Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
26-02-2015 16:31:06 | Հայաստան | Հասարակութիւն
Փետրուարի 24-26-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, գումարուեց Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով` ընդլայնուած կազմով:
Ժողովն սկսուեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեան եւ գնահատանքի խօսքով: Նորին Սրբութիւնը նկատեց, որ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նուիրական տարուայ առաջին ժողովն է գումարուել, որի օրակարգում ընդգրկուած են տարելիցին առնչուող արարողութիւնների կազմակերպչական հարցեր, եկեղեցական-թեմական զանազան խնդիրներ: Վեհափառ Հայրապետն արդիւնաւոր աշխատանք մաղթեց ժողովականներին` վստահութիւն յայտնելով, որ ժողովում ընդունուած որոշումները կը նպաստեն նախատեսուած միջոցառումների ու հոգեւոր արարողութիւնների բարեյաջող անցկացմանը եւ հոգեւոր-եկեղեցական կեանքի առաջընթացին:
ԳՀԽ նիստերն ատենապետեցին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքութեան պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը, ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը եւ Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը:
Ժողովին Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամներն անդրադարձան ապրիլի 22-24-ը Հայաստանում եւ Մայր Աթոռում կազմակերպուելիք Սրբադասման արարողութեանը եւ ոգեկոչման միջոցառումներին: Այս կապակցութեամբ զեկոյցներով հանդէս եկան Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը եւ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը: Քննարկուեցին ապրիլի 22-ի Հսկման արարողութեան, ապրիլի 23-ի Ս. Պատարագի եւ Սրբադասման արարողութեան հետ կապուած կազմակերպչական հարցեր, տեղեկութիւններ փոխանցուեցին սրբապատկերի եւ մասնատուփի պատրաստման, շարականի կանոնի բազմաձայնման գործընթացի մասին, ինչպէս նաեւ յիշատակի այլ արարողութիւններին Հայ Եկեղեցու մասնակցութեան վերաբերեալ:
ԳՀԽ-ին ներկայացուեց, որ Մայր Աթոռի հրաւէրին ընդառաջ ապրիլի 22-24-ի արարողութիւններին կը մասնակցեն 38 Եկեղեցիների, միջեկեղեցական եւ էկումենիկ կառոյցների ու միջկրօնական կազմակերպութիւնների շուրջ 70 ներկայացուցիչներ, որոնց թւում դաւանակից չորս Եկեղեցիների եւ երեք Ուղղափառ Եկեղեցիների պետեր, էկումենիկ կառոյցների ութ նախագահներ եւ գլխաւոր քարտուղարներ, Ուղղափառ, Կաթոլիկ, Անգլիկան եւ Բողոքական Եկեղեցիների պատուիրակութիւններ, եկեղեցականներ Ռուանդայից եւ Դարֆուրից: Արարողութիւններին կը մասնակցեն նաեւ ներկայացուցիչներ աշխարհասփիւռ բոլոր հայոց թեմերից:
Գոհունակութիւն յայտնելով կատարուած աշխատանքների համար` Գերագոյն հոգեւոր խորհուրդը յանձնարարեց նոյն նախանձախնդրութեամբ շարունակել նախատեսուող արարողութիւնների պատշաճ կազմակերպումը:
Գերագոյն հոգեւոր խորհրդին Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը եւ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը զեկոյց ներկայացրեցին Քոյր Եկեղեցիների հոգեւոր կենտրոններում եւ Սփիւռքի հայաշատ կենտրոններում կազմակերպուող Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի յիշատակի արարողութիւնների վերաբերեալ:
