Վահագն Յովնանեան. Հայրենիքում` Հայրենիքի համար


Վահագն Յովնանեան. Հայրենիքում` Հայրենիքի համար

  • 23-12-2010 20:17:13   | Հայաստան  |  Հարցազրոյցներ
 Անառարկելի ճշմարտութիւն է այն, որ մէկ անգամ տեսնելը հազար անգամ լսելուց լաւ է եւ ճիշտ։ Հէնց այս որոշումով էլ, Սփիւռքի նախարարուհի Հրանոյշ Յակոբեանի խորհրդով, այցելեցի «Վահագնի թաղամաս»՝ զրուցելու հայրենասէր հայի, բարերարի, մեծ շինարարի եւ պարզապէս քրիստոնեայի՝ Վահագն Յովնանեանի հետ։ Տէր եւ տիկին Հովնանեանների ուղեկցութեամբ, մեր ամսաթերթի լուսանկարիչ Գագիկի հետ շրջեցինք թաղամասով, հիացանք, վայելեցինք մեծ քաղաքի թոհուբոհից հեռու գտնուող փոքրիկ «քաղաք»-ի բաղձալի, հաճելի լռութիւնն ու խաղաղութիւնը, վայելեցինք ձմեռային ամսուայ աշնանաշունչ, արեւոտ օրը, Վահագն ու Յասմիկ Հովնանեանների ջերմ ժպիտները, նրանց օգնական Արմինէ Գրիգորեանի անչափ նրբակիրթ վերաբերմունքը եւ տնամերձ փոքրիկ հողակտորների վրայ աճած, արդէն իսկ թօշնած ծաղիկներից նեկտար քաղելու մեղուների եռանդուն ու յամառ ճիգերը։ Փոքրիկ քաղաքում հայկական աւանդական ճարտարապետութեան ոչ մի նշոյլ չկա։ Թորգոմ Փոսթաճեանի («Հայաստան աշխարհի նորագոյն շինարարը - Վահագն Յովնանեան» գրքի հեղինակ) վկայութեամբ՝ «Վահագն Յովնանեանը Ամերիկան Հայաստան տեղափոխեց»։ Եւ, այնուամենայնիւ, համաչափ, նորաոճ, թւում է՝ իրար շատ նման, բայց իրարից շատ տարբեր տներով համալրուած «Վահագնի» թաղամասում մշակուած խոտածածկոյթի, գեղեցիկ թփերի, ծաղիկների, բարեկարգ ճեմուղիների ձեւաւորումներով հանգուցալուծուած շինարարական ստեղծագործ աշխատանքի արդիւնքները ակնահաճոյ էն, սրտամօտ։ Այստեղ կարելի է լիարժէքօրէն հանգստանալ անգամ ամառային ամենաթէժ, տապ օրերին՝ առանց երազելու հանգստեան տների, լողափերի մասին, մի խօսքով՝ «Վահագնի» թաղամասի դրախտի մի փոքրիկ կտոր է, ուր չկան տէրեր ու ծառաներ, ուր յասմիկն ու վարդն էն բուրում, ուր թագաւորում էն սէրը, բարութիւնը, ուր ձմեռուայ մէջ արեւ կայ եւ աշնան մէջ՝ մի քիչ ամառ։ Սա, թերեւս, Վահագն Յովնանեանի շինարարական, ստեղծագործ հոգու եւ մղումի լաւագոյն դրսեւորումներից մէկն է, իսկ միւսները՞… Հովնանեանների հայրենանուէր, բարեգործական, բարեսիրական գրեթէ բոլոր ծրագրերը կեանքի էն կոչուել՝ նուիրատուութիւններ, հայկական դպրոցների, վարժարանների կառուցում, աշխատատեղերի ստեղծում (Գիւմրիում կառուցուած կղմինդրի, բազալտի, տուֆի եւ մարմարի արտադրամասում), հայկական երաժշտարուեստը խթանող Սայաթ-նովայի անուան մրցանակաբաշխութիւն 2000 թ. մայիսին, կինոյի, թատրոնի, գրականութեան ու գեղարուեստի գործիչներին խրախուսելու եւ սատարելու համար 2002 թ. մայիսին հիմնուած «Վահագնի» մրցանակաբաշխութիւն, Հայաստանում զբօսաշրջութեան զարգացման գործում ներդրումներ, օգնութիւն, Kantz հիմնադրամը, որի նպատակն էր օգնել հեռանկար ունեցող տաղանդաւոր արուեստագէտներին։ «Վահագն եւ Յասմիկ Հովնանեաններ» հիմնադրամը օգնել է 100-ից աւելի հայ արուեստագէտների՝ կատարելագործուելու իրենց մասնագիտութեան մէջ, մեծապէս օժանդակել է Սփիւռքի նախարարութեան «Արի տուն» ծրագրին։ …կեանք, տարիներ, որոնք լեցուն էն, իմաստաւորուած տարիներ, որոնք Յովնանեան հայորդին, նրա ընտանիքը, շառաւիղները ծառայեցրել ու շարունակում էն ծառայեցնել ի սէր հայրենիքի բարգաւաճման, ի շահ հայ կրթութեան, դպրութեան, արուեստի, ճարտարապետութեան եւ այլ բնագաւառների զարթօնքի, կայացման ու առաջադիմութեան։ Սիրելի՛ ընթերցող, այսքանը՝ իբրեւ հարցազրոյցիս բնաբան, իսկ շարունակութիւնը անչափ հետաքրքիր զրոյց է Վահագն Յովնանեանի հետ, որն էլ ներկայացնում եմ ձեր ուշադրութեանը։ - Պարո՛ն Յովնանեան, որտեղի՞ց էն Ձեր արմատները, բացի արեան կանչից հոգեւոր ի՞նչ կապ էք տեսնում Ձեր նախնիների եւ Ձեր միջեւ։ - Հայրս՝ Ստեփան Յովնանեանը, բնիկ մալաթիացի էր, հրաշքով էր փրկուել ցեղասպանութիւնից, մայրս՝ Եսթեր Յովնանեանը (Ալմաջեան) սեբաստացի էր, եղեռնի վերապրողներից մէկը։ Նրանք հաստատուել էին Իրաքի Քերքուք քաղաքում։ Հայրս բարեգործ էր, ստեղծող, աշխատող, շինարար. նա Քերքուքի հայկական եկեղեցուն կից Թարգմանչաց դպրոցը նուիրել էր գաղութին։ Մայրս միայն ՄԱՅՐ էր… Նա մեծ հոգեբան էր, խելացի, խորագէտ, իմաստուն… Երբ հայրս վարձատրում էր իր աշխատողներին, մայրս էլ դրամ էր տալիս թուրք մուրացիկներին, ովքեր գալիս էին աշխատողների հետ աշխատավարձի օրերին… Երբ հայրս հարցնում էր, թէ ինչու՞ է նրանց՝ այդ թուրքերին դրամ տալիս, մայրս պատասխանում էր՝ «Որ միշտ մուրացիկ մնան»։ Նախնիներիս հետ ունեցած կապը հայրենիքի կարօտն է. կան երկու տեսակի հայեր՝ նրանք, ովքեր կապրին Հայաստանի մէջ եւ նրանք, ովքեր կապրին Հայաստանի կարօտով… Նրանք, ովքեր ապրում էն Հայաստանում, նման էն մեծ անտառում ապրողներին, որոնք ծառերը չէն տեսնում յաճախ… Իմ նախնիների կարօտն է, որ փոխանցուել է ինձ, այն կարօտը, որ մէկ անուն ունի՝ Հայրենիք։ Ամէնքս էլ մեծ գործեր ենք արել՝ հայրս, մայրս, եղբայրներս։ Եղբայրներով՝ Գեւորգը, Ժիրայրը, Հրայրը եւ էս, քոյրերս՝ Անահիտը, Տիրուհին, մշտապէս ականատեսն ենք եղել մեր ծնողների բարի գործերի, հայրենասիրութեան, հայասիրութեան, եկեղեցասիրութեան։ Մեր տան մէջ հայրս թագաւորն էր, մայրս՝ թագուհին, քոյրերս՝ իշխանուհիներ, դիցուհիներ էին, եղբայրներս՝ տէրեր, ոչ երբեք՝ ծառաներ, ստրուկներ։ - Իւրաքանչիւր հայ, իւրաքանչիւր քրիստոնեայ, ըստ Աստուածաշնչեան պատգամների, պարտաւոր է սիրել մերձաւորին, դիմացինի հետ վարուել այնպէս, ինչպէս կը կամենար, որ իր հետ վարուէն, բայց քչերն էն մեր օրերում Տիրոջ պատուիրաններին հետեւում, կամ էլ՝ ցոյց էն տալիս, թէ իրբ հետեւում են… Լոկ բառերով։ Դուք այն եզակի հայերից էք, որ Ձեր բարեգործութիւններն առանց ի ցոյց դնելու՝ խօսքերը միշտ գործի էք վերածում, կեանքի կոչում, իրականացնում բազմաթիւ ծրագրեր… Ինչ՞ն է Ձեզ դրդում, ի՞նչն է Ձեզ ուղղորդում զբաղուելու բարեգործութեամբ։ - Ամբողջ հաւատքը տաս պատուիրանների մէջ է։ Եթէ պահեն տաս պատուիրանները, կատարեն, ուրեմն՝ մաքուր կմնան։ Ծնողներս մեզ պատուիրում էին Նարեկացի կարդալ, եկեղեցի յաճախել, ամուր հաւատք ունենալ, կարեկից լինել ուրիշներին. իրենք միշտ այդպիսին էին. Էս դա՛ եմ տեսել, աչքս միշտ տեսել է բարի գործերի հեղինակ հօրս, էս այդպէս եմ մեծացել, այդպիսի մթնոլորտում ու այլ կերպ լինել չէր կարող։ Յիշում եմ՝ մի օր տեսայ հօրս դպրոցի տանիքի վրայ, ուսումնասիրում էր վիճակը… Նայեցի նրան ներքեւից եւ հպարտ զգացի, որովհետեւ, ինչպէս ասացի, հայրս այդ դպրոցը գնել էր եւ նուիրել երեխաներին, որ այլեւս վարձակալութեամբ չյաճախէին… Յետոյ գզացի, որ նա միայն իմ հայրը չէ, այլ՝ իմ բոլոր ընկերների, բոլոր այն երեխաների, ովքեր այդ դպրոց էին յաճախում։ Հօրս բարեգործութիւնն ինձ համար կեանքումս սովորած ամենամեծ դասն էր։ - Ուրեմն, Քերքուքն է Ձեր ծննդավայրը, մինչդեռ Հայրենիքը… - Այո, Քերքուքն է իմ ծննդավայրը. ծնուել եմ այնտեղ՝ 1932 թ. փետրուարի 16-ին, իսկ հայրենիքս Հայաստանն է։ Գաղթական ծնողներս, հիմնաւորուելով Քերքուքում, շինեցին իրենց բոյնը, բնակարանը, հիմնեցին իրենց օջախը։ Բոլորը զարմանում էին, որ գաղթական, անօթի, անուս հայերը կարողացան ապրել, վերապրել, հայ մնալ, լեզու եւ հաւատք պահել, իրենց երեխաների համար դպրոց ու եկեղեցի կառուցել, աճել, զօրանալ, բազմանալ։ Այդպիսին է հայը։ - Իսկ յետո՞… Ինչպէ՞ս յայտնուեցիք նոր աշխարհում՝ Ամերիկայում, որտե՞ղ հանդիպեցիք Ձեր երկրորդ կէսին՝ տիկին Յասմիկին։ - 1952-ին դուրս եկայ Իրաքից, ուղեւորուեցի Ամերիկա, Ֆիլադելֆիայ՝ սովորելու, բարձրագոյն կրթութիւն ստանալու։ Ընտրեցի ֆիզիկոսի մասնագիտութիւնը, այն ճկունութիւն է տալիս մտքին։ Յետագայում փոխադրուեցի Նիւ Ջերսի։ Ատլանտիկ Սիթիում էլ հանդիպեցի իմ երկրորդ կէսին՝ Յասմիկ Պաղտոյեանին, ով եկել էր Ամերիկա Երուսաղէմից՝ մանկավարժութիւն ուսանելու։ Հրաշալի մտաւորական Սեդրակ Պաղտոյեանի եւ աննման հայուհի Սիրանոյշ Քոպալեանի հինգ զաւակներից երրորդն է Յասմիկը, ով շարունակողն էր ուզում դառնալ հօր գործի։ Սեդրակ Պաղտոյեանը Երուսաղէմի Թարգմանչաց վարժարանում աւագ ուսուցիչ է եղել։ Հրաշքով ազատուելով 1915 թ. հայոց ցեղասպանութիւնից եւ հաստատուելով Երուսաղէմում՝ տարիներ անց Պաղտոյեանը 600 էջանոց մի գիրք է հեղինակում այդ ոճրագործութեան մասին՝ «Երբ դրախտը դարձաւ դժոխք» վերնագրով (այն լոյս է ընծայել Լոս Անջելեսի «Ապրիլ» հրատարակչութիւնը՝ Վահագն Յովնանեանի հովանաւոութեամբ)։ 1959-ին էս եւ Յասմիկը ամուսնացանք հայկական եկեղեցում։ Յետոյ ծնուեցին մեր երեխաները՝ Շանթը եւ Նինան, նրանք էլ կրթուեցին, ամուսնացան։ Շանթը՝ Հիլդեյի հետ, Նինան՝ Արթուրի ու մեզ պարգեւեցին 5 հրաշալի թոռնիկներ։ Ահա սա է իմ կեանքի անձնական մասի պատմութիւնը, իսկ մնացածը աշխատանք է. 1959-ին չորս եղբայրներով հիմնեցինք «Յովնանեան եղբայրներ» ընկերութիւնը, որը դարձաւ Ամերիկայի մեծագոյն շինարարական ընկերութիւնը, կառուցեցինք տասնեակ հազարաւոր ինքնատիպ տներ։ 1969-ին էս հիմնեցի իմ սեփական «Hovbuilol» շինարարական ընկերութիւնը, 1985-ին որդուս՝ Շանթի հետ հիմնեցինք շարժական հաղորդակցութեամբ «Celluar Vision» հեռուստատեսային գործը եւ այլն, եւ այլն։ - Պարո՛ն Յովնանեան, Ձեր մասնագիտութեամբ աշխատե՞լ եք… - Այո՛, 5 տարի եմ աշխատել իմ մասնագիտութեամբ, շատ եմ սիրում բնագիտութիւնը, այն ինձ կեանքի բոլոր բնագաւառներում միշտ էլ օգնել է եւ օգնում է։ Ո՛չ էս, ո՛չ կինս՝ Յասմիկը, Ամերիկայի քաղաքացիներ չէինք. հէնց իմ մասնագիտական հմտութիւնները կարեւորելով ու գնահատելով է, որ ամերիկեան կառավարութիւնը մեզ քաղաքացիութեան իրաւունք տուեց՝ Green Card։ - Հայաստա՞նն է Ձեր վերջին ու վերջնական հանգրուանը, թէ՞ հնարաւոր է, որ մի օր ինչ-ինչ հանգամանքներ ստիպեն Ձեզ հեռանալ հայրենիքից։ - Կ'ուզեմ ապրել աշխարհի մէջ, ունենալ լաւ բարեկամներ ամէն տեղ, աշխարհի բոլոր կողմերում։ …հեռանա՞լ Հայաստանից… Երբեք մտքովս չի անցել։ Էս չեմ մօտեցել, որ հեռանամ։ - Ու՞մ մտահղացումն էր «Վահագնի» թաղամասի հիմնումը։ - Հիմնել եմ էս, իմ մտահղացումն է եղել, բայց անունը էս չեմ դրել։ Ռեժիսոր Յարութիւն Խաչատրեանը առաջարկեց, ու երբ էս եկայ, անունն արդէն դրուած էր։ Համայնքային ընդարձակ բնակավայրի տարածքը, Երեւանի Կենտրոնից մօտ 15 րոպէ հեռաւորութեան վրայ, 300-ից աւելի նորակառոյց տներից է բաղկացած եւ դեռ պիտի համալրուի նոր կառոյցներով։ Դպրոց, ժամանցի վայր (գոլֆի դաշտով, զբօսնելու մեքենաներով, թենիսի, բասկետբոլի, վոյելբոյլի, գնդի հրման եւ ֆուտբոլի դաշտերով։ մեծերի եւ փոքրերի համար նախատեսուած առանձին լողաւազաններով, նաւարկելու լճով), ամէն, ամէն ինչ կայ՝ գեղեցիկ ու յարմարաւէտ ապրելու համար։ - Իսկ մտադիր չէ՞ք մի փոքրիկ եկեղեցի կառուցել, ունենալ նաեւ աղօթատեղի… - Ի հարկէ, անշուշտ, մի մատուռ էլ պիտի կառուցեմ։ Եւ՛ մեծ հանրախանութ պիտի կառուցուի, եւ դպրոց, եւ… մի խօսքով, շատ անելիքներ կան։ Որքան ապրում եմ, այնքան պիտի ստեղծեմ, կառուցեմ, արարեմ՝ ի սէր մարդկութեան, հայութեան, Մեծ ծրագիր ունեմ Դիլիջան քաղաքում. 6 տարի անց պիտի այնտեղ էլ սկսուէն շինարարական աշխատանքներ։ - Ո՞վ է Ձեզ աջակցում կարեւոր գործերում. խօսքս եւ՛ բարոյական, եւ՛ ֆինանսական աջակցութեանն է վերաբերում։ - Բարոյապէս, հոգեպէս ինձ նեցուկ է հայ ժողովուրդը, հայ մշակոյթը։ Ֆինանսական հարցերը էս եմ լուծում։ Իսկ ընդհանրապէս, ինձ մեծ աջակցութիւն էն ցուցաբերում աղջիկս, տղաս, փեսաս, նոյնիսկ թոռներս՝ իրենց դրական լիցքերով։ Տիկնոջս՝ Յասմիկին, աէն առաւօտ համբուրում եմ, իսկ նա ինձ օրհնում է՝ ասելով. «Հող բռնէս, ոսկի դառնա», ու սկսւում է իմ աշխատանքային օրը։ - Խօսեցինք ընտանիքից, հարազատներից, ինչպիսի՞ն է Ձեր ընտանիքը, լսել եմ, որ երջանիկ էք այդ առումով։ - Ճիշտ էք լսել, գոհ եմ, երջանիկ ամուսին եմ, երջանիկ հայր, պապիկ, աներ։ Հրաշալի փեսայ ունեմ՝ Արթուրը, լաւ հարսիկ ունեմ։ Փառք Տիրոջը, որ ինձ Յասմիկի նման կին պարգեւեց՝ սիրող, հոգատար, հասկացող, խելացի եւ՛ գեղեցիկ արտաքինով, եւ՛ գեղեցիկ հոգով։ - Պարո՛ն Յովնանեան, եղե՞լ էն դէպքեր, որ զղջաք Ձեր բարեգործութիւնների համար, ասենք՝ հիասթափուէք, բարկանաք, նեղանաք… - Երբե՛ք, ինձ համար մեծ հաճոյք է տեսնել այսքան հայերի, բարի լոյս մաղթել նրանց, բարի գործեր անել նրանց համար, տեսնել նրանց բարեկեցիկ ապրելակերպով, ինչ-որ տեղ թեթեւացնել մարդկանց հոգսը, Երբեք չեմ զղջացել։ Մի բան է ինձ միայն անհանգստացնում. ժողովուրդը լուռ է, չի պայքարում, չի բարձրաձայնում իր հոգսերի, ցաւերի մասին։ Ժողովրդական յայտնի ասացուածք կայ՝ «Մինչեւ երեխան չլայ, մայրը ծիծ չի տայ»։ Լացն էլ պիտի լինի, ծիծաղն էլ. դրանք երկուսն էլ մարդու համար էն, պիտի իմանաս, թէ որն է մարդու լացի, դառնութեան պատճառը եւ սատար լինէս քո կարողացածին չափով։ - Ինչ՞ն է, որ հնարաւորութեան դէպքում կը փոխէիք Հայաստանում, ի՞նչ արատաւոր երեւոյթներ էն Ձեզ մտահոգում, որոնք անյարիր էն հայի նկարագրին։ - Մէկ հոգին, որքան էլ, որ մեծ լինի ցանկութիւնը, չի կարող շատ բան փոխել, կարգաւորել։ Ժամանակն է, որ պիտի փոխի ինչ-ինչ բաներ։ Արատաւոր երեւոյթներ անշուշտ կան՝ ինձ աւելի մտահոգում է աչքածակութիւնը, ագահութիւնը, անկարգութիւնը։ Օրէնքն է, որ պիտի շտկի ամէն բան։ Հայ մարդը միշտ պիտի ձգտի կատարելութեան՝ իբրեւ հնագոյն ժողովուրդ, իբրեւ աշխարհում առաջին քրիստոնեայ ազգերից մէկը։ - Ու՞մ էն ուղղուած Ձեր բարեգործութիւնները՝ անհատներին (անապահով, ծնողազուրկ, գործազուրկ մարդկանց), թէ՞ դպրոցներին, մանկատներին, քաղաքաշինութեանը, մարզային խնդիրների լուծմանը։ - Բոլորին, ընդհանրապէս բոլոր ոլորտներում էլ Հովնանեանների օգնութիւնն առկայ է՝ մշակոյթ, ճանապարհաշինութիւն, գիտութիւն եւ կրթութիւն, արուեստ, գործարանների կառուցման գործում։ Մենք չենք սահմանափակւում մայրաքաղաքով, օժանդակում ենք գիւղական դպրոցներին, Ղարաբաղին, երկրաշարժից տուժած քաղաքներին՝ թէ՛ 1988-ին, թէ՛ հիմա։ Ողջ Հայաստանն է մեր բարեգործութեան տարածքը։ - Ասում էն, որ «Վահագնի» թաղամասում տները շատ թանկ էն եւ անմատչելի սովորական մարդկանց համար (ի նկատի ունեմ միայն աշխատավարձով ապրող եւ այլ եկամուտներ չունեցողներին)։ Այդպէ՞ս է… - Այստեղ տների գները սկսւում էն 280.000 դոլարից մինչեւ 500.000 դոլար։ Չէի ասի, որ շատ թանկ էն, որովհետեւ Երեւանում այնքա՜ն շքեղ, մի քանի յարկանի առանձնատներ կան, որոնք շատ աւելի թանկ են։ Շուտով պիտի կառուցենք նաեւ բարձրայարկ շէնքեր, որոնք աւելի մատչելի գներ կունենան։ Այստեղ բնակւում էն տարբեր խաւերի եւ տարբեր մասնագիտութիւններով մարդիկ՝ բժիշկներ, դերասաններ, գործարարներ։ - Շփւու՞մ էք բնակիչների հետ, թւում է՝ Դուք այս թաղամասում կնքահայր էք, աւելին՝ հօր դեր էք կատարում։ - Ճիշտ է, բոլորին մօտենում եմ բարեկամաբար, հայրաբար։ Ի հարկէ, շփւում եմ, ճանաչում եմ բոլորին։ - Ձեր աշխատակազմը քանի՞ հոգուց է բաղկացած։ - 300 հոգուց է բաղկացած աշխատակազմը, շուտով կը հասնի մինչեւ 600-ի։ Բոլորն էլ գիտեն իրենց գործը, նուիրուած էն գործին, սիրում եմ թաղամասը, հոգում նրա մասին։ - Մասշտաբային մեծ միջոցառումներ լինու՞մ էն թաղամասում, ասենք՝ հանդիպումներ նշանաւոր մարդկանց հետ, համերգներ… - Անշուշտ, ունենք միջոցառումների դահլիճ։ Գրեթէ բոլոր երգիչներին հրաւիրել ենք այստեղ։ Համայնքն ապրում է լեցուն, հետաքրքիր կեանքով։ - Պարո՛ն Յովնանեան, քաղաքականութեամբ չէ՞ք զբաղւում… - Անշուշտ, հետաքրքիր է քաղաքականութիւնը, սակայն ինձ հետաքրքրում է, թէ ի՞նչ է տալիս այն ժողովրդին, որքանո՞վ է օգնում, ինչպէ՞ս, ի՞նչ հարցերում, Քաղաքականութիւնը պիտի օգնի, որ ժողովուրդը հայրենիքից դուրս չգայ, որ երիտասարդները հնարաւորութիւն ունենան աշխատելու, սովորելու, որ հայի երազը չընդհատուի ուրիշի, օտար հողում։ - Մեր կառավարութիւնը, պետութիւնը Ձեզ օգնու՞մ է, գնահատու՞մ է Ձեր աշխատանքը, թէ՞ խանգարում։ - Էս ապրում եւ գործում եմ օրէնքի սահմաններում, Աւետարանի օրէնքներով, Աստծոյ պատուիրաններով։ Մենք ոչ մէկին չենք խանգարում, մեզ էլ չէն խանգարում։ Եթէ մարդը ոճիր չի գործում, նա չի հետապնդւում եւ ապրում է խիղճը հանգիստ։ Եթէ 10 պատուիրաններով ապրեն բոլորը, ուր էլ լինէն, դրախտն իրենց հետ է, իրենց հոգում եւ պէտք էլ չի մտածել, թէ արդեօք դժոխք կա՞… - Ինչպիսի՞ն է մեր ժողովուրդը Ձեր հայեացքով, լինու՞մ էք ժողովրդի մէջ։ - Լաւ ժողովու՛րդ է, ի՛մ ազգն է, ի՛մ, բոլորի՛ս ժողովուրդն է, ինձ համար ամենամեծ գնահատականը ժողովրդի սէրն է։ Միշտ լինում եմ քաղաքում, ինքս եմ վարում մեքենան։ Կարեւորը, որ ժողովրդի վստահութիւնն ունենամ, էս ինձ միշտ նրա մի մասն եմ համարում։ Քաղաքն էլ լաւն է, թերեւս քաղաքի վրայ թէ՛ կնճիռներ, տրտմութիւն, թէ՛ ժպիտ եմ տեսնում։ - Որ՞ն է Ձեր ամենասիրած երգը, որ երբեւէ լսել էք Ձեր ծնողներից, մեծացել էք այդ երգի ելեւէջների ներքո։ - Սիրում եմ հայկական ժողովրդական բոլոր երգերը։ Մայրս գործ անելիս միշտ երգում էր, երգի մեղեդին լցւում էր հոգուս խորքերը։ Մենք քնել ենք նրա օրօրոցայիններով։ Էս էլ երգով պառկում եմ, երգով՝ արթնանում։ Երգն է իմ դեղը, իմ սպեղանին։ Հայն ու երգն անբաժան են։ - Ինչը՞ կարող է ստիպել Ձեզ հրաժարուել Ձեր առաքելութիւնից։ - Մահը՛, միայն մահը։ Մինչեւ վերջին շունչս պիտի կառուցեմ, ստեղծեմ, բարեգործութիւն անեմ, Աստուած ինձ դրա համար է շունչ ու հոգի տուել։ Մեծանուն հայի, բարերարի, շինարարի կտրուկ ու ոգեշունչ, սպառիչ այս պատասխանով էլ աւարտւում է մեր հարցազրոյցը։ Լայն ու բարի ժպիտով նա ուղեկցում է ինձ թաղամասի գեղեցիկ փողոցներով, գնում ենք մանկան պէս պարզ, ժպտադէմ, յասմիկի պէս գեղեցիկ տիկնոջ՝ Յասմիկի մօտ, ում հայրական խանդաղատանքով է վերաբերում Վահագն Յովնանեանը, յետոյ հրաժեշտ ենք տալիս միմեանց՝ ամէն մէկս մեր հոգու խորքում համոզուած, որ բարեգործութիւնը թելադրուած աշխատանք չէ, այլ՝ ի վերուստ տրուած մեծ շնորհ, առաքելութիւն, որի ընտրեալների անունները պիտի դրոշմուէն Կեանքի գրքում՝ այն անձեռակերտ մատեանում, ուր յաւէրժի խորհուրդն է։ Շուրթերին հանճարեղ Թումանեանի իմաստուն խօսքերը՝ «Գործն է անմահ, լաւ իմացէք, Որ ապրում է դարեդար», Հայի այս ազնուածին տեսակը՝ Վահագն Յովնանեանը, եղեռնապուրծ հայորդիների շառաւիղներից մէկը, ծիծեռնակի պէս իր բոյնն է հիւսում հայրենի հողում եւ չի կամենում տխրաձայն հարցնել. «Կռու՛նկ, ուստի՞ կուգաս…», չի կամենում ցաւը նորոգել, այլ՝ փորձում է սպեղանի դառնալ մեր օրերում՝ յոյսի ու լոյսի շողեր պարգեւելով մարդկանց։ Թող մի՛շտ եղիցի լոյս։ ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ 14.12.2010 թ. ք. Երեւան
  -   Հարցազրոյցներ