Աւագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Աւագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

  • 02-04-2015 18:37:00   |   |  Հասարակութիւն

Ապրիլի 2-ը` Աւագ հինգշաբթին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացուեց իւրայատուկ խորհրդաւորութեամբ: Առաւօտեան Միածնաէջ Մայր Տաճարում կատարուեց Ապաշխարողաց կարգը: Միջօրէի ժամերգութեան աւարտին ձեռամբ Մայր Աթոռի փոխլուսարարապետ Արժանապատիւ Տ. Յովհաննէս քահանայ Քեսաբլեանի մատուցուեց Սուրբ Պատարագ` ի յիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տէր Յիսուս Քրիստոսի կողմից Հաղորդութեան խորհրդի հաստատման: Պատարագի սրբազան արարողութեան ընթացքում ընթերցուեց Սուրբ Բարսեղ Կեսարացի Հայրապետի ճառը:
Օրուայ խորհուրդը շարունակուեց Ոտնլուայի կարգով: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ կատարուեց Ոտնլուայի տէրունապատուէր արարողութիւնը: Մայր Աթոռի միաբանների կողմից կարդացուեցին օրուայ սուրբգրային ընթերցումներն ու Յովհաննէս Պլուզ վարդապետի կողմից գրուած «Սիրոյ մասին» խրատը: Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրայ դրուած ջուրն ու իւղը, որին յաջորդեց Մարդացեալ Աստուածորդու կատարեալ խոնարհութեան դրսեւորման  օրինակը: 
Նորին Սրբութիւնը, ծունկի գալով, շարականների երգեցողութեան ներքոյ լուաց ու իւղով օծեց տասներկու անձանց ոտքերը: Նրանց թւում էին եպիսկոպոս, աբեղաներ, սարկաւագներ, Գեւորգեան հոգեւոր ճեմարանի սաներ, Երեւանի պետական համալսարանի Աստուածաբանութեան ֆակուլտետի ուսանողներ, Մայր Աթոռի «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտներ եւ զինուորներ:
Արարողութիւնից յետոյ օրհնուած իւղը բաժանուեց հաւատացեալներին: 
 
  -   Հասարակութիւն