Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռի պաշտօնէութեան հետ
04-11-2014 16:21:48 | | Հասարակութիւն
Նոյեմբերի 4-ին Գեւորգեան հոգեւոր ճեմարանի հանդիսութիւնների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օծման եւ գահակալութեան 15-րդ տարեդարձի առիթով հանդիպում ունեցաւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտօնէութեան հետ:
Մայր Աթոռում տեղակայուած բաժինների եւ հաստատութիւնների շուրջ չորս հարիւր աշխատակիցների անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհաւորեց Վարչատնտեսական բաժնի տնօրէն Տ. մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը: Սրբազանն իր խօսքում ընդգծեց, որ այս յոբելեանական իրադարձութիւնը Մայր Աթոռի աշխատակիցներից իւրաքանչիւրի մօտ տարբեր ապրումներ եւ յիշողութիւններ է արթնացնում, մղում անդրադառնալու տարիների ընթացքում իրենց բերած ծառայութեանը Մայր Եկեղեցուն եւ աշխարհասփիւռ հայ ժողովրդին: Նորին Սրբութեանը մաղթելով քաջառողջ կեանքի բազում տարիներ եւ նորանոր ազգաշահ իրագործումներով լեցուն գահակալութիւն` Սրբազանը վստահեցրեց, որ Մայր Աթոռի պաշտօնէութիւնը պիտի շարունակի լծակից լինել Հայոց Հայրապետին եւ կեանքի կոչել բոլոր այն տեսիլքները, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունի հայրենիքի, ժողովրդի եւ Եկեղեցու նկատմամբ:
Այնուհետեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնութիւնը բերեց ներկաներին: «Ես փառք եմ տալիս Աստծուն, որ այսպիսի շնորհի է արժանացրել մեզ` լինելու Հայոց Հայրապետ, եւ այսպիսի առիթ ու հնարաւորութիւն ընձեռել առաւելագոյն չափով ծառայութիւն մատուցելու մեր ժողովրդին», - ասաց Նորին Սրբութիւնը: Անդրադառնալով եկեղեցական կեանքում արձանագրուած յաջողութիւններին` Վեհափառ Հայրապետը դրանցում կարեւորեց Մայր Աթոռի աշխատակիցների դերակատարութիւնը. «Անցնող 15 տարիները իմաստաւորուած են ձեզանով, ձեր աշխատանքով: Այն, ինչ որ կատարուած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, արուած է ձեր ջանքերի, ձեր ազնիւ աշխատանքի շնորհիւ: Դուք էք կանգնած եղել այդ ձեռքբերումների ակունքներում: Մենք մեր սրտի խորքից բերում ենք մեր գնահատանքը ձեզ եւ իւրաքանչիւրիդ ասում շնորհակալութիւն` ձեր նուիրեալ աշխատանքի ու ծառայութեան համար:
…Ես բարձրօրէն գնահատել եմ իւրաքանչիւրի ծառայութիւնը այս հաստատութիւնից ներս, միշտ ունեցել եմ սէր ձեր նկատմամբ` եւբ որպէս ազգի զաւակների, եւբ որպէս պաշտօնեաների մեր այս հաստատութեան»:
Նորին Սրբութիւնը նաեւ գոհունակութիւն յայտնեց Աստծուն, որ այս տարիների ընթացքում ազնուահոգի շատ բարերար հայորդիներ` գիտակից լինելով Հայ Եկեղեցու առաքելութեան կարեւորութեան, զօրակից են եղել Հայոց Եկեղեցուն եւ Հայոց Հայրապետին` կեանքի կոչելու բազում ազգանպաստ եւ հայրենաշեն ծրագրեր:
Հանդիպման աւարտին օրհնելով Մայր Աթոռի պաշտօնէութեանը` Ամենայն Հայոց Հայրապետը յորդորեց որպէս Հայոց Եկեղեցու հաւատաւոր անձեր, որպէս նախնեաց արժանաւոր զաւակներ հպարտութեան զգացումով ու նուիրումով շարունակել իրենց ծառայութիւնը Մայր Աթոռում: «Այստեղ ծառայող իւրաքանչիւր անձ պաշտօն չէ, որ իրականացնում է, այլ ոգի եւ ապրում է դնում, աղօթքն է իր հոգու մէջ կրում այդ աշխատանքի ընթացքին: Սա սովորական աշխատանք չէ, որ դուք իրականացնում էք այս հաստատութիւնից ներս. առաքելութիւն է, որի իրականացնողներն էք, որի իրագործման մասնակիցներն էք», - ընդգծեց Նորին Սրբութիւնը` բարի արդիւնաւորում մաղթելով պաշտօնէութեան ջանքերին, որպէսզի առաւել շէնանայ ու պայծառանայ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ նրա օրհնութիւնը շարունակ բաշխուի ի սփիւռս աշխարհի: