Շուշիի ազատագրումը որակապես փոխեց հայ ժողովրդի հոգեվիճակը


Շուշիի ազատագրումը որակապես փոխեց հայ ժողովրդի հոգեվիճակը

  • 06-05-2011 17:25:16   | Հայաստան  |  Քաղաքական
Շուշիի ազատագրման 19-ամեակի կապակցութեամբ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը մայիսի 6-ին հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասուած է. «Հայութեան միակամութեան, հայ զինուորի անմնացորդ նուիրումի եւ սխրանքի, հայ հրամանատարի արտասովոր տաղանդի, կորսուած հայրենիքը վերատիրելու ուխտի կատարումն էր Արցախ աշխարհի երբեմնի մայրաքաղաք Շուշիի ազատագրումը եւ այն հայ ժողովրդի պատմութեան մէջ արձանագրուեց որպէս ամենափառահեղ յաղթական էջերից մէկը: Շուշիի ազատագրումը որակապես փոխեց մեր ժողովրդի այն հոգեվիճակը, որը երկար ու ձիգ դարեր ուղեկցել էր հայութեանը: Հայը կրկին վերականգնեց իր յաղթական կեցուածքը, հաւատաց սեփական ուժերին, կրկին եղաւ միասնական եւ կատարեց անհնարինը` ազատագրելով անառիկ համարուող բերդաքաղաքը մարդկային նուազագոյն կորուստներով եւ կարճ ժամանակի ընթացքում: Հայրենիքը արդարութեամբ եւ սիրով շէնացնելու կարեւոր եւ անհրաժեշտ քայլը այն ազատագրելն էր թշնամուց: Սակայն հայութիւնը ռազմի դաշտում յաղթելով իրենից քանակապես եւ զինական գերազանցութիւն ունեցող թշնամուն, առ այսօր չի կարողանում յաղթել իր մէջ տնօրինող նիւթապաշտութեանը, եսամոլութեանը, փառասիրութեանը: ,վասն Աստծոյ, վասն Հայրենեացէ մարգարէական խօսքերի իրականացումը իւրաքանչիւր ազգի յարատեւման բանալին է: Ցաւօք այն այսօր օտարուել է մեզանից: Հայաստան աշխարհը հայաշատ դարձնելու, բարոյական եւ ներդաշնակ համակեցութեան օրէնքներով ապրելու փոխարէն, երկրում ստեղծուել է մի մթնոլորտ, որ հայ մարդը գերադասում է լքել հայրենիքը եւ գոյատեւել օտարութեան մէջ, ուծացման վտանգը ամէն պահ ունենալով աչքի առաջ: Տասնիննը տարի առաջ ազատագրուած Շուշին այդպէս էլ իրապէս չդարձաւ հայինը եւ հազարաւոր հայեր բնակութիւն չհաստատեցին Շուշիում: Շուշին ազատագրող հրամանատարներից Սասուն Միքայէլեանը հանիրաւի այսօր բանտարկուած է ռեժիմի կողմից: Շուշիի ազատագրումը, ցաւօք իրապէս տօն չէ մեզ համար, եւ այն նշւում է ձեւի մէջ, եւ որտեղ չկայ իրական բովանդակութիւն, քանզի մեր երկրի ճակատագիրը տնօրինում են շահապաշտ եւ փառասէր մի խումբ մարդիկ: Իրավիճակը որակապես փոխելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը եւ հայութիւնը կեղեքօղ ռեժիմը տապալուի, եւ լինի գիտակցումը այն իրողութեան, որ Հայաստանը հայն է շէնացնելու, լինելով առաւել արդարամիտ, հաւատով լեցուն եւ վճռակայն»:
  -   Քաղաքական