Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպանին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպանին

  • 13-03-2015 16:23:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Լեհաստանի Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Եժի Նովակովսկուն: Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
Ողջունելով դեսպանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները բերեց վերջինիս նշանակման առիթով: Նորին Սրբութիւնը վստահութիւն յայտնեց, որ տիար Եժի Նովակովսկու դիւանագիտական գործունէութիւնը նոր խթան կը հանդիսանայ հայ-լեհական յարաբերութիւնների զարգացման համար: 
Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Լեհաստանի դեսպանն անդրադարձան հայ ու լեհ ժողովուրդների պատմական կապերին, երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում առկայ սերտ գործակցութեանը: Իր խօսքում Նորին Սրբութիւնը գնահատանքով նշեց այն աջակցութիւնը, որ բարեկամ երկրները, որոնց թւում եւ Լեհաստանը, ցուցաբերել են Հայաստանին  երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրների յաղթահարման ճանապարհին: Խօսելով Լեհաստանի հայ համայնքի մասին` Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ ընդգծեց այն զօրակցութիւնը, որ Լեհաստանի Կաթոլիկ Եկեղեցին ցուցաբերում է Հայ Եկեղեցուն հայ համայնքի հոգեւոր կեանքի կազմակերպման նպատակով:
Իր հերթին ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը հանդիպման համար շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին` մասնաւորապէս շեշտելով Հայ եւ Կաթոլիկ Եկեղեցիների ունեցած կարեւոր դերակատարութիւնը երկու երկրների ու ժողովուրդների կեանքում: Դեսպանը վստահեցրեց նաեւ, որ պէտք է ըստ ամենայնի նպաստի հայ-լեհական յարաբերութիւնների առաւել ամրապնդմանն ու զարգացմանը:
Հանդիպմանը քննարկուեց նաեւ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով Հայաստանում եւ Մայր Աթոռում կազմակերպուելիք Սրբադասման արարողութեանը եւ ոգեկոչման միջոցառումներին Լեհաստանի ներկայացուցիչների մասնակցութեան հարցը
 
  -   Մամլո հաղորդագրություն