Ժողովականները քննութեան առան նաեւ Հայ Եկեղեցու Երիտասարդաց միաւորման ընդհանուր ուղեցոյցի նախագիծը, որի վերաբերեալ զեկոյց ներկայացրեց ՀԷԵՄ պատասխանատու Գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանը: Այս առնչութեամբ տեղեկացուեց, որ 2015 թ. յուլիսին նախատեսւում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարել ՀԷԵՄ պատգամաւորական երրորդ ժողով:
Գերագոյն հոգեւոր խորհրդին Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանի կողմից ներկայացուեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունէութեան 2014 թ. տարեկան հաշուետուութիւնը, որում անդրադարձ է կատարուած անցնող տարում հայրապետական ընդունելութիւններին ու այցելութիւններին, ներեկեղեցական եւ միջեկեղեցական ասպարէզներում իրագործուած ծրագրերին, Մայր Աթոռի միաբանութեանը, Մայր Աթոռի բաժինների եւ թեմերի գործունէութեանը, Եկեղեցու քարոզչական, կրթադաստիարակչական եւ սոցիալական առաքելութեանը:
Տեղեկացուեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան եկեղեցականութեան թիւը 737 է, որոնցից 56-ը` արքեպիսկոպոս եւ եպիսկոպոս, 43-ը` ծայրագոյն վարդապետ եւ վարդապետ, 50-ը` աբեղայ, 446-ը` քահանայ, 142-ը` սարկաւագ: Անցեալ տարի եպիսկոպոսական ձեռնադրութեան եւ օծման են արժանացել 3 վարդապետներ, ձեռնադրուել են 27 ամուսնացեալ քահանաներ, 22 սարկաւագներ:
2014 թ. Մայր Աթոռի կառոյցներում աշխատել է 982 անձ: 2014 թ. Մայր Աթոռ հոգեւոր-կրթական հաստատութիւններում ընդհանուր թուով ուսանել է 230 սան, որից 104-ը` Գեւորգեան հոգեւոր ճեմարանում, 74-ը` Սեւանի Վազգէնեան հոգեւոր դպրանոցում, 39-ը` Հառիճավանքի Թրբանճեան ընծայարանում, 23-ը` Քահանայից պատրաստման եռամեայ լսարանում: Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հովանաւորութեամբ գործող 7 Հայորդեաց տներում, ուր յաճախում են աւելի քան 3000 երեխաներ եւ պատանիներ, 2014 թ. եկեղեցական, ազգային եւ պետական տօների առիթներով իրականացուել է 225 միջոցառում:
Անցեալ տարում Մայր Աթոռը շարունակել է քարոզչական ընդգրկուն գործունէութիւն իրականացնել ազգային մեր կեանքի տարբեր ոլորտներում` հանրակրթութեան ոլորտում, երիտասարդութեան շրջանում, ՀՀ Զինուած ուժերում եւ Քրէակատարողական հիմնարկներում, ինչպէս նաեւ Մայր Աթոռի անմիջական ենթակայութեան ներքոյ գտնուող վանքերում:
Վեհափառ Հայրապետի տնօրինութեամբ 2014 թ. յունուարին հիմնադրուած Մայր Աթոռի Սոցիալական ծառայութեան կենտրոնը բոլոր հնարաւոր միջոցներով աջակցութիւն է ցուցաբերել ազգաբնակչութեան առաւել կարիքաւոր խմբերին: Հաշուետու տարում մեծ ծաւալի հոգեւոր խնամատարութիւն է իրականացուել, այդ թւում դրամական աջակցութիւն է ցուցաբերուել 25.000 հոգու:
Հայաստանի եւ Սփիւռքի թեմերում, Հայրապետական Պատուիրակութիւններում 2014 թուականին օծուել է 18 նոր եկեղեցի, կառուցման եւ վերանորոգման փուլում է գտնւում 98 եկեղեցի: Թեմերից ներս գործել է 896 ծուխ եւ ծխական առաքելութիւն: Թեմերի հովանու ներքոյ գործել է 241 կիրակնօրեայ դպրոց:
Ժողովին Գերագոյն հոգեւոր խորհուրդն ընդունեց նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 2014 թ. ֆինանսական հաշուետու զեկոյցը:
ԳՀԽ ժողովի ընթացքում զեկոյցներ ներկայացուեցին Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի եւ Բուլղարիայի հայոց թեմերի առաջնորդների ընտրութեան գործընթացի մասին, ինչպէս նաեւ քննարկուեցին Հոլանդիայի, Բելգիայի եւ Ծայրագոյն Արեւելքի եկեղեցական համայնքներին առնչուող հարցեր:
Ժողովը փակուեց Ամենայն Հայոց Հայրապետի պատգամով եւ «Պահպանիչ» աղօթքով: