ԱՎԱԵՄ-ի պատուիրակութիւնը 2011թ.-ի գարնանը կայցելի Հայաստան<br />


ԱՎԱԵՄ-ի պատուիրակութիւնը 2011թ.-ի գարնանը կայցելի Հայաստան

  • 17-12-2010 14:58:00   |   |  Քաղաքական
ՏՐԻԵՍՏ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբէն Կարապետեանը Տրիեստ քաղաքում հանդիպում է ունեցել Արտաքսուած եւ վտարանդի անձանց Եւրոպական միութեան (ԱՎԱԵՄ) գլխաւոր քարտուղար Մասսիմիլիանո Լակոտայի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարուել Հայաստանի եւ ԱՎԱԵՄ-ի միջեւ համագործակցութեան զարգացման անհրաժեշտութեանը, ինչը հնարաւորութիւն կընձեռի նախաձեռնել մի շարք համատեղ ծրագրեր, որոնք միտուած կլինեն ծանօթացնելու Եւրոպական երկրների հասարակութեան լայն շերտերին Օսմանեան կայսրութիւնից բռնի կերպով տեղահանված Հայ ժողովրդի պատմական եւ մշակոյթային ժառանգութեանը` որպէս Եւրոպական արժեհամակարգի անբաժան մասի` ապահովելով դրա պահպանութիւնն ու պաշտպանութիւնը Հայ ժողովրդի ծագման տարածքներում: Ռ.Կարապետեանը կարեւորել է, որպէսզի մշակվելիք ծրագրերում ընդգրկվեն նաեւ Ադրբեջանից եւ Լեռնային Ղարաբաղից էթնիկ զտումների միջոցով տեղահանված հարիւր հազարաւոր հայերի իրաւունքների պաշտպանութեան ու վերականգնման հետ կապուած առկայ խնդիրները: Այդպիսի ծրագրերը, դեսպանի համոզմամբ, թոյլ կտան ներկայացնել եւրոպական հասարակութեանը տարածաշրջանում արտաքսուած եւ վտարանդի անձանց հետ կապուած իրական պատկերը` դրանով իսկ կանխարգելելով Ադրբեջանի քարօզչութեան հետեւանքով այդ հարցում միակողմանի կարծիքի ձեւաւորման հնարաւորութիւնը: Հանդիպման արդիւնքում պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել յիշեալ ծրագրերի մշակումն ու իրագործումը խթանելու նպատակով 2011թ.-ի գարնանը կազմակերպել ԱՎԱԵՄ-ի պատուիրակութեան այցը Հայաստան, որի ընթացքում կողմերի միջեւ կստորագրուի համագործակցութեան վերաբերեալ համապատասխան փաստաթուղթ: Կողմերը նաեւ պայմանաւորուել են 2011թ.-ի ամռանը Տրիեստում անցկացնել «Հայաստանի օր», որի շրջանակներում տեղի կունենայ Հայոց Ցեղասպանութեան յիշատակին նուիրուած միջազգային գիտաժողով Իտալիայի բարձրաստիճան պաշտօնեաների, եւրոպական մի շարք երկրների դիւանագիտական առաքելութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ:
  -   Քաղաքական