Բացուել է Տիգրան Մեծի 2150-ամեակին նուիրուած մանկական նկարների ցուցահանդէս
08-12-2010 20:40:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը դեկտեմբերի 8-ին ներկայ է գտնուել Գեղագիտութեան ազգային կենտրոնում բացուած Տիգրան Մեծի ծննդեան 2150-ամեակին նուիրուած մանկական նկարների ցուցահանդէսի բացմանը: Ցուցահանդեսին ներկայ էին նաեւ Արարատեան հայրապետական թեմի առաջնորդանիստ փոխանորդ Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը, «Աշխարհի հայ նկարիչների միաւորման» նախագահ Ղազար Միրզոեանը, «արմէնտել» ընկերութեան գլխաւոր տնօրէն Իգոր Կլիմկոն:
Շնորհաւորելով ներկաներին եւ, մասնաւորապէս, երեխաներին ցուցահանդէսի բացման կապակցութեամբ, վարչապետն ընդգծեց, որ Տիգրան Մեծի յոբելեանը մեր ժողովրդի համար առանձնայատուկ խորհուրդ ունի: «Հայ ժողովրդի պատմութեան մէջ մեծ է այդ խորհրդի բովանդակութիւնը, եւ դա կայանում է նրանում, որ շնորհիւ Տիգրան Մեծի մենք պահել ենք անկախ պետականութեան երազանքը, եւ շնորհիւ նրա է, որ այսօր այդ երազանքն ի կատար ենք ածում: Այս տեսակետից մեր պատմութեան մէջ ամենագլխաւոր դերակատարությունն ունեցող ակնառու երեւույթն է Տիգրան Մեծը, եւ մենք պարտաւոր ենք ըստ արժանւոյն գնահատել նրա դերակատարութիւնը»,- նշեց վարչապետը: Նրա խօսքով, հայկական ինքնութեան կերտման գործում ապագայի տեսլականի ձեւաւորման առումով Տիգրան Մեծի դերակատարութիւնը չափազանց մեծ է. «Մենք նպատակ ունենք կարեւորել այդ հանգամանքն այս միջոցառումներով, եւ վստահ եմ, որ մեր արուեստագէտները, պատմաբաններն անդրադառնալու են Տիգրան Մեծի թեմային»: Նա նշեց, որ Հայաստանի անկախութեան տարիները հնարաւորութիւն են տալու վերաիմաստավորել Տիգրան Մեծի արժէքը եւ նշանակութիւնը պատմութեան մէջ:
Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, այնուհետեւ Տ.Սարգսեան ծանօթացաւ ցուցահանդէսում ներկայացուած շուրջ 100 աշխատանքներին: Մանկական ցուցահանդէսը բաց կլինի մէկ ամիս: