Իսպանիայում անցկացուած Ժողովրդական պարերի 16-րդ միջազգային փառատօնում «Կարին» համոյթն արժանացել է բացառիկ ընդունելութեան
07-05-2011 17:00:18 | | Մշակոյթ
Ապրիլի 26-30-ը իսպանական Պալմայ դէ Մայորկայ քաղաքում կայացաւ Ժողովրդական պարերի 16-րդ միջազգային մրցոյթ-փառատօնը:
Իսպանիայում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ եւ միջնորդութեամբ` ազգային երգի եւ պարի այդ հեղինակաւոր ստուգատեսին Հայաստանն առաջին անգամ հրաւէր ստացաւ մասնակցելու` ներկայանալով «Կարին» ազգագրական երգի եւ պարի համոյթով:
Մրցոյթին մասնակցում էին համոյթներ 17 երկրներից: Հայկական պարախումբը` Մայորկայի, Ուելսի, Թայուանի ու Թուրքիայի համոյթների հետ միասին ընտրուեց մասնակցելու մեծ գալայ համերգին: «Կարինը» բացառիկ ընդունելութեան արժանացաւ եւ միջազգային ժիւրին հայ արտիստներին ճանաչեց առաջինը «Լաւագոյն պարեր» անուանակարգում եւ երրորդը` «Երաժշտական կատարում» անուանակարգում:
Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութեան հաղորդագրութեան, օգտուելով «Կարին» համոյթի Իսպանիայում գտնուելու առիթից, Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնը` Կատալոնիայում Հայաստանի պատուաւոր հիւպատոսութեան եւ համայնքային շրջանակների գործուն օժանդակութեամբ կազմակերպեց համոյթի մէկական համերգներ Բարսելոնայում եւ Վալենսիայում բնակուող հայրենակիցների համար: Համերգներն անցան մեծ յաջողութեամբ: