Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսուեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտէի հնգօրեայ նիստը
09-06-2015 11:38:56 | | Հասարակութիւն
Յունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, մեկնարկեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտէի հերթական նիստը: ԵՀԽ Գործադիր կոմիտէի հնգօրեայ ժողովն այս տարի որոշուել է անցկացնել Հայաստանում` Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի, ինչպէս նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` ԵՀԽ-ում համանախագահութեան առիթով:
Նիստը բացուեց միասնական աղօթքով: Ընթեցուեց Ս. Գրիգոր Նարեկացու աղօթամատեանից մէկ հատուած, ապա նիստի մասնակիցները լռութեան րոպէով յարգեցին Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը:
Բացման խօսքով հանդէս եկան ԵՀԽ Կենտրոնական կոմիտէի մոդերատորներ դոկտ. Ագնէս Աբումը եւ Սասիմայի միտրոպոլիտ պրոֆ. Գեննադիոսը:
Այնուհետեւ ժողովականներին իր օրհնութիւնն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գոհունակութեամբ ողջունելով ԵՀԽ Գործադիր կոմիտէի հանդիպման շրջանակներում Քրիստոնէական Եկեղեցիների շուրջ քառասուն ներկայացուցիչների ներկայութիւնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նորին Սրբութիւնը նշեց. «Մեր ժողովրդի եւ մեր երկրի կեանքում 2015 թուականը նուիրական է Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհրդով: Այս առիթով Հայաստան այցելեցին կրօնական, պետական ու միջազգային բազմաթիւ պատուիրակութիւններ, այդ թւում եւ՝ հոգեւոր առաջնորդներ: Մենք խոր մխիթարութիւն ապրեցինք, երբ Մեր հոգեւոր եղբայրները, բարեսէր անհատներ իրենց զօրակցութիւնը բերեցին մեր ժողովրդին՝ յարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանութեան 1.5 միլիոն նահատակների յիշատակին եւ արտայայտելով իրենց նուիրուածութիւնը առանց բռնութիւնների աշխարհ կերտելու տէրունապատուէր առաքելութեանը: Հայոց Ցեղասպանութեան յիշատակի հանդէպ նման վերաբերմունքը Մենք ընդունում ենք նաեւ որպէս ջանք եւ վճռականութիւն՝ պայքարելու մարդկութեան դէմ գործուած ու գործուող ոճիրների, որոնցից շատեր մեր օրերում շարունակում են ուղեկցուել կրօնի եւ Աստծոյ անուան շահարկմամբ՝ որպէս կրօնական ֆունդամենտալիզմի դրսեւորումներ: Այս պահին, երբ մենք այստեղ համախմբուել ենք` խթանելու էկումենիկ յարաբերութիւնները, քննարկելու Եկեղեցիների միասնական պատասխանները աճող անհաւասարութեան, աղքատութեան, պատերազմների վտանգի, կլիմայի փոփոխութեան եւ դրանց հետեւանքների մասին, շատ քրիստոնեաներ, յատկապէս Մերձաւոր Արեւելքում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում եւ աշխարհի այլ մասերում կեանքով են վճարում իրենց հաւատքի համար: Յիշեալ հարցերը կենտրոնական տեղ ունեն մեր առաքելութեան մէջ: Տասնամեակներ առաջ ստեղծուած Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը վաղուց ի վեր շահեկան դերակատարում է ստանձնել՝ նպաստելու աշխարհում մշտամնայ խաղաղութեան ու արդարութեան հաստատման, ոճրագործութիւների կանխարգելման, ժողովրդավար ու իրաւահաւասար հասարակութեան կերտման գործին: Կառոյց, որն իր ստեղծման առաջին իսկ օրերից ստանձնել է չափազանց պատասխանատու ու վեհ առաքելութիւն, որի հիմքում ընկած են քրիստոնէական սէրն ու համամարդկային արժէքները»:
Վեհափառ Հայրապետն իր երախտագիտութիւնը յայտնեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին եւ նրա Գլխաւոր քարտուղար դոկտ. Օլաւ Թուայթին՝ հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն մշտապէս ցուցաբերուող բազմակողմանի աջակցութեան համար, որ դրսեւորուել է նաեւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ գործադրուած ջանքերում: «Գոհունակութեամբ պիտի նշենք, որ 100-ամեակի միջոցառումներին մեր աղօթքներին միացան բազմաթիւ հոգեւոր առաջնորդներ ու էկումենիկ կառոյցների ղեկավարներ: Ի թիւս բազմաթիւ օտարերկրեայ հիւրերի ներկայ էին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի, Եւրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի, Մերձաւոր Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի, Ամերիկայի Եկեղեցիների Ազգային Խորհրդի գլխաւոր քարտուղարները: Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումների շրջանակում կարեւոր նշանակութիւն ունի նաեւ առաջիկայում Ժնեւում կայանալիք էկումենիկ գիտաժողովը՝ ԵՀԽ բարձր հովանու ներքոյ», - ասաց Գարեգին Բ Կաթողիկոսը:
Իր խօսքում Վեհափառ Հայրապետն առանձնացրեց քրիստոնեաների կեանքում յաճախ տեղ գտնող տարաձայնութիւնները, կարեւորեց մարդկութեանը յուզող հիմնախնդիրների վերաբերեալ Քրիստոնէական աշխարհի միասնական դիրքորոշումը եւ դրանում էկումենիկ համագործակցութեան անհրաժեշտութիւնը: «Սիրելիներ, Դուք Հայաստան էք ժամանել աշխարհի տարբեր երկրներից եւ ներկայացնում էք Քրիստոսի Եկեղեցու տարբեր ճիւղերը: Ձեզ բարի գալուստ ենք մաղթում մի երկրում, որն ունի հազարամեակների պատմութիւն, հինաւուրց կրօն ու հարուստ մշակոյթ: Այստեղ ապրում է հիւրընկալ մի ժողովուրդ, ով մեծապէս կարեւորում է համերաշխութիւնն ու համագործակցութիւնը կրօնների ու քաղաքակրթութիւնների միջեւ: Մեր Տէր Յիսուս Քրիստոս ասում է. «Թող բոլորը մէկ լինեն, … որ աշխարհը հաւատա» (Յովհ. ԺԷ 21): Քրիստոս է Եկեղեցու գլուխը, իսկ մենք, լինելով Նրա հիմնադրած Եկեղեցու մարմնի անդամները, ամենայն պարտաւորուածութեամբ ու սրբութեամբ պիտի պատասխանատու լինենք ոչ միայն ինքներս մեր առջեւ, այլեւ մեր եղբայրների, որպէսզի կատարած լինենք մեր Տիրոջ պատգամը՝ սիրել միմեանց այնպէս, ինչպէս Նա մեզ սիրեց:
Ցաւօք, քրիստոնեաների կեանքում երբեմն տեղ գտնող տարաձայնութիւնները, անհաշտ մրցակցութեան դրսեւորումները ստուերում ու խոչընդոտում են այն տեսլականը, որի համար Եկեղեցին աղօթում է եւ որին ձգտում է էկումենիկ համագործակցութեան եւ երկխօսութեան միջոցով: Այս նպատակով է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը յոյսով ու լաւատեսութեամբ է հետեւում Եկեղեցիների միջեւ յարաբերութիւնների զարգացմանը՝ աւելի զարկ տալու համար համատեղ կրթական եւ սոցիալական ծրագրերին, հիմնախնդիրների վերաբերեալ մեր միասնական դիրքորոշման արտայայտմանը: Կամօքն Աստուծոյ էկումենիկ երկխօսութեան ու գործակցութեան փորձառութիւնը նոր հեռանկար է ստեղծել ամէնքիս համար, երբ Քրիստոսի Եկեղեցու տարբեր անդամներ կարողանում են ըմբռնումով մօտենալ միմեանց տարբերութիւններին եւ կենտրոնանալ ընդհանրութիւնների վրայ», - նշեց Նորին Սրբութիւնը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերստին ողջունելով ԵՀԽ Գործադիր կոմիտէի ժողովի գումարումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, մաղթեց, որ Բարին Աստուած արդիւնաւոր աշխատանք պարգեւի Գործադիր վարչութեան ժողովին՝ ի նպաստ Եկեղեցիների միջեւ եղբայրական յարաբերութիւնների զօրացման եւ աշխարհը յուզող համապարփակ խնդիրների յաղթահարման:
Այնուհետեւ, ժողովի օրակարգի հաստատումից յետոյ, նիստի մասնակիցներին ԵՀԽ գործունէութեան հաշուետու տարեկան զեկոյցը ներկայացրեց ԵՀԽ Գլխաւոր քարտուղար դոկտ. Օլաւ Թուայթը:
Առաջիկայ օրերին ժողովականները կը քննարկեն էկումենիկ յարաբերութիւնները խթանող հարցեր, կ'անդրադառնան աղքատութեան, պատերազմների, կլիմայի փոփոխութեան եւ, յատկապէս, Մերձաւոր Արեւելքում հաւատքի համար իրենց կեանքով վճարող քրիստոնեաների հիմնախնդիրներին, կը փորձեն գտնել Եկեղեցիների միասնական պատասխաններ մարդկութեան առջեւ ծառացած մարտահրաւէրներին:
Ժողովի բացման արարողութեանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, ԵՀԽ Կենտրոնական կոմիտէի ֆինանսական յանձնախմբի մոդերատոր Գերաշնորհ Տ. Վիգէն արքեպիսկոպոս Այքազեանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների պատասխանատու Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը, Մայր Աթոռի Վարչայ-տնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը եւ Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի փոխտնօրէն Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղայ Համբարձումեանը: