Վահագն Հայրապետեան. Ջազը պէտք հասկանալ, սիրել ու երգել կենդանի ձայնով
05-05-2011 17:53:11 | Հայաստան | Մշակոյթ
Հայաստանի վաստակաւոր արտիստ, յայտնի ջազային երաժիշտ, կոմպոզիտոր Վահագն Հայրապետեանը մայիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ թողարկուել է իր նոր` «singin & singin» ձայնասկաւառակը, որի շնորհանդէսը տեղի կ'ունենայ մայիսի 7-ին «Դը քլաբ» ակումբում:
«Ձայնասկաւառակը թուով առաջինը չէ, բայց տեսակով է առաջինը»,- ասաց կոմպոզիտորը` յաւելելով, որ ձայնասկաւառակում ինքը հանդէս է գալիս եւ որպէս դաշնակահար, եւ որպէս կատարող:
Նա տեղեկացրեց, որ ձայնասկաւառակը, որում ընդգրկուած է 9 ջազային ստեղծագործութիւն, թողարկուել է 1000 օրինակով: Բոլոր կատարումները կենդանի ձայնով են` առանց համակարգչային միջնորդութեան: Ըստ նրա, նոր ձայնասկաւառակն երկխօսութիւն է. դաշնամուրն ու ինքը զրուցել են, որի արդիւնքում էլ այն ծնուել է: Վ.Հայրապետեանի համոզմամբ, ջազը պէտք հասկանալ, սիրել ու երգել կենդանի ձայնով:
Նա գտնում է , որ Հայաստանում ջազը զարգանում է, եւ այն ունի իր ունկնդիրը: Նշուեց նաեւ, որ Երեւանում շատ են երաժշտական ակումբները, այդ թւում` ջազային, ուր երիտասարդները կարողանում են ոչ միայն ունկնդրել ջազը, այլեւ մասնակից լինել քննարկումների: