Քըրք Քըրքորեանի յիշատակի ոգեկոչման արարողութիւն եւ հոգեհանգիստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Քըրք Քըրքորեանի յիշատակի ոգեկոչման արարողութիւն եւ հոգեհանգիստ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

  • 24-06-2015 16:12:08   | ԱՄՆ  |  Հասարակութիւն

 
Յունիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի, տեղի ունեցաւ ՀՀ ազգային հերոս, մեծանուն բարերար Քըրք Քըրքորեանի յիշատակի ոգեկոչման արարողութիւնը: 
 
Արարողութեանը ներկայ էին նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակեանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամեանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ եւ միաբաններ, ՀՀ Կառավարութեան անդամներ, ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը, ՀՀ բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ներկայացուցիչներ եւ բարերար հայորդիներ: 
Յիշատակի արարողութեանը խօսքով հանդէս եկան Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀՀ նախագահը:
Այնուհետեւ Մայր Տաճարում, նախագահութեամբ Գարեգին Բ Հայրապետի, կատարուեց հոգեհանգստեան արարողութիւն` նորոգ հանգուցեալ Քըրք Քըրքորեանի հոգու խաղաղութեան համար:
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՕՍՔԸ
ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ
 
Մեծարգոյ Նախագահ,
Սիրելի հոգեւոր հայրեր,
Յարգարժան փոխդեսպան Ամերիկայի Միացեալ Նահանգների,
Սիրելի ներկանէր,
Այսօր համախմբուել ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մեր յարգանքի տուրքը մատուցելու մեր ժողովրդի արժանաւոր զաւակ, ազգային բարերար Տիար Քըրք Քըրքորեանի յիշատակին:
Աղօթքով ենք յիշում մեծանուն հայորդուն, ով իր կեանքի տարիները արդիւնազարդեց իր համար երկրորդ հայրենիք դարձած Ամերիկայի Միացեալ Նահանգների հասարակական կեանքին բերած նպաստով եւ տնտեսական ոլորտում արձանագրած յաջողութիւններով, ինչպէս եւ Մայր Հայրենիքին ու հարազատ ժողովրդին մատուցած մեծարժէք ծառայութիւններով:
Բարեյիշատակ Քըրք Քըրքորեանը ազգային ոգու, հայեցի դաստիարակութեան սնունդը նախ եւ առաջ ստացաւ Խարբերդից գաղթած եւ Ամերիկայում հաստատուած իր ընտանիքում: Բազում դժուարութիւններ յաղթահարելով` նա գործարարութեան բնագաւառում իր ջանասէր ու անդուլ աշխատանքի շնորհիւ Աստծոյ օրհնութեամբ կարողացաւ հասնել մեծ արդիւնքների:
Ազգասէր ու հայրենասէր հայորդին նաեւ օրհնուած էր Աստծուց բարեգործութեան շնորհով: Բարեգործութեամբ է մեծապէս արժեւորւում հարստութիւնը, երբ գործածւում է մարդասիրութեան, միմեանց սատարումի եւ համընդհանուր բարիքի նպատակներով: Աստուածաշնչեան իմաստունը այսպիսի ծառայանուիրումի, նեղութիւններն ու մարտահրաւէրները դիմագրաւելուն ու յաղթահարելուն ուղղուած նախանձախնդիր յանձնառութիւնների մասին է խօսում` ասելով. «Լիութեան ժամանակ յիշիր աղքատութեան ժամանակը եւ հարստութեան օրերին` աղքատութիւնն ու նեղութիւնը» (Սիրաք 18.25): Հոգելոյս Քըրք Քըրքորեանը իր բարերարութիւնները կատարում էր որպէս կեանքի դառնութիւններն ու դժուարութիւնները դիմագրաւած մարդ, ով գիտէր կարիքի ու նեղութան մէջ զօրակցութեան կարեւորութիւնը: Նա կեանքի իր ուղին սկսել էր նիւթկան մեծ դժուարութիւններով, երիտասարդ տարիքում մուտք գործել մարզական ասպարէզ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել որպէս օդաչու: Նեղութեան, թէ լիութեան մէջ նա միշտ ջերմ զգացումով է կրել իր սրտում հայրենեաց սէրը, ազգին ու հայրենի երկրին օգտակար լինելու աստուածահաճոյ նախանձախնդրութիւնը: Հոգելոյս Քըրք Քըրքորեանը սրտաբուխ բարերարութիւններով իր աւանդն է բերել Սփիւռքի մեր գաղթօջախների բարգաւաճմանը: Նա օգնութեան ձեռք մեկնեց երկրաշարժի աղէտից տուժած մեր ժողովրդի զաւակներին, այնուհետ հայոց անկախ պետականութեան վերահաստատումով խանդավառուած` սատար եղաւ Հայաստանի եւ Արցախի առաջընթացին, ներդրում բերեց մեր Հայրենիքի զարգացման ծրագրերին: Լուսահոգի բարերարը աւանդ է բերել նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառութեանը: Հայրենիքին ու ժողովրդին մատուցած գովարժան ծառայութիւնների համար բարեյիշատակ Քըրք Քըրքորեանը արդարօրէն արժանցել է Հայաստանի ազգային հերոսի բարձրագոյն կոչմանը:
Բարեգործութեան պտուղներով լուսահոգի Քըրք Քըրքորեանը զարդարեց երկրաւոր իր կեանքը եւ ծառայասէր իր ոգով, իր համեստ նկարագրով մեր ժողովրդի մէջ թողեց բարի անուն ու յիշատակ: Մեր Տէր Յիսուս Քրիստոսի խօսքի համաձայն` այսպիսի ընթացքով է նաեւ մարդը արժանի դառնում յաւիտենական հարկերի տակ ընդունելի լինելու (Ղուկ. 16.9):
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նուիրական կամարների ներքոյ աղօթք ենք վերառաքելու առ Բարձրեալն Աստուած, որ Իր ամենառատ գթութեամբ երկնքի լուսեղէն օթեւաններում յանգչեցնի նորոգ հանգուցեալ Քըրք Քըրքորեանի հոգին եւ պարգեւի երանութիւն ու խաղաղութիւն յաւիտենութեան մէջ Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքոյ: Այլեւ հայցում ենք, որ Տէրը Սուրբ Հոգու մխիթարութեան շնորհներով սփոփի Քըրքորեան ընտանիքի անդամներին եւ բոլոր վշտացեալներին: Աղօթում ենք նաեւ մեր Հայրենիքի խաղաղ, ապահով ու անվրդով կեանքի համար, որի նկատմամբ սիրով ապրեց եւ գործեց հոգելոյս Քըրք Քըրքորեանը:
Տիրոջ բարի եւ հաւատարիմ ծառայ, սիրելի Քըրք Քըրքորեան, «մո՛ւտ յուրախութիւն Տեառն քոյ» (հմմտ. Մատթ. 25.21):  
Խունկ, աղօթք եւ օրհնութիւն լուսահոգի Քըրք Քըրքորեանի բարի յիշատակին:
 
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻ ԽՕՍՔԸ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ
 
Վեհափա՛ռ Տէր,
Յարգելի՛ հոգեւոր հայրեր,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Այսօր մենք հաւաքուել ենք այստեղ խնկարկելու Հայաստանի ազգային հերոս եւ մեծ բարերար Քըրք Քրքորեանի յիշատակը, ով կեանքից հեռացաւ մէկ շաբաթ առաջ:
Քըրք Քրքորեանը վախճանուեց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի տարում, երբ աշխարհով մէկ սփռուած ողջ հայ ժողովուրդը ոգեկոչում էր այդ ոճրին զոհ գնացած մեր անմեղ նահատակների յիշատակը: Յայտնի է, որ պատմութիւնը «եթէ»-ներ չի ընդունում: Բայց գուցէ Քըրք Քրքորեանը իսկապէ՞ս կարող էր դառնալ մէկ այլ՝ ուրիշ Հայաստանի գործարար, կեանքն առաջ մղող մէկը, կամ Հայաստանի բռնցքամարտի չեմպիոն, կամ, ասենք, հայկական օդուժի հերոս օդաչու: Կամ էլ լինէր սովորական կեանքով ապրող, արժանապատուօրէն իր ընտանիքի հացը վաստակող աշխատաւոր այդ մէկ այլ՝ ուրի՛շ Հայաստանում:
Այս հարցադրման պատասխանը մեզ այսօր ոչ ոք չի կարող տալ: Սակայն Քըրք Քրքորեանը սփիւռքում ոչ իրենց կամքով ապրող հայ ժողովրդի բազմաթիւ դուստրերի եւ որդիների պէս ցոյց է տալիս այն Հայաստանը, որը կարող էր լինել: Նա մարմնաւորում է այն Հայաստանը, որը մեզնից գողացան՝ նպատակ դնելով իսպառ ջնջել հայի անունը աշխարհի երեսից:
Քըրք Քրքորեանի յիշատակը ոգեկոչելով՝ արժանին պէտք է մատուցենք նաեւ Ամերիկային ու նրա ժողովրդին: Հէնց այնտեղ էր, որ բացայայտուեց գործարարի նրա տաղանդը, եւ հնարաւորութիւն ստեղծուեց, որ նա ծաւալի իր բազմաբնոյթ գործունէութիւնը: Եւ նրա օրինակը եզակի չէ. հարիւր հազարաւոր հայերի համար Ամերիկայի Միացեալ Նահանգները դարձաւ նոր հայրենիք, որը նրանց տուեց Հայոց ցեղասպանութիւնը վերապրելու եւ կեանքը նորովի ստեղծելու հնարաւորութիւն:
Նա ինը տարեկանից հաց էր վաստակում, որ կարողանար օգնել ծնողներին: Նա բռնցքամարտիկ էր եւ օդաչու, մեքենաշինական եւ զուարճանքի արդիւնաբերութիւնների մեծ դերակատար: Նա երբեք չմոռացաւ իր հայկական արմատները, ինչը հեշտութեամբ կարող էր անել ներգաղթեալների այդ միջավայրում:
1988 թուականի աւերիչ երկրաշարժից ի վեր Քրքորեանը կանգնեց օգնութեան կարիք զգացող Հայաստան երկրի կողքին՝ սատարելով իր քոյրերին ու եղբայրներին: Նա այնքան համեստ էր, որ երբեք թոյլ չտուեց, որ իր անունով որեւէ անուանակոչութիւն անել Հայաստանում կամ մէկ այլ վայրում: Ամէնուր, որտեղ նրա հովանաւորութեամբ իրականացուել են բարեգործական ծրագրեր, այդպիսի առաջարկներ հնչել են, սակայն Քըրք Քրքորեանն անդրդուելի էր իր այդ սկզբունքային դիրքորոշման մէջ:
Մարդն ապրում է այնքան ժամանակ, որքան ժամանակ յիշում եւ խօսում են նրա մասին: Մենք մեր հերոսին՝ Քըրք Քրքորեանին, չենք մոռանալու: Մենք յիշելու ենք, որ նրա շնորհիւ Հայաստանում կառուցուեցին ու նորոգուեցին բազմաթիւ ճանապարհներ, ենթակառուցուածքներ, մշակութային օջախներ, եւ նոր զարկ տրուեց Հայաստանի տնտեսութեանը:
Մենք երախտապարտ ենք ամերիկահայ մեր մեծ հայրենակցին Հայաստանի կեանքում իր ունեցած լուրջ աւանդի համար եւ մենք երբեք դա չենք մոռանայ: Քըրք Քըրքորեանի յիշատակը միշտ վառ կը մնայ մայր Հայաստանում:
Այն վառ է լինելու, որպէսզի կրկին ու կրկին իրականութիւն դառնայ մէկ այլ մեծ ամերիկահայի խօսքը. «Կործանեցէ՛ք Հայաստանը, տեսէ՛ք` կը կարողանա՞ք: Իրենց տներից քշեցէ՛ք անապատ, մի՛ մոռացէք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տուէք իրենց եւ իրենց Աստծու տները: Տեսէ՛ք` նրանք դարձեալ պիտի չապրե՞ն: Տեսէ՛ք` ցեղը դարձեալ չպիտի յառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի յետոյ հանդիպէն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզուով»։
Անցած հարիւր տարում հայն ու հայը հանդիպեցին եւ սկսեցին կերտել նոր Հայաստանը:
Հանդիպեցին Քըրք Քրքորեանը եւ նոր Հայաստանը. խօսեցին իրար հետ եւ ծաղրեցին դահիճների ստոր գաղափարները:
Բոլորիս անունից շնորհակալութիւն եմ յայտնում քեզ՝ Քըրք Քրքորեան: Յանգչի՛ր խաղաղութեամբ:
 
 
  -   Հասարակութիւն