Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին
18-06-2015 15:35:02 | | Հասարակութիւն
Յունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Ճապոնիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Էյձի Տագուչիին:
Նորին Սրբութիւնը, նշանակման առիթով շնորհաւորելով պրն. Էյձի Տագուչիին, յոյս յայտնեց, որ նոր դեսպանի գործունէութեան շնորհիւ հայ-ճապոնական յարաբերութիւններն էլ աւելի կը ջերմանան, երկու բարեկամ ժողովուրդների համար կը բացուեն համագործակցութեան նորանոր հեռանկարներ: Վեհափառ Հայրապետը նաեւ գնահատանքով անդրադարձաւ Ճապոնիայի կառավարութեան կողմից Հայաստանին եւ հայ ժողովրդին ցուցաբերուող աջակցութեանը:
Իր հերթին Ճապոնիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Էյձի Տագուչին նշեց, որ մեծ ուրախութեամբ է ստանձնել Հայաստանում Ճապոնիայի դեսպանի պարտականութիւնները, քանի որ տեղեակ է հայ ժողովրդի պատմութեանն ու մշակութային հարուստ կեանքին եւ խորին յարգանք է տածում հայութեան հանդէպ: Դեսպանը նաեւ տեղեկացրեց, որ գործունէութեան ընթացքում մեծ ուշադրութիւն է դարձնելու երկու ժողովուրդների միջմշակութային կապերի ամրապնդմանը:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը: