«Եկեղեցի եւ պետութիւն Կիլիկեան Հայաստանում (հայեացք ներսից եւ դրսից)» միջազգային գիտաժողովը շարունակել է իր աշխատանքը
29-05-2015 17:06:04 | | Հասարակութիւն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած «Եկեղեցի եւ պետութիւն Կիլիկեան Հայաստանում (հայեացք ներսից եւ դրսից)» միջազգային գիտաժողովը մայիսի 28-ին եւ 29-ին շարունակեց իր աշխատանքները:
Մայիսի 28-ի նիստերն ատենապետեցին Հայր Աթանաս Շառլ Ռենուն, պ.գ.թ., դոցենտ Էդուարդ Դանիէլեանը, դոկտոր, պրոֆէսոր Փիթեր Քաուին եւ Հոգեշնորհ Տ. Շահէ վարդապետ Անանեանը:
Զեկոյցներ ներկայացրին Մայր Աթոռի Թանգարանների եւ Արխիւի տնօրէն Արժանապատիւ Տ. Ասողիկ քահանայ Կարապետեանը («Կիլիկեան շրջանի արտախուրակները Մայր Աթոռի թանգարաններում»), ԵՊՀ Հայ արուեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնից Ինեսա Դանիէլեանը («Մոմիկի նկարազարդած ձեռագրերի անուանաթերթերը եւ կիլիկեան գրքարուեստը»), ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի «Նարեկացի» հայագիտական ամբիոնից դոկտոր, պրոֆէսոր Փիտեր Քաուին («Ներսէս Պալիանենցի “Մոլորութիւնք”-ի քննութիւն հայ քաղաքական գործիչների ու պապականութեան միջեւ զարգացող յարաբերութիւնների լոյսի ներքոյ»), «Փարիզ Ա Պանթէոն-Սորբոն» համալսարանից դոկտոր, պրոֆէսոր Կլոդ Մութաֆեանը («Կիլիկեան Հայաստանի եւ Ֆրանսախօս Ասորիքի եկեղեցական փոխյարաբերութիւնները»), Մայր Աթոռ Ս. Էջմիածնից եւ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտից պ.գ.դ. Ազատ Բոզոյեանը («Կիլիկիայի Հայոց պետութեան արքունիքը եւ նրա փոխյարաբերութիւնները քրիստոնէական համայնքների հետ»), Մաշտոցի անուան Մատենադարանի գիտքարտուղար պ.գ.թ. Վահան Տէր-Ղեւոնդեանը («Իբն Լեւոն արքայատոհմը կամ Կիլիկիայի Լեւոնեանները») եւ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտից պ.գ.թ. Գագիկ Դանիէլեանը («Հռոմկլայի հայրապետական աթոռի պատմութեան արաբական սկզբնաղբիւրները»):
Նոյն օրը գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարաններ, ուր մասնաւորապէս ծանօթացան «Ալէք եւ Մարի Մանուկեան» Գանձատանը ցուցադրուող 13-րդ դարի կիլիկեան արտախուրակներին:
Մայիսի 29-ի նիստերը նախագահեցին պ.գ.թ. Վահան Տէր-Ղեւոնդեանը, դոկտոր, պրոֆէսոր Կլոդ Մութաֆեանը եւ պ.գ.դ. Ազատ Բոզոյեանը:
Գիտաժողովի վերջին օրը զեկոյցներով հանդէս եկան ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտից պ.գ.թ., դոցենտ Էդուարդ Դանիէլեանը («Արցախի նշանակութիւնը Կիլիկիայի Հայկական թագաւորութեան Արեւելեան քաղաքականութեան մէջ ԺԳ. դարի 40-ական թթ.»), Մոսկուայից Սամուէլ Գրիգորեանը («Լեւոնկլայ Ա եւ Լեւոնկլայ Բ Կիլիկեան Հայաստանի ամրոցները»), Մայր Աթոռի Հրատարակչական եւ Պաշտօնական մամուլի բաժինների տնօրէն Տ. Շահէ վարդապետ Անանեանը («Հայ-լատին եկեղեցական յարաբերութիւնները Վարդան Արեւելցու նորայայտ երկի լոյսի ներքոյ»), ԵՊՀ Հայ արուեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնից արուեստագիտութեան թեկնածու, դոցենտ Սեյրանուշ Մանուկեանը («Ռումինահայերի` Մատենադարանին նուիրած № 9510 Աւետարանը»), ԵՊՀ Հայ արուեստի պատմութեան եւ տեսութեան ամբիոնից արուեստագիտութեան թեկնածու Սաթենիկ Չուգասզեանը («Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանի թիւ 9422 Աւետարանի մանրանկարների արուեստը»), ՀՊՄՀ-ից Լիանա Աղաբեկեանը («Աշխարհիկ եւ հոգեւոր նուիրապետութիւնների փոխյարաբերութիւնները Կիլիկեան Հայաստանում հայոց թագաւորութեան վերականգնման խնդրի շուրջ») եւ Մայր Աթոռի մատենադարանի տնօրէն Արժանապատիւ Տ. Արարատ քահանայ Պողոսեանը («Հայրապետական Աթոռը Սսից Վաղարշապատ տեղափոխելու եւ նոր կաթողիկոս ընտրելու իրաւական հիմքերն ըստ «Ազգապատում» եւ «Պատմութիւն Կաթողիկոսաց Կիլիկիոյ» աշխատութիւնների»):