Երեւանում անցկացուեց«Մարդու իրաւունքների ԷԴ վճիռների դերն ու նշանակութիւնը ՀՀ իրաւական համակարգում» թեմայով իրաւաբան ուսանողների հանրապետական գիտաժողով
Երեւանում անցկացուեց«Մարդու իրաւունքների ԷԴ վճիռների դերն ու նշանակութիւնը ՀՀ իրաւական համակարգում» թեմայով իրաւաբան ուսանողների հանրապետական գիտաժողով
11-12-2010 21:35:06 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՒԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցաւ «Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակութիւնը ՀՀ իրաւական համակարգում» թեմայով իրաւաբան ուսանողների հանրապետական գիտաժողովի եզրափակիչ փուլը: Հայաստանի երիտասարդ իրաւաբանների ասոցիացիայի եւ Հոլանդական Ստրիչտինգ Օքսֆամ Նովիբ հիմնադրամի կազմակերպած գիտաժողովը նուիրուած էր «Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան մասին» եւրոպական կոնուենցիայի ընդունման 60 ամեակին:
Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրաւոր եւ բանաւոր: Գիտաժողովին մասնակցելու յայտ էին ներկայացրել 14 ուսանողներ՝ Երեւանից եւ ՀՀ մարզերի իրաւաբանական բուհերից եւ բուհերի իրաւաբանական ֆակուլտետներից: Գրաւոր փուլին մասնակցեցին սահմանուած ժամկէտներում կազմակերպիչներին իրենց զեկոյցները ներկայացրած 8 իրաւաբան ուսանողներ: Ներկայացուած հինգ լաւագոյն աշխատանքների հեղինակներն իրաւունք ստացան մասնակցելու բանաւոր փուլին: Նրանք զեկոյցներում անդրադարձել էին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի նախադէպային իրաւունքին, ընդդէմ Հայաստանի Հանրապետութեան կայացրած Միեդ-ի վճիռներին եւ դրանց կատարման գործընթացին:
Գիտաժողովի բանաւոր փուլի յաղթող եւ լաւագոյն հռետոր ճանաչուեց Եւրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշանիկ Թադեւոսեանը եւ արժանացաւ գիտաժողովի երրորդ մրցանակին: «Լաւագոյն գրաւոր զեկոյց» մրցանակին արժանացաւ Երեւանի պետական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Յարութիւնեանը եւ արժանացաւ գիտաժողովի երկրորդ մրցանակին: Իսկ գիտաժողովի յաղթող ճանաչուեց ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Գէորգ Յակոբեանը:
Ըստ Հայաստանի երիտասարդ իրաւաբանների ասոցիացիայի տարածած հաղորդագրութեան, գիտաժողովի յաղթողները ստացան արժէքաւոր մրցանակներ եւ համապատասխան հաւաստագրեր: Գրաւոր փուլի միւս մասնակիցները եւս արժանացան մասնակցութեան հաւաստագրերի եւ մրցանակների: