՀՀ վարչապետը մասնաւորապէս նշեց. «Մենք բոլորս մեծ ցաւ ենք ապրում, երբ ականատես ենք լինում Մերձաւոր Արեւելքում եւ, յատկապէս, Սիրիայում տեւական ժամանակ ընթացող ներքաղաքական ճգնաժամին, որը, վերածուելով քաղաքացիական պատերազմի, անմեղ զոհերի ու անդառնալի կորուստների պատճառ դարձաւ: Սիրիական ճգնաժամը, որի ընթացքում առկայ էին նաեւ կրօնական ծայրահեղականութեան դրսեւորումներ, Քրիստոնէական Եկեղեցիների համար եւս ցաւալի հետեւանք ունեցաւ, երբ փորձ էր արւում հակամարտութեանը կրօնական բնոյթ հաղորդել: Ցանկացած նման փորձ դատապարտելի է, քանի որ մենք համոզուած ենք, որ բոլոր կրօնները խաղաղութիւն են քարոզում: 
Հայ ժողովուրդն իր բազմադարեայ պատմութեան ընթացքում արեան մեծ գնով է վճարել խաղաղութեան եւ անկախութեան համար: Հայաստանի ղեկավարութիւնը մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղեան հիմնախնդիրը խաղաղ եւ բանակցային ճանապարհով լուծելու ուղղութեամբ` հիմնուելով միջազգայնօրէն ընդունուած սկզբունքների եւ նորմերի վրայ՝ միեւնոյն ժամանակ յարգելով արցախահայութեան ազատ եւ անկախ ապրելու ինքնորոշման իրաւունքը: 
Մենք նաեւ մի ժողովուրդ ենք, որը 20-րդ դարասկզբին ենթարկուեց ցեղասպանութեան եւ զրկուեց իր պատմական հայրենիքից՝ Արեւմտեան Հայաստանից: Հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի նախաշեմին կրկին վերապրեց այդ դառը ցաւը, երբ այս տարի գարնանը, Թուրքիայի բացայայտ աջակցութեամբ,  ծայրահեղական խմբաւորումները գրաւեցին Սիրիայի մեծաւ մասամբ հայաբնակ Քեսաբ քաղաքը:
Վաղը դուք այցելելու էք Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր եւ աղօթելու էք բիւրաւոր նահատակների համար, ովքեր 20-րդ դարասկզբին ցեղասպանութեան ենթարկուեցին Օսմանեան Թուրքիայի կողմից: Ցեղասպանութեան թանգարանում ականատես կը լինէք բազմաթիւ փաստերի, թէ ինչպէս Սիրիայի տարածքում մեծ թուով պետական այրեր, այդ թւում մահմեդական առաջնորդներ, դէմ կանգնեցին թուրքական կառավարութեան որոշմանը եւ պաշտպանեցին հայերին` նրանց ապաստան տրամադրելով Հալէպում, Դամասկոսում, Սիրիայի այլ քաղաքներում: Հայ ժողովուրդը դա երբեք չի մոռանայ»: Իր խօսքում ՀՀ կառավարութեան ղեկավարը նաեւ յոյս յայտնեց, որ խորհրդակցութիւնը կը նպաստի Սիրիայում քաղաքական եւ միջկրօնական երկխօսութեան հաստատմանը:
Խորհրդակցութեան նպատակներին ու կարեւորութեանն անդրադարձաւ նաեւ ԵՀԽ գլխաւոր քարտուղար Օլաւ Թուեյթը` ներկաներին փոխանցելով իր մտածումները Սիրիայում տիրող կացութեան եւ խաղաղութեան հաստատմանն ուղղուած քայլերի վերաբերեալ:
Ժողովականներին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի անունից ողջունեց Վաշինգտոնի Պատուոյ Արքեպիսկոպոս Նորին Սրբազնութիւն Կարդինալ Թէոդոր Էդգար Մքքարիքը: Անտիոքի եւ Համայն Արեւելքի Իգնատիուս Աֆրեմ Բ Պատրիարքի ուղերձը ներակներին փոխանցեց Արքեպիսկոպոս Դիոնիսիոս Ժան Կաւաքը: Ողջոյնի խօսքեր փոխանցուեցին նաեւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու, Անտիոքի եւ Համայն Արեւելքի Յոյն Ուղղափառ Եկեղեցու, Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի անունից:
Երկօրեայ խորհրդակցութեան նիստերի ընթացքում կը քննարկուեն հետեւեալ նիւթերը` «Քաղաքական զարգացումները Սիրիայում եւ մարդասիրական հեռանկարները», «Մերձաւոր Արեւելքում քրիստոնեաների ներկայութիւնը եւ վկայութիւնը Արաբական Աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդիւնքում», «Հայկական համայնքները Մերձաւոր Արեւելքում եւ Սիրիայում եւ դրանց հեռանկարները»:
 
  -   Հասարակութիւն