Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատուիրակութիւնը մասնակցեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու նորընտիր պատրիարքի գահակալութեանը


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատուիրակութիւնը մասնակցեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու նորընտիր պատրիարքի գահակալութեանը

  • 10-08-2015 13:32:31   |   |  Հասարակութիւն

Օգոստոսի 9-ին, Զմմառի Ս. Տիրամօր վանքում, տեղի ունեցաւ Հայ Կաթողիկէ Եկեղեցու նորընտիր Պատրիարք Ամենապատիւ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյեանի գահակալութեան արարողութիւնը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ մասնակցում էին Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը եւ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդեանը: 
 
Ս. Պատարագի վերջում Նաթան Սրբազանը նորընտիր Պատրիարքին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջոյններն ու բարեմաղթանքները, ինչպէս նաեւ Նորին Սրբութեան շնորհաւորական խօսքն ընտրութեան առիթով:
«Առ Աստուած աղօթքով եւ գոհունակութեամբ համայն հայութեան սրբազնասուրբ կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ուրախութիւնն ու զօրակցութիւնն ենք յայտնում Ձեզ` Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Պատրիարք ընտրուելու առիթով: Ձեր բարի եւ նուիրական ծառայութեամբ Դուք մշտապէս եղել էք Տիրոջ խօսքի սպասաւորն ու անխոնջ հովիւը` թէ՛ իբրեւ ուսուցիչ, թէ՛ իբրեւ հովիւ եւ թէ՛ իբրեւ բարեխնամ առաջնորդ Ֆրանսիայի կաթողիկէ հայոց համայնքի: Միածնաէջ Սուրբ Խորանի առաջ Մեր մաղթանքն է, որը Տէրը պահի ու պահպանի Ձեզ եւ Ձեր հաւատացելոց հոտը: Մեր օրհնութիւնն ու շնորհաւորանքներն ենք բերում նաեւ Հայ կաթողիկէ համայնքի ողջ հոգեւորականաց դասին ու հաւատացելոց, ովքեր Սուրբ Հոգու շնորհով Ձեզ վստահեցին Կաթողիկէ հայոց առաջնորդութիւնը»,- ասւում է Վեհափառ Հայրապետի շնորհաւորական ուղերձում:   
 
 
 
  -   Հասարակութիւն