Տասը պատճառներ, թէ ինչու թուրքերն իրենց ղեկավարներին թոյլ<br /> չեն տայ վաւերացնել Արձանագրութիւնները<br />


Տասը պատճառներ, թէ ինչու թուրքերն իրենց ղեկավարներին թոյլ
չեն տայ վաւերացնել Արձանագրութիւնները

  • 17-02-2010 10:35:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իմ աւելի վաղ յօդուածներում մատնանշել էի Թուրքիայի խարդախ մօտեցումները` Հայաստանի հետ բանակցութիւններ վարելու եւ 2009 թուականի հոկտեմբերի 10-ին Արձանագրութիւնները ստորագրելու հարցում: Ձգտելով խաբել ոչ միայն Հայաստանին եւ միջազգային հանրութեանը, թուրք ղեկավարները փորձում էին մոլորութեան մէջ գցել նաեւ իրենց ամենամտերիմ դաշնակից Ադրբեջանին եւ թուրք հանրութեանը` Արձանագրութիւնների հնարաւոր շահաւէտութեան վերաբերեալ: Անգամ այն դէպքում, երբ Արձանագրութիւնները լիովին բխում էին Թուրքիայի շահերից, նրա ղեկավարները փորձում էին բանակցուած պայմանագրի առաւելութիւնները չափազանցուած ձեւով ներկայացնել` երկրի ներսում ու արտերկրում, յատկապէս Ադրբեջանում` քննադատողների հնարաւոր առարկութիւնները յաղթահարելու նպատակով: Ինչպէս եւ սպասւում էր, Էրդողանի կառավարութիւնը, իրոք խնդիրներ ունեցաւ Ադրբեջանի հետ, երբ Իլհամ Ալիեւը հրապարակավ իր դժգոհութիւնն արտայայտեց, որ Թուրքիան ծրագրելով բացել Հայաստանի հետ սահմանը, հրաժարվում է իր «փոքր եղբորից»` վերացնելով այն հիմնական դրդապատճառը, որը կստիպեր Հայաստանին վերադարձնել Արցախը: Ադրբեջանական իշխանութիւնը չբավարարվեց թուրքական հավաստիացումներով եւ պատասխան քայլեր ձեռնարկեց` եռապատկելով Թուրքիա արտահանուող գազի գինը, հանելով թուրքական դրօշները հասարակական վայրերից, արգելելով թուրքական ֆիլմերն ու երգերն ադրբեջանական հեռուստաալիքներից եւ փակելով թուրքական ֆինանսավորմամբ գործող մզկիթները Բաքւում: Այդ ընթացքում, Թուրքիայի ընդդիմադիր ուժերը հիանալի առիթ տեսնելով վարչապետ Էրդողանի խորհրդարանական մեծամասնութիւնը նուազեցնելու համար, իսկոյն նրան մեղադրեցին Թուրքիայի ազգային շահերը դավաճանելու մէջ` իրենց դարաւոր հայ թշնամիների եւ ոչ թէ ադրբեջանցի եղբայրների կողմը բռնելու համար: Այսպիսի մեղադրանքների դէմ պայքարելու համար, թուրքձղեկավարները ստիպուած էին մի շարք չհիմնաւորուած յայտարարութիւններ կատարել` ուռճացնելով Արձանագրութիւնների շահավետությունը թէ Ադրբեջանի, եւ թէ Թուրքիայի համար: Նրանք ադրբեջանցիներին հավաստիացրին, որ ճնշում կգործադրեն Հայաստանի վրայ, Արցախն Ադրբեջանին վերադարձնելու համար` մինչեւ թուրքական խորհրդարանի կողմից Արձանագրութիւնների վաւերացումն ու Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումը: Բացի այդ, թուրք պաշտօնեաները իրենց հասարակութեանը կրկին հավաստիացրին, որ Արձանագրութիւնները վերջ կդնեն Ցեղասպանութեան «հայկական պնդումներին» եւ հողային պահանջատիրութեանը` Արեւելյան Թուրքիայում (Արեւմտյան Հայաստանում): Սակայն Անկարայի կողմից արուած Արձանագրութիւնների վերաբերեալ խեղաթյուրումները մոլորութեան մէջ չգցեցին թուրքական եւ ադրբեջանական հանրութեանը: Ահա այն տասը հիմնական պատճառները, թէ ինչու թուրքական խորհրդարանը չի վավերացնի Արձանագրութիւնները: 1. Չնայած Գիւլի, Էրդողանի եւ Դավութօղլու կողմից բազմիցս հնչած յայտարարութիւններին, թէ Արցախի հակամարտութեան կարգաւորումը նախապայման է Արձանագրութիւնների վաւերացման համար, Միացեալ Նահանգները, Ռուսաստանը, Եւրամիութիւնը, ինչպէս նաեւ Հայաստանը շարունակ նշել են, որ Արձանագրություններում այդպիսի պայման գոյութիւն չունի: Դեռ աւելին, նրանք հորդորել են այդ երկու հիմախնդիրները չշաղկապել կամ Արցախի հակամարտութեան ուղղութեամբ բանակցութիւնները պատանդ չդարձնել Արձանագրութիւնների վաւերացմանը: Հայաստանը կտրականապէս մերժել է Արձանագրութիւնները կապել Արցախի հիմնահարցի հետ: 2. Իրականութեանը չի համապատասխանում Թուրքիայի այն պնդումը, թէ Արձանագրութիւնները վերջ կդնեն Ցեղասպանութեան ճանաչմանն ու երրորդ երկրների կողմից դրա ընդունմանը հետամուտ լինելու Հայաստանի ջանքերին: Կեղծիք է նաեւ այն, որ Արձանագրութիւնները մեխանիզմներ կստեղծեն Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրման համար: Իրականում, վերջին շաբաթների ընթացքում Արձանագրութիւնները զարկ տվեցին հայերի ջանքերի վերսկսմանը` ձգտելով Ցեղասպանութեան ճանաչմանը Բրիտանիայի, Բուլղարիայի, Իսրայելի եւ Շվեդիայի խորհրդարանների կողմից: Բացի այդ, մարտի 4-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում նախատեսւում է քուէարկութեան դնել Հայոց Ցեղասպանութեան բանաձեւը: Նման մի բանաձեւ է սպասւում նաեւ ԱՄՆ-ի Սենատում: 3. Ի հեճուկս թուրքական պնդումների, Արձանագրություններում հիշատակուող «պատմական յանձնաժողովը» չպէտք է ծառայի որպէս Ցեղասպանութեան վերանայման խորհուրդ, այլ որպէս պլատֆորմ` Թուրքիայից փոխհատուցման պահանջների ներկայացման համար: 4. Թուրքիայի պնդումները, թէ Արձանագրութիւնները վերջ կդնեն Հայաստանի տարածքային պահանջներին, հակասում են այն փաստին, որ անցեալի որեւէ պայամանգրի յղում չի արուել, որը Հայաստանից պահանջեր հրաժարուել այդպիսի իրաւունքներից: Ընդհակառակը, Արցախից կամ Արեւմտյան Հայաստանից հրաժարուելու փոխարէն, նախագահ Սարգսեանը նախորդ շաբաթուայ իր ելոյթում, առաջին անգամ բարձրացրեց Նախիջեւանի հայաթափման հարցը, մի հողատարածք, որը խորհրդային իշխանութեան կողմից դրուել էր Ադրբեջանի իշխանութեան ներքոյ որպէս ինքնավար հանրապետութիւն: 5. Հայաստանը եւ գերտէրութիւնները մերժեցին թուրքական պահանջները, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը «ուղղի» 2010 թուականի յունվարի 12-ի իր որոշումը, որը սահմանափակում էր Թուրքիայի` Արձանագրութիւնների ուռճացուած մեկնաբանութիւնները: Դատարանը համառօրէն պնդեց, որ Ցեղասպանութեան ճանաչմանը հետամուտ լինելը չի կարող դադարեցուել, իսկ Արցախի կարգավիճակի վերաբերեալ Թուրքիայի հետ բանակցութիւններ չեն կարող վարուել` Արձանագրութիւնների երկկողմանի բնոյթի պատճառով: 6. Թուրք ղեկավարները ոչ մի փաստարկ չունեն բողոքելու Հայաստանի Դատարանի` Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը հետամուտ լինելու Սահմանադրութեան նախաբանին յղում կատարելու դէմ: Այս նախաբանը հիմնուած է Հայաստանի Անկախութեան մասին հռչակագրի 11-րդ դրույթի վրայ, որը գոյութիւն ուներ 1990 թուականից ի վեր, Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանն առաջին անգամ բացելուց շատ առաջ: Անկասկած, թուրք ղեկավարները քաջատեղյակ էին այս դրույթի գոյությանըն մինչեւ 2009 թուականին Արձանագրութիւնները ստորագրելը: 7. Թուրք պաշտօնեաներն անհիմն պնդում են, որ Արձանագրություններով ընդունվում է Կարսի 1921 թուականի պայմանագիրը, որը Խորհրդային Հայաստանը հարկադրաբար է ստորագրել: Արձանագրություններում ոչ մի յղում չկայ Կարսի պայամանագրին: Բացի այդ, Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ օրինական ուժ ունեն միայն այն պայմանագրերը, որոնք վաւերացուել են Հայաստանի Հանրապետութեան կողմից: 8. Իր ամպագոռգոռ նպատակին` «զրո խնդիրներ հարեւանների հետ» հասնելու փոխարէն, թուրքական կառավարութիւնն Արձանագրութիւնների ստորագրմամբ լուրջ ճեղքուածք առաջացրեց հարեւան Ադրբեջանի հետ, որի հետ նախկինում ոչ մի խնդիր չուներ: 9. Հարկ է նշել, որ թուրքական իշխանութիւնը ոչ մի առարկութիւն չի յայտնել Հայաստանի այն պահանջի նկատմամբ, որ Թուրքիան առաջինը պէտք է վավերացնի Արձանագրութիւնները: Սա վիրաւորական մի հարկադրանք է Թուրքիայի նկատմամբ, որի հանդէպ Հայաստանը, հասկանալի պատճառներով այս պահանջով յայտնում է իր խորը անվստահութիւնը: 10. Թուրք ղեկավարները չարձագանքեցին նաեւհայաստանի այն սպառնալիքին, որ չեղեալ կյայտարարի իր ստորագրութիւնը, եթէ Թուրքիան մինչ եւ մարտի վերջ` Ապրիլի 24-ից մէկ ամիս առաջ չվավերացնի Արձանագրութիւնները: Եվս մէկ վիրաւորական հարկադրանք Հայաստանի կողմից մի երկրի հանդէպ, որի մեծամիտ ղեկավարները տարուել են նեո-օսմանեան վառ երեւակայությամբ: Վերոնշեալ տասը կէտերը ցոյց են տալիս վստահութեան այն լուրջ ճեղքուածքը, որ գոյութիւն ունի թուրքական կառավարութեան եւ իր հասարակութեան, ինչպէս նաեւ միջազգային հանրութեան միջեւ: Թուրքիայի ներսում եւ դրսում, Անկարան փորձում էր խաբել բոլորին` Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու ձգտման կեղծ տպաւորութիւն ստեղծելով: Թուրք պաշտօնեաները, իրենցից բացի ոչ մէկին չպէտք է մեղադրեն այսպիսի անելանելի կացութեան մէջ յայտնուելու համար: Նրանք կարծում էին, որ հերիւրանքներով կկարողանային աւելի շատ զիջումներ կորզել Հայաստանից, սակայն ձախողուեցին: Այժմ նրանք ընկել են սեփական ծուղակի մէջ, եւ ոչ մէկը յատուկ խանադավառություն չի ցուցաբերում այդ նեղ կացութիւնից նրանց փրկելու համար: Յարութ Սասունեան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր, Թարգմ. Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